[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՂԹԵՑԻՆ ՆԶՊ ԱՌԱՐԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ

100_7159.jpgՄայիսյան եռատոնի առթիվ գեղեցիկ նվեր մատուցեցին արցախցի դպրոցականները։ Օրերս Երևանում, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ՙՆախնական զինվորական պատրաստություն՚ (ՆԶՊ) առարկայից անցկացված դպրոցականների օլիմպիադայում Արցախի թիմը Հայաստանի 11 մարզերի մեջ գրավեց առաջին տեղը։ Երկրորդ տեղում Տավուշի, երրորդ՝ Արագածոտնի մարզի հավաքականներն էին։
Դպրոցական օլիմպիադաների ծրագրում ՆԶՊ առարկան ՀՀ-ում ներառվել է 2011 թվականից, իսկ Արցախում՝ այս տարվանից։ Եվ առաջին անգամ մասնակցելով՝ արցախցիները հաղթանակ գրանցեցին։ 
Հետաքրքիրն այն է, որ 7 հոգուց բաղկացած մեր հավաքականի բոլոր անդամներն էլ աղջիկներ էին։ Արցախի թիմի առանձնահատկությունը միայն այս չէր. մեր դպրոցականները հանդես եկան  զինվորական համազգեստով, որը տրամադրել էր ԼՂՀ պաշտպանության բանակը։ 
Հավաքականի ղեկավար, Ստեփանակերտի հ. 5 հիմնական դպրոցի զինղեկ, մայոր Արսեն Հարությունյանի խոսքերով՝ թիմի անդամների ընտրությունը կատարվել է օլիմպիադայի մարզային (հանրապետական) փուլի արդյունքների հիման վրա, որում  թեստային առաջադրանքներ էին։ Թիմի կազմում ընդգրկված էին ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի շրջանների դպրոցականներ։ 
Հարցաշարերի միջոցով ռազմագիտությունից փայլուն տեսական գիտելիքներ ցուցաբերած արցախուհիներն իրենց լավագույնս դրսևորեցին նաև ՀՀ օլիմպիադայի եզրափակիչ փուլում գործնական առաջադրանքներից՝ շարային պատրաստություն, հրաձգություն, ավտոմատի քանդում-հավաքում, ձեռքի նռնակի նետում, արգելագոտու հաղթահարում մրցաձևերում։  Մեր աղջիկները մրցանակային տեղեր են գրավել նաև անհատական հաշվարկով։ Նրանցից նշենք առաջին տեղ գրավածներին. Սաթենիկ Հովսեփյան (Թաղավարդ,  շարային պատրաստություն), Մանուշ Սիմոնյան (հ. 5 դպրոց, ավտոմատի քանդում-հավաքում), Անուշ Բարխուդարյան (Խնածախ, ՙՕլիմպիադայի ռազմական գիտունիկ՚ անվանակարգում)։ 
Երկրորդ և երրորդ կարգի ևս չորս դիպլոմ արցախցի դպրոցականները ձեռք են բերել տարբեր մրցաձևերում։ 
Մեր պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ հայ կինը զենքը ձեռքին պայքարել է հանուն իր ընտանիքի, հայրենիքի։ Արցախյան պատերազմում նույնպես կանայք  աչքի են ընկել իրենց քաջագործություններով։
Այսօր մեր հանրակրթական դպրոցներում տղաների հետ հավասար նախնական ռազմական պատրաստություն են ուսանում աղջիկները՝ փարատելով այն թյուր կարծիքը, թե բանակում ծառայելը միայն տղաների գործն է։ Արցախցի պատանի ռազմուհիները մեկ անգամ ևս ապացուցեին, որ նրանք մեր պատմությունից հայտնի հերոս կանանց արժանի հետնորդներն են։ 
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ