[ARM]     [RUS]     [ENG]

ԱրՊՀ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ՝ ՀԱՅ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՄՏՔԻ ՍԽՐԱՆՔ

Picture_005_0.jpgԼրանում է ԼՂՀ մայր բուհի` Արցախի պետական համալսարանի պաշտոնական բացման 20-ամյակը: Հանրապետության գիտակրթական համակարգի առաջատար հաստատության անցած ուղին, որ սկիզբ է առել 1993թ. մայիսի 10-ին,  անշուշտ, հագեցած է  տարաբնույթ փորձություններով, դժվարություններով, խոչընդոտներով, մաքառումներով և, անկասկած, շոշափելի հաջողություններով ու ձեռքբերումներով: 
Այսօր` երկու տասնամյակ  անց, վերընթերցելով և վերլուծելով երկրի մայր բուհի  ստեղծմանն առնչվող վավերագրերը, ակամա հիացմունքով ու ակնածանքով ես համակվում բոլոր նրանց հանդեպ, ում ջանքերի շնորհիվ իրականություն դարձավ տվյալ պատմական պահի համար, թվում է, խիստ արտառոց, հանդուգն ու խիզախ այս գաղափարը: 
ԼՂՀ գլխավոր ուսումնական հաստատությունը ստեղծվել է Արցախի համար ճակատագրական պահի, երևի թե  հայ իրականության մեջ  պատմականորեն ձևավորված այն ավանդույթի ուժով, ըստ որի հայոց առավել էական գիտակրթական օջախները ստեղծվել ու ստեղծվում են մեր ժողովրդի համար բախտորոշ ժամանակահատվածներում։ Հիշենք Մեսրոպ Մաշտոցի հիմնած առաջին հայկական դպրոցները, այդ թվում` Արցախ աշխարհի Ամարաս վանքում, նորագույն պատմության շրջանում` Երևանի պետական համալսարանը, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիան և այլն։ Երևույթը, կարելի է ենթադրել, յուրահատուկ խորհուրդ ունի իր մեջ, որ գալիս է դարերի խորքից ու շարունակվում առայսօր:
Արցախում թերի բարձրագույն կրթության նախակարապետը Շուշիի երկամյա մանկավարժական ինստիտուտն էր՝ ուսուցչական ինստիտուտը, որ բացվել է 1938/39 ուսումնական տարում և ուներ երեք ֆակուլտետ՝ պատմալեզվաբանական, ֆիզիկամաթեմատիկական, բնագիտաաշխարհագրական: Սակայն որոշ ժամանակ գործելուց հետո այն փակվեց ԱդրԽՍՀ իշխանությունների կամայական որոշմամբ և հետագայում վերաբացվեց Ստեփանակերտում: Այն նույնպես երկար կյանք չունեցավ և վերստին փակեց իր դռները, այդ անգամ՝  առհավետ:
Փաստորեն  Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը մինչև անցած դարի 60-ականների վերջերը  Խորհրդային Միության միակ ինքնավար պետական կազմավորումն էր, որ չուներ բարձրագույն ուսումնական հաստատություն:
Արցախահայությունը, լինելով ուսումնատենչ և ունենալով բավարար թվով հայրենասեր մտավորականներ, չէր կարող երկար հանդուրժել ստեղծված իրավիճակը, ուստի բոլոր օրինավոր միջոցներով փորձում էր մարզում բարձրագույն կրթության օջախ ունենալու թույլտվություն ստանալ: Սակայն ադրբեջանական իշխանությունները, որոնց իրավաենթակայության տակ էր գտնվում ԼՂԻՄ-ը, արցախահայության այդ օրինական պահանջն օգտագործեցին որպես ևս մեկ կարևոր լծակ` մարզի ժողովրդագրական պատկերը շեշտակի փոփոխելու և նրա  հայաթափման  իրենց ռազմավարական ծրագիրն իրագործելու համար: Մանավանդ՝ Նախիջևանի նախադեպը կար: Եվ, Բաքվի կամեցողությամբ, արցախահայության արդարացի պահանջը 1969թ.  ստացավ յուրօրինակ լուծում: Ադրբեջանի Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի (ԱՄԻ) կազմում դեռևս 1932 թվականից գործող հայկական բաժինը  տեղափոխվեց Ստեփանակերտ՝ նույն ինստիտուտի բաժանմունքի կարգավիճակով: Ընդ որում, Ստեփանակերտի բաժանմունքում հայկական բաժնի հետ զուգահեռաբար բացվեցին նաև ադրբեջանական ու ռուսական բաժիններ: Խնդրի նման լուծումը հետապնդում էր երկու կարևոր ռազմավարական նպատակ՝ ա) Ադրբեջանի մայրաքաղաքից անվերադարձ դուրս մղել հայկական մտավորականությանը, բ) Լեռնային Ղարաբաղում ստեղծել ադրբեջանական մտավորականություն` ի նպաստ մարզի հայ բնակչության նկատմաբ ադրբեջանական բնակչության  թվաքանակի աճի:
Առաջին խնդիրը Բաքուն իրականացրեց՝ հիմնվելով նախորդ տասնամյակների իր փորձի վրա: Չէ՞ որ արդեն փակվել էին հանրապետության մայրաքաղաքի մի քանի տասնյակ հայկական դպրոցները և հայկական պետական դրամատիկական թատրոնը: Պատահական չէր, որ այդ ժամանակաշրջանում նկատելի էր Բաքվից տեղափոխվող մանկավարժների, գրողների, ճարտարագետների, մի խոսքով՝ մտավորականության զգալի ներհոսքը ԼՂԻՄ,  այդ թվում՝ Հայաստանի տարբեր քաղաքներ:
Երկրորդ խնդրի լուծումը երկարաժամկետ ծրագիր էր պահանջում, նաև համբերություն, ժամանակ, նյութական շոշափելի միջոցների ներդրում, մարզի ղեկավարությանն ու ժողովրդին ապակողմնորոշելու անհրաժեշտություն: Գործընթացն  արագացնելու նպատակով 1973թ.  ԱՄԻ-ի Ստեփանակերտի բաժանմունքը վերակազմավորվեց Խորհրդային Ադրբեջանի 60-ամյակի անվան Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի՝ նաև մարզի հարակից ադրբեջանական շրջանների համար մանկավարժներ պատրաստելու առաջադրանքով:
Սկսվեց կանխամտածված նենգ ծրագրի անխափան իրագործումը։ Արդյունքում՝ շուրջ տասնհինգ տարի անց Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ուսանողության գրեթե կեսը կազմում էին ադրբեջանցիները։ Ավելին՝ դրսից հրավիրյալ մասնագետների հաշվին հետզհետե ադրբեջանականացվում էին  հաստատության կառավարման և ֆունկցիոնալ օղակները՝ ադրբեջանցի պրոռեկտոր,  դասախոսներ, լաբորանտներ, սպասարկման ոլորտի աշխատակիցներ և այլն, որոնք որպես քաղաքացիներ բնավորվում, հաստատվում էին մարզի տարբեր բնակավայրերում, մեծամասամբ՝ Ստեփանակերտում  և Շուշիում։ Միով բանիվ, կարող ենք արձանագրել, Բաքվի կրթական ինտերվենցիան վերաճում էր ժողովրդագրական ինտերվենցիայի:
Այս ամենի համար պարարտ հող էր ստեղծվել դեռևս 60-ական թվականների առաջին կեսին, երբ հայրենի եզերքից արտաքսվել էին  մարզի այլախոհ, ընդվզող մտավորականները, ու եթե դեռ կային սպասվող վտանգը կանխազգացողներ, ապա կամ երկչոտ դիմադրություն էին ցուցաբերում, կամ հարմարվում ու համագործակցում էին տերերի հետ, իսկ առավել անհնազանդներն ի վերջո ստիպված էին հեռանալ մարզից: Այն, որ կատարվածը ծրագրային խնդիր էր, ակնհայտ դարձավ, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո նորանկախ Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի մեջլիսի ամբիոնից Հեյդար Ալիևը հայտարարեց, որ իր ղեկավարության շրջանում Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի բնակչության թվաքանակն աճել է այնտեղ բնակվողների թվի տասը տոկոսի չափով:
Պատմական տարբեր ժամանակաշրջաններում հայ ժողովրդի առաջ քանիցս հառնել է լինել-չլինելու խնդիրը: Անցյալ դարի 80-ականներին  այն ծառացել էր արցախահայության առաջ: Ի պատիվ մեր ժողովրդի՝ նա ընտրեց լինելու ուղին: Սկիզբ առավ Ղարաբաղյան շարժումը՝ արցախահայության ազգային-ազատագրական պայքարը, որի առաջնաշարքերում կանգնեցին նոր սերունդների մտավորականները և ուսանող երիտասարդությունը։ 
Ստեղծվել էր այնպիսի մի իրավիճակ, երբ ՍՄԻ-ի հայկական և ադրբեջանական  բաժիններն այլևս  չէին կարող համատեղ գոյատևել նույն հարկի տակ: Կրքերն առավել բորբոքվեցին մանավանդ Սումգայիթ քաղաքի հայ բնակչության սպանդից հետո: Եվ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի 1988թ. փետրվարի 14-ի թ.1208 որոշմամբ, ձևականորեն հիմք ընդունելով կուսակցության ԼՂ մարզկոմի և մարզգործկոմի առաջարկությունը, որը, դժվար չէ կռահել, թելադրված էր նույն հիերարխիկ վերևներից՝ Բաքվից և Մոսկվայից, Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը ժամանակավորապես փակվեց, իսկ իրադարձությունների հետագա զարգացումների արդյունքում՝  վերջնականապես լուծարվեց:
Այս որոշումից հետո Հայաստանում  գործող պետական մանկավարժական երեք բուհերի՝  Երեւանի Խ. Աբովյանի անվան, Կիրովականի Հովհ. Թումանյանի անվան, Լենինականի Մ. Նալբանդյանի անվան ինստիտուտների կողմից պատրաստակամություն հայտվեց փակված իստիտուտի հայ ուսանողներին և դասախոսներին ընդունել իրենց մոտ։ Հնարավոր երեքից Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի կոլեկտիվն ընտրեց Կիրովականի (Վանաձորի) Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի (ռեկտոր՝ Ռ.Եդոյան) տարբերակը, որի հյուրընկալ կամարների ներքո արցախցի երիտասարդությունը  շարունակեց իր ուսումը։ 
Սակայն Արցախից ժամանած ուսանողության և դասախոսների ուրախությունը երկար չտևեց: Հանկարծահաս աղետալի  երկրաշարժը հաշվված րոպեների ընթացքում ավերեց Հայաստանի հյուսիսային շրջանները։ Բնականաբար, Կիրովականի ինստիտուտի պայմաններն այլևս  բավարար լինել չէին կարող։  Նպատակահարմար գտնվեց արցախցի ուսանողության կրթությունը  կազմակերպել հայրենի երկրամասում։ Նախ, ստեղծվեց Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի խորհրդատվական կետը, որը, սակայն, երկար չգործեց։ Նրան փոխարինեց նույն ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը, որը ստեղծվեց ՀԽՍՀ ժողովրդական կրթության նախարարության կոլեգիայի 1989թ. մարտի 13-ի որոշմամբ։ Այդ իրողությամբ  Հայաստանի կրթական համակարգն առաջին անգամ մուտք գործեց  Լեռնային Ղարաբաղ: Ապա հետևեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ¥ռեկտոր` Յու. Սարգսյան¤ գիտական խորհրդի 1989թ. դեկտեմբերի 20-ի որոշումը՝ 1990թ. հունվարի 1-ից Ստեփանակերտում ԵրՊԻ-ի հեռակա ուսուցման ֆակուլտետի ընդհանուր տեխնիկական բաժանմունք ստեղծելու մասին:
Օրինակը ոգևորիչ էր և, որպես դրա արտահայտություն,  Հայաստանի բուհերը միջնորդեցին ԵրՊԻ-ի և ԸՏԲ (ընդհանուր տեխնիկական բաժանմունք) ղեկավարության առջև՝ խնդրելով թույլատրել իրենց ղարաբաղաբնակ ուսանողների ուսուցման գործընթացը կազմակերպել Ստեփանակերտի բաժանմունքում: Բուհերի միջնորդությունը հարգվեց։ Եվ Երևանից ու Խորհրդային Միության տարբեր քաղաքներից հայրենի Արցախ վերադարձան հող հայրենին ազատագրելու գործին նվիրված մեծ թվով  ուսանողներ՝ հնարավորություն  ստանալով բաժանմունքում զուգահեռաբար շարունակել իրենց ուսումը։ 
ԵրՊԻ-ի Ստեփանակերտի բաժանմունքի ստեղծումն արտաքուստ հրապուրիչ, սակայն իրականում դժվարին ու պատասխանատու խնդիր էր: Ուսուցումն այդտեղ տարվում էր հինգ բուհերի ավելի քան երեսուն մասնագիտություններով՝ փոքրաթիվ դասախոսական կազմի և նվազագույն նյութատեխնիկական ապահովվածության պայմաններում: Կարելի է պատկերացնել, թե ինչ ջանքեր և նվիրում էր պահանջվում՝ բաժանմունքում ուսուցման մակարդակը մինչև ինչ-որ չափով համեմատելի դառնար մայր բուհում իրականացվող ուսուցման հետ: 
Այդ ուղղությամբ կատարված առաջին շոշափելի քայլը ԵրՊԻ-ի ռեկտորի դիմումն էր Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին՝ Ստեփանակերտի բաժանմունքին ԵրՊԻ-ի մասնաճյուղի կարգավիճակ տալու առաջարկությամբ: Դիմումը 1991թ. հոկտեմբերին բավարարվեց։ 
Մասնաճյուղի ստեղծումը ժամանակի առումով համընկավ ՀՀ կառավարության խիստ կարևոր այն որոշման հետ, համաձայն որի Ղարաբաղ աշխատելու համար գործուղվածներին արտոնություններ էին տրվում, ինչն էլ հնարավորություն ընձեռեց մասնաճյուղում աշխատելու համար շուրջ երկու տասնյակ բարձրակարգ դասախոսներ հրավիրել ՀՀ-ից։  
ԵրՊԻ-ի Ստեփանակերտի մասնաճյուղն ունեցավ գործունեության կարճատև, բայց և  բովանդակալի տարեգրություն: Այդ ժամանակամիջոցում ուսուցման մասնագիտությունների քանակով և բովանդակությամբ այն համալսարանական երանգ էր ընդունել: Մոտեցել էր Արցախում սեփական համալսարան ունենալու գաղափարի իրականացման պահը:
Գաղափարն այդ դարձավ մեր նորանկախ հանրապետության առաջնահերթ խնդիրներից մեկը: Եվ, ընդառաջելով ԼՂՀ իշխանությունների առաջարկությանը, ՀՀ կառավարությունը 1992թ.  հոկտեմբերի 13-ին ընդունեց  որոշում` Ստեփանակերտում, ՀՀ կրթության և  գիտության համակարգում, Լեռնային Ղարաբաղի պետական համալսարան (հետագայում՝ Արցախի պետական համալսարան) ստեղծելու մասին, որով և արձանագրվեց  Արցախի մայր բուհի ծնունդը:
Լեռնային Ղարաբաղի պետական համալսարանի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 1993թ մայիսի 10-ին` ի նշանավորումն Շուշիի ազատագրման առաջին տարեդարձի: Միջոցառմանը ներկա էին մեծ թվով անվանի հյուրեր Հայաստանից և արտերկրից:
Հանուն հայրենյաց ազատագրության պայքարի ելած և արյունահեղ պատերազմի մեջ ներքաշված Արցախում պետական համալսարանի հիմնումը մեր  ներկա և գալիք սերունդներին  ներկայանում է ոչ այլ կերպ, քան հայ գիտակրթական մտքի սխրանք արտակարգ իրավիճակներում՝ ակունքված հայ ժողովրդի բազմադարյա փորձից ու միտված նրա  քաղաքակիրթ հարատևությանը։
 
Արպատ ԱՎԱՆԵՍՅԱՆ
Մանկավարժական գիտ. դոկտոր, ԱրՊՀ պրոֆեսոր