[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՅԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԵՐԱԽՏԱՎՈՐԸ

2.jpgՎլադիմիր Պետրոսյանի հիշատակին 
Անցյալ դարի 70-80-ականների ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության 2-րդ խմբի 9-րդ գոտում հաջողությամբ հանդես եկող ՙՂարաբաղ՚ թիմն ուրախության քիչ պահեր չի պարգևել նախկին ինքնավար մարզի այս  մարզաձևի երկրպագուներին։
Տաղանդաշատ և օժտված ֆուտբոլիստների մի ողջ սերունդ ամբողջացրեց արցախյան ֆուտբոլի տարեգրությունը, որի մեջ քիչ չէին  հիշարժան խաղերն ու հաղթանակները: Ռազմիկ Պետրոսյան, Կառլեն Սիմոնյան, Գարուն Աթայան,  Միքայել Հայրիյան, Պարգև Առաքելյան, Բենիամին Բաբայան, Սլավա Գաբրիելյան, Արտեմ Ժամհարյան, Վալերի Հայրիյան, Լեոնիդ Հովհաննիսյան, Վարուժան Բաբայան, Էդուարդ Բաղդասարյան,  Գագիկ  Ծատրյան,  Գագիկ  Գալստյան…
Այս համաստեղության մեջ իր առաձնահատուկ տեղն ունի դարպասապահ Վլադիմիր Պետրոսյանը, ով հուսալիորեն պաշտպանում էր մեր  թիմի դարպասը` հավաստելով ՙԼավ դարպասապահը թիմի կեսն է՚ ֆուտբոլային հին ճշմարտությունը։
Մեր այս հրապարակումը նվիրում ենք հենց նրան, որպես հիշատակի խոսք… Մայիսի 9-ին Վլադիմիր Պետրոսյանը վախճանվել է Կրասնոդարի երկրամասի Նովոտիտարովսկ. ավանում, որտեղ ապրում և աշխատում էր որպես մարզիչ։
Ծնվել է 1953-ին` Շուշիում: 1970-ին  ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը: 1975-77թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերի` Պսկովում տեղակայված օդադեսանտային զորամասում:
1978-88թթ. Ստեփանակերտի ՙՂարաբաղ՚ թիմի կազմում խաղացել է ԽՍՀՄ վարպետ թիմերի առաջնությունում` 1986-ին արժանանալով ԽՍՀՄ սպորտի վարպետի բարձր կոչմանը: 1979-84թթ. սովորել և ավարտել է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտը` ստանալով մանկավարժի մասնագիտություն:
Ավարտելով ֆուտբոլային կարիերան` Վ. Պետրոսյանը շարունակեց մնալ ֆուտբոլում, և 1989-ի սեպտեմբերի 2-ին նշանակվում է  Կրասնոդարի  երկրամասի  Նովոտիտարովսկ քաղաքի  ֆուտբոլի դպրոցի առաջին մարզիչ:  
Այդ օրվանից մինչև կյանքի վերջը նա չբաժանվեց իր սաներից: Կրասնոդարի երկրամասում ֆուտբոլիստների նոր սերնդի դաստիարակությունը դարձավ նրա հագեցած կյանքի երկրորդ կեսի իմաստը:
Վ.Պետրոսյանի մահվան կապակցությամբ կրասնոդարյան մամուլն  արդարացիորեն նշեց, որ նա ջանք ու եռանդ չխնայեց, որպեսզի Կրասնոդարի երկրամասում պատշաճ կերպով զարգանա թիվ 1 մարզաձևը։
Բազմափորձ մասնագետի սաները մեծագույն հաճույքով էին ուսանում իրենց տիտղոսակիր մարզչի մոտ, շատերի համար հենց Վլադիմիր Պետրոսյանը դարձավ ուղեկից դեպի մեծ ֆուտբոլ:
Նրանցից երկուսը, մասնավորապես Դենիս Պացեևը (ՙՍպարտակ՚ Մոսկվա) և Նիկոլայ Կանիվեցը (ՙԲԿՄԱ՚ Մոսկվա) խաղում են Ռուսաստանի պրիմիեր Լիգայում:
Հունիսի 16-ին Նովոտիտարովսկում Վլադիմիր Պետրոսյանի հիշատակին անցկացվեց Կրասնոդարի երկրամասի վետերանների հանդիպումը: Իսկ նրա աշխատասենյակը վեր է ածվել թանգարանի:
Նովոտիտարովսկի ստադիոնից և Վ.Պետրոսյանի գերեզմանից հող է բերվել նրա  տոհմական գերեզմանոց, որտեղից նույնպես հող է տարվել օտար ափերում գտնվող նրա շիրիմին:
Հունիսի 17-ին Ստեփանակերտի ՙՂարաբաղ՚ ֆուտբոլային թիմի վետերաններն այցելել են    Վլադիմիր Պետրոսյանի տոհմական գերեզմանոց, որտեղ նրա ծնողների շիրիմների հարևանությամբ հուշաքար են տեղադրել` հավերժացնելու իրենց խաղընկերոջ հիշատակը: Այդ օրը լրացել էր Վլադիմիր Պետրոսյանի մահվան 40-րդ օրը: Շուշիի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանը մատուցել է հոգեհանգստյան պաշտոն:
Ռազմիկ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՀ և ԼՂՀ սպորտի վաստակավոր գործիչ, Վ. Պետրոսյանի մարզիչը. ¬Նրան գիտեի դեռ 1966-ից, երբ սկսեց ֆուտբոլ պարապել ինձ մոտ։ Առիթը ՙԿաշվե գնդակ՚-ի մրցումներն էին, որտեղ նա ճանաչվեց որպես լավագույն դարպասապահ։ Որպես մարզիկ շատ կարգապահ էր, իր նկատմամբ շատ պահանջկոտ։ Խստորեն հետևում էր սպորտային ռեժիմին։ Սիրում և հարգում էր իր խաղընկերներին՝ արժանանալով նրանց փոխադարձ սիրուն և հարգանքին։ Նախավարժանքի ժամանակ օրինակ էր բոլորի համար, նուրբ հումոր ուներ։
Ու երբ արդեն ինքը մարզիչ էր Կրասնոդարի երկրամասում, հաճախ էինք կապվում հեռախոսով, ու ինքն ասում էր, որ իմ խստապահանջությունը դրական ազդեցություն է ունեցել իր ճակատագրում, և ինքն էլ նույն կերպ վարվելով՝ հասել է հաջողությունների մարզչական աշխատանքում։ Ուշքն ու միտքը  միշտ այստեղ էր, ամեն անգամ էլ գալուց ձգտում էր խաղընկերներից յուրաքանչյուրին, որպես հիշատակ, ինչ¬որ   հուշանվեր բերել։     
Կառլեն ՍԻՄՈՆՅԱՆ, ՀՀ  և  ԼՂՀ  վաստակավոր  մարզիչ, Վ. Պետրոսյանի  թիմակիցը.- Ինքը 70-80-ականների մեր թիմի սյուններից մեկն էր: Սպորտսմեն էր բառիս բուն իմաստով, միշտ հավաք, կենտրոնացած, կարգապահ: Ողջ էությամբ ֆուտբոլին էր տրված: Եվ պատհական չէ, որ մարզական կարիերայից հետո ընտրելով մարզչի մասնագիտությունը, այստեղ նույնպես փայլեց` ընդմիշտ իր անունը թողնելով ռուսական` մասնավորապես, կրասնոդարյան ֆուտբոլի պատմության մեջ:
Շատ ծանր է գիտակցելը, որ Վլադիմիրն այլևս մեզ հետ չէ: Նա, հիրավի, մեկն էր նրանցից, ովքեր փառաբանեցին մեր ֆուտբոլն Արցախի սահմաններից դուրս: Ապրելով և աշխատելով հեռու, նա երբեք չկտրվեց արցախյան ֆուտբոլից: Միշտ ձգտում էր ներկա լինել թիմի կամ նրա անդամներից մեկի տարատեսակ հոբելյաններին ու հիշարժան միջոցառումներին: Առիթը բաց չէր թողնում որևէ կերպ օգնելու հայրենի եզերքի ֆուտբոլին` մանկապատանեկան ֆուտբոլին ու վետերան խաղացողներին։ 
 
 
Կարեն ՄԻՐԶՈՅԱՆ