[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԾ ԱՐՎԵՍՏԻ ԱՆՄԱՐ ԼՈՒՅՍԸ

DSC_1901.jpgԴասական երաժշտության մեկ շաբաթ տևող տոնը, որ պարգևեց մեզ պատանի երաժիշտ-կատարողների ՙՏնջրե՚ 3-րդ միջազգային փառատոնը, ավարտվեց հուլիսի 7-ին` մայրաքաղաքի Մշակույթի և երիտասարդության պալատում տված գալա համերգով և հուլիսի 8-ին` Քարվաճառում տված փոքրիկ համերգով:
Հիշեցնենք, որ փառատոնն իր աշխատանքը սկսել է հուլիսի 1-ից: Ընդհանուր առմամբ, այդ ութ օրերի ընթացքում միջոցառման մասնակիցները մեր հանրապետությունում տվեցին 12 համերգ:
 Աշխարհի 13 պետություններից ժամանած շնորհաշատ երաժիշտների գեղեցիկ կատարումները հնչեցին երկու հազար տարեկան տնջրե ծառի հզոր ՙթեւերի՚ տակ, Հադրութի շրջանի Տող, Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղերի արվեստի դպրոցներում, Մարտունի շրջկենտրոնի Մշակույթի տանը, Շուշիում` Նարեկացի արվեստների միությունում, Կերպարվեստի թանգարանում, քանիցս  մայրաքաղաքում` Մշակույթի և երիտասարդության պալատում, ՙVallex garden՚ հյուրանոցում, Քարվաճառում` ամենուրեք տարածելով մեծ արվեստի անմար լույսը:
Բնականաբար, լավագույն ելույթներով նրանք հանդես եկան գալա համերգին, որին ներկա էին երկրի ղեկավարը՝ Բակո Սահակյանը, խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, փառատոնի գլխավոր հովանավոր՝ Պռոշյանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն Արմեն Գասպարյանը՝ իրենց տիկնանց հետ, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր: 
Ծրագիրը հարուստ ու տարաբնույթ էր, և բոլոր ստեղծագործությունները կատարվում էին նվագախմբի հետ: Ընդ որում, ըստ կազմակերպիչների մտահղացման, բացմանը նվիրված համերգին նվագախումբը ղեկավարում էր ԼՂՀ վաստակավոր գործիչ, մաեստրո Գևորգ Մուրադյանը, իսկ գալա համերգին` լիտվացի երիտասարդ, բայց արդեն աշխարհում համբավ ձեռք բերած դիրիժոր Ռիչարդաս Շումիլան: 
Այդ երեկոյան հանդես եկան փառատոնի բոլոր մասնակիցներն էլ: Համերգի առաջին մասում ելույթ ունեցան Դիանա Մեսրոպյանը (Արցախ, ջութակ), Լյուկա Լյուբասը (Ճապոնիա, ջութակ), Ալիաշ Կալին Կանտեն (Սլովենիա, կլառնետ), Դավիթ Բախշիյանը (Արցախ, դաշնամուր): Հնչեց Մոցարտի N 3 կոնցերտը՝ ջութակի և նվագախմբի համար, ընդ որում, 1-ին մասը նվագեց արցախցի Դիանան, 2-րդ և 3-րդ մասերը՝ ճապոնացի Լյուկան: Սլավոնացի Ալիաշը մեծ վարպետությամբ կատարեց Մ. Վեբերի Կանցերտինոն՝ կլառնետի և նվագախմբի համար: Իսկ արցախցի Դավիթը եզրափակեց առաջին մասը` նվագելով Յ. Ս. Բախի Կոնցերտը՝ դաշնամուրի և լարային նվագախմբի համար: Երկրորդ մասում հանդես եկան փառատոնի մյուս մասնակիցները. Քլարենս Լին (Սինգապուր, դաշնամուր) կատարեց Լ. Վ. Բեթհովենի դաշնամուրի և նվագախմբի համար N 5 կոնցերտի 3-րդ մասը, Ռեբեկա Ռուզեմանը (Ֆինլանդիա, ջութակ) իր տարիքին ոչ հատուկ (նա ամենափոքր մասնակիցն էր) հուզականությամբ նվագեց Ժ. Մասնեի ՙԹաիս՚ ստեղծագործությունը, Երեմիա Ֆլիդելը (Ավստրիա, թավջութակ)` Յո. Հայդնի Կոնցերտը թավջութակի և նվագախմբի համար, Մարիա Արյոլը (Բելառուս, ակորդեոն)` Ռ. Գալիանոյի ՙՕպալ կոնցերտո՚ ստեղծագործության 2-րդ մասը, Իրիս Կաասինենը (Ֆինլանդիա, ջութակ)՝ Է. Միրզոյանի ՙԻնտրոդուկցիա և անընդհատ շարժում՚ հայտնի ստեղծագործությունը: Եվ բոլորն էլ, իրավամբ, հանդիսատեսի կողմից արժանանում էին ամենաջերմ ընդունելության։ Բազմաթիվ մենակատարումներով հանդես եկած ֆագոտահար Վլադիմիր Պրոցենկոն այս անգամ նստած էր նվագախմբի փողայինների շարքում՝ իր հասակակից ստեփանակերտցի և երևանցի գործընկերների հետ: Նշենք նաև նրանց անունները` Արտաշես Գրիգորյան (ֆլեյտա), Արսեն Գրիգորյան (կլառնետ), Լիլիթ Մարգարյան (հոբոյ), Ալբերտ Թորոսյան (ֆագոտ), Արսեն Գրիգորյան (առաջին վալտորն), Արսեն Գևորգյան (երկրորդ վալտորն), Արսեն Բաբայան (առաջին շեփոր), Գոռ Աղաբեկյան (երկրորդ շեփոր՝ շնորհաշատ երիտասարդներ, առանց որոնց վարպետ վարպետ կատարումների նվագախումբը չէր ստանա լիարժեք հնչողություն:
Դասական երաժշտության գոհարներից շատերն այդ երեկո  հնչեցին ՙՏնջրե՚ փառատոնի մասնակիցների կատարմամբ` մեծագույն հաճույք պարգևելով այդ երաժշտության սիրահարներին: Եվ արտահայտելով հանդիսատեսի տպավորություններն ու կարծիքները՝ նրանց անունից ևս մեկ անգամ խորին երախտագիտություն հայտնենք փառատոնի կազմակերպիչներին` ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը` ի դեմս նախարար Նարինե Աղաբալյանի, փառատոնի գեղարվեստական ղեկավար Օլգա Արզումանյանին, գլխավոր հովանավոր` Պրոշյանի կոնյակի գործարանի տնօրենությանը, հովանավորներ ՙԲեյզ Մեթըլս՚, ՙԱրցախբանկ՚, ՙԷյ-Ի-Ջի՚ ընկերություններին։ Բեմ դուրս եկած փառատոնի բոլոր երաժիշտ-կատարողներին` հրավերն ընդունելու և ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար իր հերթին շնորհակալություն հայտնեց նախարար Նարինե Աղաբալյանը: Հուշանվերներ հանձնելով մասնակիցներին՝ նա կարևորեց փառատոնի անցկացումը թե՜ Արցախում մշակույթի զարգացման և թե՜ մեր երկրի միջազային ճանաչման գործում: ՙՀամատեղ ջանքերով մենք իրականացրինք մի ծրագիր,- ասաց նա,- որը բացառիկ է նրանով, որ թե՜ անմիջական և թե՜ հեռագնա արդյունքներ է ապահովում։ Փառատոնի օրերին վայելում ենք հրաշալի երաժշտություն տաղանդավոր երաժիշտների կատարմամբ: Փառատոնի շրջանակներում կազմակերպվում են վարպետության դասեր, որոնք, անշուշտ, մեծ ազդեցություն են ունենում մեր պատանի երաժիշտների ստեղծագործական կարողությունների զարգացման առումով։ Իսկ այն տպավորությունները, որ ստացել են փառատոնի մասնակիցները մեր երկրից, վստահ եմ, կնպաստեն իրենց երկրներում Արցախի մասին ճիշտ պատկերացման ձևավորմանը՚: 2013թ. փառատոնն  առանձնանում է նաև նրանով, նշում է նախարարը, որ փորձ արվեց հոգու այս տոնը տարածել, հասցնել մեր երկրի հեռավոր անկյունները: Փառատոնը նպաստեց նաև ոլորտում առկա խնդիրների հայտնաբերմանը: Հենց փառատոնի օրերին գիտակցվեց անհրաժեշտությունը և որոշվեց ստեղծել երաժշտական գործիքների հիմնադրամ, որի նպատակը պետք է լինի մեր շնորհալի երեխաներին ապահովել անհրաժեշտ գործիքներով ու այլ պարագաներով:
Փառատոնի մասնակիցների անունից ԼՂՀ իշխանություններին, հովանավորներին, հանդիսատեսին խորին երախտագիտություն հայտնեց Գրաժինա Գերանսկա-Գեբերտը` հույս հայտնելով, որ այս հրաշալի հանդիպումները, համախմբումը մեծ արվեստի շուրջ, փոխհամագործակցությունը շարունակություն կունենան, քանի որ Արցախը հարազատ մի երկիր է դարձել, որի մշակույթի զարգացման մեջ կցանկանա ունենալ իր ուրույն ներդրումը: Նրա կողմից կազմակերպված հանգանակություններից հավաքված գումարով ձեռքբերված երկու ջութակներից մեկը նա նվիրեց խոստումնալից ջութակահար Դիանա Մեսրոպյանին և այդ ասպարեզ նոր ոտք դրած շնորհալի պատանի Գուրգեն Ավագյանին: Իսկ փառատոնի նախօրեին, դարձյալ հանգանակումներից գոյացած գումարով ձեռք բերվեց երեք դաշնամուր, որոնք որպես նվիրատվություն, հանձնվեցին Տողի, Աստղաշենի արվեստի դպրոցներին և Քարվաճառի մշակույթի տանը։ 
Փառատոնից մասնակիցների՝ մեր երկրից ստացած տպավորությունները, կարծիքները կներկայացնենք թերթի առաջիկա համարներում, իսկ հիմա հանդիսատեսի հետ մեկտեղ հրաժեշտ տանք ՙՏնջրե-2013՚ փառատոնի մասնակիցներին` ակնկալելով նոր հանդիպումներ։   
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ