[ARM]     [RUS]     [ENG]

ԱՎԱՐՏՎԵՑ ՙԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ՚ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ

030701.jpgՀունիսի 29-ից հուլիսի 1-ը Ստեփանակերտի Շահումյանի անվան մարզադաշտում տեղի ունեցավ ՙԼավագույն մարզական ընտանիք՚ մրցույթի հանրապետական փուլը։ Արդեն ավանդույթ դարձած այս միջոցառմանը մասնակցեցին ԼՂՀ շրջանների և Ստեփանակերտ քաղաքի 27 ընտանիքներ։ Նշենք, որ  մրցույթն առաջին անգամ անց է կացվել Հայաստանի Հանրապետությունում, Ռոբերտ Քոչարյանի բարձր հովանու ներքո, 2004թ., իսկ Արցախում այն կազմակերպվում է 2007 թվականից։ Միջոցառումը ֆիզիկական կուլտուրայի միջոցով քարոզում է  ընտանեկան կապերի ամրապնդում և առողջ կենսակերպի արմատավորում։ 
ԼՂՀ ԿԱ սպորտի պետական կոմիտեի սպորտի զարգացման և մարզական հերթափոխի համակարգման բաժնի վարիչ, մրցույթի գլխավոր մրցավար Լևոն Գասպարյանի պարզաբանմամբ՝ միջոցառմանը մասնակցող ընտանիքների թիվը տարեցտարի աճում է, մրցապայքարն առավել թեժ է դառնում։ Համաձայն կանոնակարգի՝ յուրաքանչյուր տարիքային խմբի համար սահմանված էին մրցույթի մարզաձևերը։ Միջոցառումն, ի տարբերություն նախանցյալ տարիների, այս անգամ անցկացվեց չորս տարիքային խմբերով (նախկինում երեք տարիքային խմբերով էր)։ 
Լ. Գասպարյանի խոսքերով՝ նման մրցաշարերը հնարավորություն են ընձեռում բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով կազմակերպել ակտիվ հանգիստը, արմատավորել  ընտանեկան կապերը, առողջ կենսակերպի գաղափարներ։ Ընդհանրապես, ՙԼավագույն մարզական ընտանիք՚ մրցույթը կազմակերպվում է երեք փուլով՝ շրջանային, քաղաքային և հանրապետական, իսկ  եզրափակիչ փուլն անց է կացվում Հայաստանի Հանրապետությունում։ Առաջին փուլն անց է կացվել հունիսի 1-15-ը,  Ստեփանակերտ քաղաքում և հանրապետության 7 շրջաններում։ Հանրապետական փուլն արդեն ավարտվեց հուլիսի 1-ին, Ստեփանակերտում, իսկ եզրափակիչ փուլը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ կկազմակերպվի օգոստոսին՝ ՀՀ  Ծաղկաձոր քաղաքի մարզահամալիրում։ Արցախում մրցույթի կազմակերպման և անցկացման անմիջական պատասխանատվությունը կրեցին ԼՂՀ շրջվարչակազմերը, Ստեփանակերտի քաղաքապետարանը, ԼՂՀ ԿԱ սպորտի պետական կոմիտեն։ Մրցումների անցկացման անմիջական պատասխանատվությունն ստանձնել է սպորտկոմիտեի կողմից հաստատված մրցավարական հանձնախումբը։ 2-րդ փուլի մրցույթի հետ կապված ճանապարհածախսի, սննդի, գիշերավարձի և այլ ծախսերը հոգացել է ԼՂՀ ԿԱ սպորտի պետական կոմիտեն։   
Մրցույթի գլխավոր մրցավարի տեղեկատվությամբ՝ մասնակից ընտանիքների մեծ մասը մինչ հանրապետական փուլը շուրջ մեկ ամիս պարապում էր Ստ. Շահումյանի անվան մարզադաշտում,  արդյունքներն էլ ակներև են։ Մրցույթի մարզաձևերն էին՝ խաղային փոխանցումավազք՝ 30 մետր, 80մ, վարժություն բասկետբոլի գնդակով, պարանի ձգում, խաղային փոխանցումավազք՝ մարմնամարզական օղակներով, հեռացատկ տեղից, խաղային փոխանցումավազք։ Համառ պայքարից հետո 1-ին տարիքային խմբում 1-ին տեղը զբաղեցրին Արմեն Հակոբյանի (ք. Շուշի), 2-րդ՝  Էրիկ Գալստյանի (ք. Ստեփանակերտ), 3-րդ՝ Ռոբերտ Ավետիսյանի (Հադրութի շրջան, գ. Մեծ Թաղեր) ընտանիքները։ 2-րդ տարիքային խմբում 1-ին տեղը զբաղեցրին Նանսեն Մելքումյանի (Ասկերանի շրջան, գ. Խնապատ), 2-րդ տեղը՝ Վահրամ Թովմասյանի (ք.Ստեփանակերտ) և 3-րդ տեղը՝ Սամվել Աբրահամյանի ընտանիքները (Մարտունու շրջան, գ. Ծովատեղ)։ 3-րդ տարիքային խմբում 1-ին տեղում էին Կարեն Մելքումյանի (ք. Ստեփանակերտ), 2-րդ տեղում՝ Արթուր Մկրտումյանի (ք. Ստեփանակերտ), 3-րդ տեղում՝ Դավիթ Դավթյանի (Շուշիի շրջան, գ. Մեծ Շեն) ընտանիքները։ 4-րդ տարիքային խմբում 1-ին տեղը գրավեց Ժիրայր Հայրապետյանի ընտանիքը (ք.Շուշի), 2-րդ և 3-րդ տեղերում էին Աշոտ Հայրապետյանի (ք.Ստեփանակերտ) և Ղարիբ Ահարոնյանի (Մարտունու շրջան, գ. Սոս) ընտանիքները։ Մրցանակային տեղեր գրաված ընտանիքները ԼՂՀ ԿԱ սպորտի պետական կոմիտեի կողմից պարգևատրվել են դրամական պարգևներով, դիպլոմներով, ինչպես նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պատվոգրերով։ Այս բոլոր ընտանիքներն իրավունք են նվաճել Ծաղկաձորում մասնակցելու ՀՀ նախագահի մրցանակի համար մրցույթի եզրափակիչ փուլին։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ