[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՎ ՎԱՂԵՄԻ ՓԱՌՔԸ

DSC_1255.jpgԻնչպես  արդեն տեղեկացրել ենք, Մայիսի 9-ին  Եռատոնին նվիրված միջոցառումների շարքում հատուկ նշանակություն ունեցավ ՙՇուշիի թանգարաններ՚ ՊՈԱԿ-ի հերթական` Կերպարվեստի թանգարանի բացումը: Շուշին հարստացավ ևս մեկ մշակութային օջախով` դրանով իսկ քայլ առ քայլ վերադարձնելով վաղեմի  փառքը:
Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ Շուշիում Կերպարվեստի թանգարան ստեղծելու գաղափարի մտահղացման ու իրականացման գործում մեծ դեր է խաղացել ԼՂՀ Նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը:
 Նա հենց առաջին օրվանից    մինչև բացումն անմիջականորեն հետևում էր,  աջակցում, որպեսզի փուլ առ փուլ շենքի վերականգնման, ապա և թանգարանի ներքին հարդարման,  ստեղծագործությունների  հավաքագրման, դրանց տեղադրման աշխատանքներն ընթանան` ինչպես հարկն է: Զարմանալի չէ, որ նման ուշադրության արդյունքում թանգարանն ունեցավ 400-ից ավելի գործեր ոչ միայն Հայաստանից (Հայաստանից 80-ից ավելի գործ է նվիրաբերված) և Ռուսաստանից, այլև աշխարհի շատ այլ երկրներից: Ընդ որում, բոլորն էլ  նվիրատվություններ են, իսկ նվիրատուների թիվը հասել է 112-ի և օր օրի էլ ավելի կավելանա, համոզված է անվանի  ակադեմիկոսը: Հիշեցնենք,  որ նվիրած բոլոր գործերի լուսանկարները տեղ են գտել թանգարանի բացման կապակցությամբ տպագրված կատալոգում, որտեղ նշված են և՜ հեղինակների, և՜ նվիրատուների անունները: 
Այդ նշանակալից իրադարձության առթիվ Երևանից և Մոսկվայից Շուշի էին ժամանել բազմաթիվ  նկարիչներ, քանդակագործներ, արվեստաբաններ, երգիչ-երգչուհիներ, նշանավոր արվեստասեր մարդիկ, որոնք մեծ ուշադրությամբ դիտում էին ցուցահանդեսը: Մեր խնդրանքով նրանք արտահայտեցին իրենց տպավորությունները, կարծիքներն ու մաղթանքները:
Ալեքսանդր ՄԱՆԱՍՅԱՆ, 
փիլիսոփայական գիտությունների դոկտոր, քաղաքագետ.  
- Շուշին հայ մշակույթի պատմության մեջ ունի իր տեղն ու դերը: Ժամանակին նա եղել է բարձր ավանդույթների տեր քաղաք ողջ Հայաստանի, հայ ժողովրդի համար: Կարծում եմ, որ թանգարանի բացումն առաջին քայլերից մեկն է, որ հետխորհրդային ժամանակներում Շուշիին վերադարձնում է իր նախկին փառքը, իր դերը հայոց մշակույթի մեջ: Վստահ եմ, որ թանգարան-պատկերասրահը կունենա նոր մասնաշենքեր, որովհետև բոլոր հայ նկարիչները և, ինչու չէ, ոչ միայն հայ, կցանկանան տեսնել իրենց գործերն այս թանգարանում:
 
Յուրի ԳՐԻԳՈՐՅԱՆ, 
ՌԴ վաստակավոր նկարիչ, Կերպարվեստի ռուսական ակադեմիայի թղթակից-անդամ, նվիրաբերած մի քանի նկարների հեղինակ.
- Ի՞նչ նշանակություն եք տալիս այսօրվա իրադարձությանը:
- Այս տոնը ևս մեկ ծննդյան օր է: Ես հատուկ ժամանել եմ Մոսկվայից Շուշի` մասնակցելու այս տոնախմբությանը: Մինչ այդ նվիրած 5 նկարներից բացի ինձ հետ բերել եմ ևս մեկ գործ` նվիրաբերելու թանգարանին: Հուսով, որ ժամանակի ընթացքում այս թանգարանը չի նահանջի այսօր վերցրած իր նշաձողից:
- Ի՞նչը նկատի ունեք:
- Ասենք, աշխատակիցները կողպեքը չեն կախի դռներին և  չեն  գնա մեկ այլ  գործի, էքսպոզիցիան ժամանակ առ ժամանակ փոխվի, որպեսզի նվիրաբերած բոլոր ցուցանմուշները հնարավորություն ունենան հանդիպել այցելուի հետ: Կարծում եմ, նկուղներում են մնացել ինձ ծանոթ շատ նկարիչների գործեր, որոնք, ես գիտեմ, նրանք նվիրել են թանգարանին, բայց այսօրվա էքսպոզիցիայում ես դրանք չգտա: Հասկանում եք, դժվար կլինի Գրիգորի Գաբրիելյանցի կամ ինձ կամ մեկ ուրիշի համար՝ հետևել թանգարանի աշխատանքի կանոնավորված ընթացքին: Դա պետք է ներսից արվի: Ի գիտություն բոլորի  ասեմ, որ այստեղ կան շատ հետաքրքիր հեղինակների գործեր: Գիտեք, բոլորը նվիրատվություններ են: Իսկ երբ մարդը նվիրաբերում է, նա այն հավատքով է անում դա, որ վստահելի մարդկանց ձեռքն է փոխանցում դրանք: Նվիրում ես ու հավատում, որ այդ նկարն ապրելու է:
- Իսկ Դուք հասցրե՞լ եք շրջել ամբողջ շենքը: Արդյո՞ք այն համապատասխանում է պատկերասրահի, այսինքն` նկարներ պահելու, ցուցադրելու  արդի պահանջներին:
- Ոչ, ամբողջը չեմ հասցրել նայել, բայց ասեմ, որ անհրաժեշտ ջերմաստիճանի, հատուկ միջավայրի պահպանումը շատ թանկ արժե: Սակայն հավատացած եմ, որ թանգարանի անձնակազմի սրտացավ վերաբերմունքից շատ բան է կախված: Անգամ եթե շենքը չի համապատասխանում որոշ պահանջների, նման վերաբերմունքը կշտկի իրավիճակը, չի թողնի խնդիրը հասցնել անլուծելիության: Նախօրյակին շրջել եմ Ստեփանակերտում, մտել պատմաերկրագիտական թանգարան և ուղղակի հիացել էի, թե ինչ պատրաստակամությամբ ու սիրով էին աշխատակիցները պատմում ցուցանմուշների, այնտեղ զետեղված նյութերի մասին: Եթե նման վերաբերմունք լինի նաև Շուշիի կերպարվեստի թանգարանում, մենք` նվիրատուներս, հանգիստ սրտով կհեռանանք`  հավատացած, որ մեր գործերը վստահելի ձեռքերում են:
 
Կարեն ԱՂԱՄՅԱՆ, 
ՀՀ նկարիչների միության նախագահ, նկարիչ, ՀՀ-ից թանգարանին նվիրաբերած հավաքածուի կազմակերպիչ և անձամբ նվիրաբերող հեղինակ.
- Ինչպե՞ս եք գնահատում Շուշիի թանգարանի բացումը օրվա խորհրդի մեջ:
- Խորհրդանշական է, որ այս միջոցառումը, այս հոյակապ պատկերասրահի բացումը տեղի ունեցավ Հաղթանակի օրը: Վաղուց էինք պատրաստվում: Շնորհակալություն  Գրիգորի Գաբրիելյանցին. նրա նախաձեռնությունն էր այս նախագիծը: ՀՀ նկարիչների միությունը նույնպես մասնակցեց գործերը հավաքագրելուն: Անձամբ ես երկու գործ եմ նվիրել: Իսկ ընդհանուր առմամբ մենք նվիրել ենք 80-ից ավելի ստեղծագործություններ: Եվ այդ թիվն ավելանում է, քանի որ նվիրատվությունը դեռ  շարունակվում է: Կան արվեստագետներ, ովքեր նոր են իմանում դրա մասին ու բոլորովին վերջերս են նվիրատվություններ կատարել: Բայց թիվը չէ կարևորը, այլ ինքը երևույթը` նվիրատվությունը, որ դրսևորեցին մեր ստեղծագործող անձինք: Ամեն մի երկիր, պետություն հպարտ կլինի ունենալ այսպիսի մի թանգարան, որտեղ կան բազմաթիվ հետաքրքիր հեղինակների, աշխարհահռչակ նկարիչների գործեր և որով պետք հպարտանա Արցախի ժողովուրդը, ամբողջ Հայոց աշխարհը: 
- Ինչպես հայտարարվեց, թանգարանում կան աշխարհի շատ երկրների հեղինակների բազմաթիվ գործեր: Չե՞ք կարծում, որ հայ նկարիչների գործերը ստվերում կմնան, ազդեցությունն էլ կթուլանա: Չէ՞ որ թե՜ տեղացիների և թե՜  զբոսաշրջիկների համար առաջին հերթին հենց հայ արվեստագետների ստեղծագործություններն են գերադասելի դիտման, ավելի շատ հետաքրքրում և  արժևորվում:
- Չէ, սա ուրիշ հարց է: Սա զբոսաշրջիկի համար չի արվում: Առհասարակ ազգային պատկերասրահները հիմնականում հիմնվում են տեղացի բնակչության համար: Զբոսաշրջիկը գալիս է ժողստեղծագործություն նայելու: Թող նա գնա գեղարվեստական սրահներում տեսնի ժողովրդական արվեստը:
- Իսկ հայ նկարիչների գործերը որտե՞ղ տեսնի:
- Հայ նկարիչներին նույնպես այդ սրահներում ու նաև պատկերասրահներում: Առհասարակ, բոլոր պատկերասրահները հայտնի են դառնում, երբ ցուցադրում են  աշխարհի արժեքավոր իրերը, այլ ոչ միայն այդ երկրի: Այնպես որ, մենք պետք է ուրախ լինենք, որ Արցախում կա մի պատկերասրահ, որտեղ մեծ մասը հայ կերպարվեստի, մնացածը՝ համաշխարհային արվեստի նմուշներ են: Դրանով պետք է հպարտանանք:
- Ի՞նչ կասեիք կատալոգի մասին:
- Ցավոք, կան թերություններ` անճշտություններ, տեքստերում սխալներ: Օրինակ`  կան նկարներ, որ ՀՀ մշակույթի նախարարությունն է նվիրել, և կան, որոնք ես եմ անձամբ նվիրել, բայց գրված է, որ նվիրել է նախարարությունը: Հարկավոր է ավելի ուշադիր լինել, չէ՞ որ դա պետք է ծառայի որպես միակ տեղեկատու թանգարանում գտնվող գործերի մասին:
- Ի՞նչ կասեիք շենքի մասին: Ինչքանո՞վ է համապատասխանում թանգարանների արդի պահանջներին: 
-Ես շրջեցի շենքը, շատ սիրուն է և ինքնատիպ, բայց պետք է ասեմ, որ այն չի համապատասխանում նկարները ճիշտ պահելու, ցուցադրելու պահանջներին։ Նախ՝  լուսավորությունն է ոչ ճիշտ տեղադրած, նկարները լավ չեն դիտվում, և նկուղներն այնպես չեն կառուցված, որ կարելի լիներ ճիշտ կարգավորել ջերմային ռեժիմը։ Շատ լավ շենք է, շատ ուրախալի է, որ նման թանգարան բացվեց Շուշիում, բայց հետագայում անհրաժեշտ է կառուցել նոր մասնաշենք, որում պետք է ապահովել պատկերասրահի բոլոր պահանջները։ 
   
 Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ