[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆՈՒՆ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

DSC_3394.jpgԻնչպես տեղեկացրել ենք մեր թերթի նախորդ համարում, հուլիսի 1-8-ը ԼՂՀ մշակույթի և երտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ Արցախում անց է կացվում պատանի երաժիշտների ՙՏնջրե՚ միջազգային 3-րդ փառատոնը: 
Մեկնարկը, ըստ ավանդույթի, սկսվեց փառատոնը խորհրդանշող հազարամյա սոսի ծառից` փոքրիկ համերգով, որն իր հերթին խորհրդանշում էր պատանի երաժիշտների` դասական  երաժշտությանը ծառայելու պատրաստակամության երդումը։ 
Փառատոնի մասնակիցների խումբը` ԼՂՀ մշակույթի և երտասարդության հարցերի  փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ, այնուհետև ուղևորվեց Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տող գյուղեր: Մեծ Թաղերում նրանք ծանոթացան հայկական ազգային արհեստներին, ուտեստներին, փորձեցին իրենց իսկ ձեռքերով պատրաստել, համտեսել, ազգային երգ ու պար լսել և, ինչու չէ, նաև  շուրջպարի  մեջ  մտնել։ Իսկ Տողում խումբն այցելեց ութ տարին բոլորած   Տողի արվեստի դպրոցը, ծանոթացավ բոլոր բաժիններին և տվեց ևս մեկ փոքրիկ համերգ դպրոցի սաների և գյուղի երաժշտասեր հասարակության համար: Չենք  կարող չշեշտել, թե ինչ ոգևորություն առաջացրեց համերգը դահլիճում, որտեղ հավաքվել էին հիմնականում արվեստի դպրոցի սաները: Առաջին անգամ նման մակարդակի երաժիշտների փայլուն ելույթները հնչում էին այդ դահլիճի պատերի ներքո: Պատահական չէ, որ մինչ հանդիսավոր բացումը, որը տեղի ունեցավ հաջորդ օրը Ստեփանակերտում, փառատոնն սկսեց իր աշխատանքը գյուղական այդ վայրերում տված փոքրիկ համերգներով: Քիչ-ինչ առաջ անցնելով նշենք, որ, ընդհանրապես, մասնակիցները պետք է շրջեն հանրապետության մյուս շրջանների գյուղերն ու շրջկենտրոնները` համերգներով հանդես գալու նպատակով: Կազմակերպիչների մտահղացմամբ, շրջաններում, գյուղական վայրերում տված այդ համերգները կոչված են էլ ավելի զարգացնել, ուժեղացնել սերը  դասական երաժշտության նկատմամբ, ինչն էլ փառատոնի գերնպատակներից մեկն է:
Պատկերացնել կարելի է, թե ինչ ոգևորությամբ էր սպասում Ստեփանակերտի երաժշտասեր հասարակությունը փառատոնի բացման արարողությանը, որը տեղի ունեցավ հուլիսի 2-ին, մայրաքաղաքի Մշակույթի և երիտասարդության պալատում: Բացմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքիեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր: Հիշեցնենք, ՙՏնջրե՚ փառատոնն առաջին անգամ անցկացվեց 2010 թվականին, երկրորդը` 2011-ին, և ահա այս տարի անցկացվում է երրորդ անգամ: Ամեն տարի փառատոնը բացելու պատիվը ստանձնում է Արցախի պետական կամերային նվագախումբը` իր անփոփոխ ղեկավար Գևորգ Մուրադյանի գլխավորությամբ: 
ՙՏնջրե՚ 3-րդ փառատոնի բացմանը նվիրված համերգին առաջինը ելույթ ունեցավ արցախցի շնորհալի ջութակահար Դավիթ Հակոբյանը` Կ. Սեն Սանսի Ռոնդո Կապրիչիոզո հանրահայտ ստեղծագործության հմուտ կատարմամբ: Ի դեպ, ինչպես հայտարարվեց բեմից, պատանի ջութակահարը ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցմամբ կատարելագործման ուղին կշարունակի Գերմանիայում: Արցախցի ջութակահարին հաջորդեց ռուսաստանցի մասնակիցը` ֆագոտահար Վլադիմիր Պրոցենկոն: Այդ անսովոր ու հազվագյուտ գործիքի վրա նա վարպետությամբ կատարեց  Մոցարտի ֆագոտի և նվագախմբի համար Կոնցերտի 2-րդ և 3-րդ մասերը:
Անշուշտ,  Ստեփանակերտի երաժշտասեր հասարակության համար մեծ նվեր էր համերգի երրորդ մենակատար` ԱՄՆ-ից ժամանած հանրահայտ դաշնակահար Տոմաս Հեչտի` Բեթհովենի 4-րդ Կոնցերտի 3-րդ մասի փայլուն կատարումը: Դահլիճն ասես կախարդված էր այդ աննման ստեղծագործության աստվածային հնչյուններից։ Բուռն ծափահարություններով, ՙբրավո՚ բացականչումներով  հանդիսատեսն արտահայտեց իր խորին երախտապարտությունը մեծ երաժիշտին: Նշենք, որ հանրահայտ երաժիշտը երկու օր շարունակ պատանի դաշնակահարների համար վարպետության դասեր է անցկացրել Ստեփանակերտի  Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում:
Սակայն փառատոնի բացմանը նվիրված համերգը մոտենում էր իր ավարտին, և բոլոր մասնակիցները հրավիրվեցին բեմ: Նրանց շնորհավորելու և հաջող հանդես գալու մաղթանքներով բեմ բարձրացավ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: Ողջունելով մասնակիցներին և հանդիսատեսներին՝ նա մասնավորապես ասաց. ՙԱրցախն ունի մի պատմություն, մի ժողովուրդ, որի ամենակարևոր գծերից են ազատատենչ ոգին, ավանդապաշտությունը և հյուրասիորւթյունը: Մենք հարուստ ենք մեր պատմամշակութային ժառանգությամբ և ավանդույթներով, որոնց արմատներն  այնքան խոր են ձգվում, որքան մեր փառատոնի խորհրդանիշ Տնջրեի արմատներն են: Մենք ուրախ ենք և հպարտ, որ Արցախի նորագույն պատմության մեջ մեր օրերում նույնպես ստեղծվում են այնպիսի ավանդույթներ, որոնք պատիվ կբերեն յուրաքանչուր ժողովրդի: Այդպիսի նոր ավանդույթներից է պատանի երաժիշտների ՙՏնջրե՚ միջազգային փառատոնը: Ամեն անգամ մենք հրավիրում ենք մեր հյուրերին աշխարհի տարբեր երկրներից, և նրանք գալիս են` անտեսելով բազում դժվարություններ, պարզապես վստահելով մեզ, գալիս են և մեզ պարգևում ոգու տոն՚: Նախարարը հատուկ ջերմությամբ ողջունեց այն մասնակիցներին ու հյուրերին, որոնք արդեն երկրորդ անգամ են մասնակցում փառատոնին: Իսկ Ֆինլանդիայից ժամանած հմուտ մանկավարժ, ճանաչված մասնագետ Գրաժինա Ջերանսկա-Գեբերտին, որն անցյալ տարվանից սկսած՝ մեծ օգնություն ցուցաբերեց արցախցի շնորհալի երեխաներին որակյալ գործիքներով ապահովելու գործում, նախարարը հանձնեց հուշանվեր և Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված հուշամեդալ, դրանով իսկ փաստելով, որ այն, ինչ արվում է այսօր մեր բարեկամների կողմից, լիովին համահունչ է մեր ձգտումներին, մեր պայքարի գաղափարախոսությանը:
Եվ այսպես, հուլիսի 3-5-ը Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում ժամը 10.00-14.00-ը տարբեր դահլիճներում կանցկացվեն վարպետության դասեր արցախցի պատանի դաշնակահարների, ջութակահարների համար: Ստեփանակերտի երաժշտասեր հասարակությունը կարող է վայելել փառատոնի մասնակիցների ելույթները հուլիսի 4-ին, 6-ին: Իսկ հուլիսի 7-ին տեղի կունենա գալա համերգը, որի ժամանակ հանդես կգան գրեթե բոլոր մասնակիցները: Սակայն փառատոնն իր աշխատանքը կավարտի հուլիսի 8-ին՝ Քարվաճառում տված համերգով, դրանով իսկ հավատարիմ մնալով բռնած նոր ուղղությանը` հնարավորինս ընդգրկել շրջանները, դասական երաժշտությունը հասանելի դարձնել նրանց:
 
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ