[ARM]     [RUS]     [ENG]

ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԻՆՔՆԱՀԱՆԳՍՏԱՑՄԱՆ ԱՌԻԹ ՍՏԵՂԾԵՆ

 8888.jpgՕրերս Ստեփանակերտի ՙԳրիգոր Նարեկացի՚ պետհավատարմագրված համալսարանում շնորհանդես էր:  Առիթը` համալսարանի 17 տարվա պատմությունը, ձեռքբերումներն ու արձանագրած հաջողություններն ամփոփող  ՙԱնվանն արժանի համալսարան՚ տեսաֆիլմն էր եւ համալսարանի ՙՆարեկ՚ գիտակրթական հանդեսի վերընծայումը: Ֆիլմի ցուցադրմամբ  էլ սկսվեց միջոցառումը: Ներկա էին ԼՂՀ ԿԳ նախարարության պատասխանատուներ, հյուրեր, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը: Ֆիլմի մասին հնչեցին կարծիքներ:  Այնուհետեւ  ներկաները ծանոթացան   համալսարանի ՙՆարեկ՚ գիտակրթական հանդեսի տեսությանը։

Հանդեսի հերթական համարն այս անգամ  բավականին նոր թարմություն ունի՝ թե բովանդակային եւ թե դիզայնի առումով: Ամսագրի գլխավոր խմբագիրը ՀՀԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Սարինյանն է: Հենց շապիկից էլ երեւում է ամսագրի առաջնահերթ առաքելությունը. այն   գիտության, գրականության, արվեստի յուրահատուկ  քարոզչություն է: Հանդեսը բացվում է ԿԳ նախարար Սլավա Ասրյանի խոսքով, որը  հավուր պատշաճի գնահատական է ՙԳրիգոր Նարեկացի՚  համալսարանին:
Յուրաքանչյուր բարձրագույն  ուսումնական հաստատություն  առողջ հայացքով է նայում ապագային, եթե առողջ է գիտակրթական կյանքի զարկերակը: ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանի դասախոսները հանդես են եկել գիտական հրապարակումներով: Գրականագիտական հոդվածներում ընթերցողը կարող է ծանոթանալ ժամանակակից հայ պոեզիայի զարգացման միտումներին. մոդեռնիզմ, պոստմոդեռնիզմ, որը վերջին ժամանակներում առաջատար է գրականության եւ արվեստի ճյուղերում:
Համալսարանը պարբերաբար սերտ կապերի մեջ է ՀՀ առաջատար բուհերի ու գիտական կենտրոնների հետ: Հանդեսում տեղ են գտել բուհի մասին հնչած տարբեր կարծիքներ, որոնք յուրահատուկ գնահատական են: Յուրաքանչյուր ամբիոնի վարիչ ներկայացրել է ուսումնագիտական ստորաբաժանման կառուցվածքը, գործունեությունն ու պատմությունը:
Ամսագիրը պատմում է նաեւ 2012-2013 ուսումնական տարվա ընթացքում ներբուհական կյանքում տեղի ունեցած կարեւոր իրադարձությունների մասին: Համալսարանն ունեցավ  կարեւոր մեդիամիջոց. ստեղծվեց համալսարանի պաշտոնական կայքէջը: 
Նշվել են  ականավոր գրողների հոբելյանական տարեթվերը: Անկախության ճանապարհին հերոսացած նահատակների հիշատակը խնկարկվել է յուրովի: Այս եւ մյուս իրադարձությունները մանրամասն տեղ են գտել հանդեսի էջերում:
  Ամսագրում անդրադարձ է կատարվել  հայ եւ համաշխարհային գրականության արձակ եւ չափածո էջերին: Հետաքրքիր մանրամասնություններ են ներկայացվել համաշխարհային կերպարվեստի ակնառու ներկայացուցիչների՝ Գոյայի, Լեոնարդո դա Վինչիի կյանքից, նրանց գործերի խորհուրդներից: 
Բոլոր ժամանակներում արվեստի լավագույն գործերի առաջմղիչը եղել է, կա  ու կլինի մարդկային ամենավեհ զգացումներից մեկը՝ սերը: Հանդեսն  ընթերցողին է ներկայացրել հայ մեծ բանաստեղծներ Ավետիք Իսահակյանի նամակը՝ ուղղված իր մեծ սիրուն՝ Շուշիկին, Պարույր Սեւակի նամակը Սուլամիթային:
Ասելիքը նույնն է՝ մարդկային հույզերն ու ապրումները հավերժական են, սակայն փոխվում է ասելիքի ձեւը: Եվ հենց սա է պատճառը, որ ամսագրում կողք կողքի տեղ են գտել հայ մեծ սիրերգակներ Սայաթ-Նովան, Ավետիք Իսահակյանը, նաեւ`  համաշխարհային ժամանակակից  պոեզիայում մեծ հռչակ վայելող  Չ. Բուքովսկին: 
Շնորհանդեսին ելույթով հանդես եկան համալսարանի դասախոսներ: Ֆիլմի եւ ՙՆարեկ՚ ամսագրի մասին իր խոսքն ասաց նաեւ ԼՂՀ  ԿԳ նախարարության մասնագիտական կրթության եւ գիտության բաժնի պետ, հոգեբանական գիտությունների թեկնածու Լուսինե Ղարախանյանը:  Նա իր  խոսքում  նշեց, որ  բուհում ձեւավորված է համալսարանական մշակույթ, որի վկայությունն էլ ստորաբաժանումների ծավալած աշխատանքի արդյունքն է:
Շնորհավորանքի խոսք ասաց նաեւ համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը: Նա նշեց, որ արվածը քիչ չէ, սակայն չպետք է բավարարվել  ձեռքբերումներով: Պետք է կրկնապատկել ջանքերը  գիտակրթական կյանքի որակն էլ ավելի բարձրացնելու համար: 
 
Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ