[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԼՈՒՐՋ ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ՚

Ամեն տարի, երբ անց է կացվում մանկապատանեկան երգչախմբերի ՙԵրգող Հայաստան՚ հանրապետական մրցույթը, Արցախն իր մասնակցությունն է բերում այդ  համահայկական տոնակատարությանը: Այս տարին էլ բացառություն չէր:
Անցած շաբաթ Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոնում անց է կացվել մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 6-րդ մրցույթի առաջին` ընտրական փուլը, որին մասնակցել են չորս՝  Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի, Հադրութի երաժշտական դպրոցի, Տողի արվեստի դպրոցի և Ասկերանի երաժշտական դպրոցի խմբերը:
Ավանդույթի համաձայն, մրցույթի հանձնաժողովն ինքն է կազմակերպում առաջին՝ ընտրական փուլը տեղերում` շրջելով Հայաստանի մարզերը, Արցախն ու Ջավախքը։
Արցախի խմբերի երույթների հաջողվածությունը պայմանավորված էր յուրաքանչյուրի պատրաստվածության աստիճանով: Հանձնախմբի անդամների կարծիքով, բոլոր խմբերն էլ լավ տպավորություն թողեցին, թեկուզ  ամեն խմբի ելույթն ուներ իր թերությունները:
Երևանի կոնսերվատորիայի խմբավարային ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ՙԵրգող Հայաստան՚ մրցույթի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Միրզոյանը խոստովանում է, որ միշտ սիրով է գալիս Արցախ, մեծ հաճույքով լսում երեխաներին: Արցախի երեխաները նրան զարմացրել են իրենց կարգապահությամբ, կատարողական մակարդակով: Եղել են տարիներ, վերհիշում է Հ. Միրզոյանը, որ Արցախից ավելի շատ երգչախմբեր են մասնակցել մրցույթին: ՙՉէի ասի,- նշեց  պրոֆեսորը,- թե այս անգամ խմբերը թեկուզ քիչ էին, բայց ավելի որակով երգեցողություն ցուցադրեցին: Չեմ ուզում որևիցե խումբ առանձնացնել, որովհետև օբյեկտիվորեն շատ տարբեր պայմաններում են աշխատում՚: Սակայն բոլորին, բավականությամբ նկատեց նա, միավորում են կարգապահությունը, սերը, անմիջականությունը: Օրվա ելույթներից լավագույնները, ասաց հանձնաժողովի նախագահը, հնարավոր է անգամ արժանանան մրցանակային տեղերի, եթե, իհարկե, կարողանան այս կարճ ժամանակահատվածում (մինչև 2-րդ փուլը) շտկել մատնանշած թերությունները:
ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ Արմինե Ղազարյանի տեղեկատվությամբ, ՙԵրգող Հայաստան՚ մանկապատենական երգչախմբերի մրցույթը տարեցտարի ընդլայնվում է թե՜ երգչախմբերի քանակի, թե՜ ծրագրերի առումով: 2012թ. մրցույթի շրջանակներում անց են կացվել  վարպետության դասեր մարզային խմբավարների հետ: Իսկ  անցյալ տարի անցկացվեց նաև կոմպոզիտորների մրցույթ. 49 կոմպոզիտոր այս մրցույթի համար գրեցին ստեղծագործություններ, թողարկվեց դրանց հավաքածուն և բաժանվեց մրցույթին մասնակցող խմբավարներին: Նախարարության ներկայացուցչի հավաստմամբ` վարպետության դասերը լինելու են երկու տարին մեկ. այսինքն` մեկ տարի անց են կացվում վարպետության դասընթացներ, իսկ հաջորդ տարի` բուն մրցույթը, որպեսզի մրցույթից մրցույթ որակի առումով մակարդակը բարձրանա: 
Նրա տեղեկատվությամբ՝ այս տարի Հայաստանից, Ջավախքից, Արցախից հայտ են ներկայացրել շուրջ 75 խմբեր, որոնց մոտավորապես կեսը՝ ՙԱ՚ կարգում, մնացածը` ՙԲ՚ կարգից, որոնցից միայն 15-ն են Երևանից։ Չի բացառվում, որ ընթացքում միանան ուշ հայտ ներկայացրած երգչախմբեր  էլ: Ընդհանրապես,   Հայաստանում և Արցախում գործում են մոտ 350 երգչախմբեր, որոնցից, սակայն,  մրցույթի դուրս գալու ունակություն ունեն միայն 100-ը: Ա. Ղազարյանը  համոզմունք հայտնեց, որ մանկավարժների վերապատրաստման գործընթացը խթան կդառնա, որպեսզի մնացած երգչախմբերն էլ ձգտեն ներգրավվել  մրցույթին: ՙԿարող եմ համարձակորեն հայտարարել, որ այսօր Հայաստանում կա լուրջ երգչախմբային արվեստ, կան մրցունակ երգչախմբեր, որոնք ունեն համաշխարհային մակարդակ՚,- ասաց նա:
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ