[ARM]     [RUS]     [ENG]

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ՝ ՈՉ ՖՈՐՄԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ

DSC_1299.jpgՄայիսի 18-ին Արցախի թանգարաններն առաջին անգամ մասնակցել են  Թանգարանների միջազգային օրվա տոնակատարություններին` միանալով ՙԹանգարանային գիշեր՚ ակցիային, որը ցանկացողներին հնարավորություն է ընձեռում անվճար այցելել թանգարաններ, որոնց դռներն  այդ օրը բաց են լինում մինչև կեսգիշեր:
Այդ կապակցությամբ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունն արվեստասեր հասարակության համար Շուշիի կերպարվեստի նորաստեղծ թանգարանում կազմակերպել է տոնական ցերեկույթ, որն անցնում էր դասական երաժշտության ներքո` Արցախի պետական նվագախմբից կազմված քառյակի կատարմամբ: 
Տոնական ցերեկույթը զուգորդվել էր քանդակագործ Աշոտ Բաղդասարյանի անհատական ցուցահանդեսով, ով մայիսի 9-ին  նորաբաց  թանգարանին նվիրաբերել էր 33 գործ, որոնք ժամանակի սղության պատճառով նույն օրը չեն  ցուցադրվել:
Բացման խոսքով հանդես եկավ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մշակութային ժառանգության  և ժողովրդական արհեստների  բաժնի պետ,  միջոցառման  համակարգող Լուսինե Գասպարյանը, ով շնորհավորեց ոլորտի  աշխատողներին մասնագիտական օրվա առթիվ։ Այնուհետև  նա ներկաներին  ծանոթացրեց տոնական ծրագրին, որից հետո  խոսքը տվեց  ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանին:
Նախարարի ելույթից ներկաները տեղեկացան, որ Արցախի երիտասարդ թանգարանագետները մասնակցել են Երևանում օրվա խորհրդով անցկացված գիտաժողովին: Նարինե Աղաբալյանը շեշտեց, որ միջոցառումներ են անցկացվում ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում. Մարտունու պատմաերկրագիտական թանգարանում՝  ՙՄսմնայի ճակատամարտը՚, Հադրութի Ա. Մկրտչյանի անվան հայրենագիտականում` ՙՀնագիտական ուսումնասիրություններն Ազոխի քարանձավում՚ թեմաներով, Քաշաթաղի երկրագիտական թանգարանում` ՙԿերենի դամբարանադաշտում հայտնաբերված կավանոթները՚ ցուցահանդեսով: Նախարարը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են բերել Կերպարվեստի թանգարանի կայացմանը: Պատվոգրերով  պարգևատրվել են մեծ ավանդ ունեցողները. շինարարը, ճարտարապետը, ինչպես նաև թանգարանների մի շարք տնօրեններ: Երախտիքի խոսքեր են ասվել պատկերասրահի նվիրատուների հասցեին, այդ գործերը հավաքագրողներին և տեղ հասցնողներին: Պատվոգրով և հուշանվերով է պարգևատրվել պատկերասրահի ստեղծման նախաձեռնող և հովանավոր, ԼՂՀ Նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը: Նախարարը հատկանշեց, որ առաջիկայում սպասվում է համապատասխան օրենքի փոփոխություն` թանգարանային գործի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Ելույթ ունեցավ նաև ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցը, ով շեշտեց, որ թանգարանի ստեղծումը հետապնդում էր մի քանի նպատակներ, այդ թվում` սերունդներին կրթելու, դաստիարակելու գաղափարը: Նա հատկանշեց, որ իր նախաձեռնությունն արագ կյանքի կոչվեց, քանի որ աջակցություն գտավ հանրապետության  Նախագահ Բակո Սահակյանի կողմից, ով հատուկ ուշադրություն է ցուցաբերում թանգարանային գործի զարգացմանը: Հայտնի գիտնականը շնորհակալություն հայտնեց արցախցիներին, ովքեր  ապրելով և պայքարելով իրենց ազատության համար,  նպաստում են նրան, որպեսզի հեռու ապրող հայրենակիցները մտահոգվեն կարևոր հարցերի շուրջ և ձեռնարկեն  դրանցից բխող քայլեր:
Օրվա խորհրդի շուրջ զրուցեցինք թանգարանային գործի մի խումբ պատասխանատուների  հետ.
Միջոցառման  համակարգող Լուսինե ԳԱՍՊԱՐՅԱՆ.
-  Կերպարվեստի թանգարանն արդեն կատարում է իր առաքելությունը` բացումից հետո կազմակերպվել են և կկազմակերպվեն էքսկուրսիաներ դպրոցականների համար, որոնք, համոզված եմ, ամենանվազագույնը, ճաշակ կդաստիարակեն մատաղ սերնդի մեջ: Կարևոր եմ համարում նաև նշել, որ թանգարանի բոլոր աշխատանքները  նվիրատվություններ են: Դրանց հեղինակները, կամա թե ակամա, դարձան Արցախի բարեկամներ: Մինչև բացումն ունեինք 400 գեղարվեստական  գործ, որոնցից  210¬ը` մշտական ցուցադրությամբ: Այսօր կատարեցինք 33 աշխատանքների շնորհանդես, որոնք ստացել ենք մայիսի 9-ին քանդակագործ Աշոտ Բաղդասարյանից` նույնպես նվիրատվության կարգով: Այս ամենն իր դերը կունենա սերունդների դաստիարակման գործում:
Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան ԱՍԾԱՏՐՅԱՆ.
-Թանգարանի բացումը շատ կարևոր իրադարձություն է` դա մեր` դեռևս չճանաչված երկրի հեղինակությունն է բարձրացնում: Թե՜ Արցախ այցելողները, թե՜ թանգարանի  նվիրատուները` իրենց լայն շրջապատով սկսում են մեզ ճանաչել և ընկալել որպես մշակութային երկիր: Ես համոզված եմ, որ այս թանգարանի, ինչպես նաև երկրաբանականի ստեղծման նախաձեռնող՝ ակադեմիկոս  Գրիգորի Գաբրիելյանցը հետապնդում էր հենց նման քաղաքական նպատակ: Նման նախաձեռնությունների շնորհիվ վերականգնվում է նաև Շուշիի մշակութային համբավը, ինչը ԼՂՀ իշխանությունների առաջնահերթ խնդիրներից է: Շուշին ծնել է շատ արվեստագետների, մշակութային և այլ  գործիչների, որոնք հայության համար մեծ գործեր են կատարել: Եվ նման քաղաքականությունն արձագանք կգտնի  սերունդների մոտ, ինչն  էլ կտա իր դրական պտուղները: Այս հարցում մեծ է թե՜ ծնողների, թե՜ դպրոցի դերը, որոնք արդեն ունեն այդ հնարավորությունը` պարբերաբար այցելություններ կատարելով տարբեր թանգարաններ, դաստիարակել մշակութային արժեքները գնահատող սերունդ: 
 
Էմմա ԲԱԼԱՅԱՆ