Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՅԱՑԱՆ

altԻնչպես արդեն տեղեկացվել է՝  2013թ. հուլիսի 4-ին ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունը մրցույթ էր հայտարարել Արցախի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար։ Օգոստոսի 14-ին տեղի ունեցած ԱրՊՀ խորհրդի նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, նվիրված էր ռեկտորի ընտրությանը։ Խորհրդի 28 անդամներից նիստին ներկա էր 27-ը։ 
Բացելով նիստը՝ Արա Հարությունյանը նշեց, որ սահմանված ժամկետում ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտագրվել է երկու թեկնածու՝ Մանուշ Մառլեստի Մինասյանը և Հովիկ Գաստելլոյի Մուսայելյանը։
Խորհրդի քարտուղար Անահիտ Պողոսյանը, ներկայացնելով ԱրՊՀ ռեկտորի ընտրության ընթացակարգի սահմանված պահանջները, ասաց, որ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտագրված երկու թեկնածուների փաստաթղթերը համապատասխանում են դրանց։ Մասնավորապես նշվեց, որ երկու հավակնորդներն էլ ինքնաառաջադրվել են։
Օրակարգի ենթահարցերից մեկի համաձայն՝ ռեկտորի թեկնածուները պարտավոր են խորհրդի անդամներին իրազեկել իրենց ծրագրերի մասին։ Այդ նպատակով առաջինը ելույթ ունեցավ և իր կողմից արդեն իսկ ներկայացված՝ համալսարանի զարգացման ծրագրի հիմնական դրույթների մասին խոսեց Մանուշ Մինասյանը։
Իր խոսքում ռեկտորի թեկնածուն ասաց, որ, լինելով հանրապետությունում բարձրագույն կրթության ոլորտում առաջատարը, ԱրՊՀ-ն պետք է մշտապես հանդես գա ուսանողամետ նորարարական կրթական ծրագրերով, ապահովի կրթական բարձր չափորոշիչներ, խրախուսի իր ուսանողների և դասախոսների՝  կատարելության հասնելու ձգտումը։ Կրթական ծրագրերի արդիականացում, գիտության և նորարարական գործունեության զարգացում, կադրային ներուժի զարգացում, ենթակառուցվածքների որակական բարելավում և սոցիալական համագործակցության զարգացում. սրանք են, ըստ թեկնածուի՝ ռազմավարական նշանակություն ունեցող նպատակներին հասնելու այն քայլերը, որոնք նա կարևորում է նախևառաջ։  
Կրթական գործունեության արդիականացումը, Մ. Մինասյանի կարծիքով, ենթադրում է, որ համալսարանը պետք է տարածաշրջանում դառնա առաջատարը կամ դրանցից մեկը, մշտապես ապահովի բարձր չափանիշներ և ստեղծի բոլոր նպաստավոր պայմանները՝ իր ուսանողների ներուժի լիարժեք իրացման համար։ Այդ նպատակով նա կարևորեց բակալավրի և մագիստրոսի ծրագրերի մասնագիտությունների ճշգրտումը. խոսքը հատկապես վերաբերում էր չկայացած, զարգացման հեռանկար չունեցող և համալսարանի իրական հնարավորություններից վեր մասնագիտությունների կրճատմանը։ Ձգտելով արդիականացնել կրթական ծրագրերը և շրջանավարտներին ապահովել ապագա աշխատանքի երաշխիքով, համալսարանը պարբերաբար պետք է իրականացնի հիմնական գործընկերային կազմակերպությունների մասնագետների նկատմամբ ունեցած պահանջարկի համալիր ուսումնասիրություն։ ՙԹերևս ժամանակն է, որպեսզի դասախոսի ուսուցողական գործունեությունից անցում կատարենք ուսանողի՝ առավել ևս մագիստրոսի, ճանաչողական գործունեությանը՚,- ասաց Մ. Մինասյանը։ Նա կարևորեց նաև ուսանողների ուսումնառության արդյունքների գնահատման համակարգի օբյեկտիվության և հրապարակայնության բարձրացումը, ինչը կնպաստի ուսանողների կողմից հիմնարար գիտելիքների ստացմանը։ 
Խոսելով գիտական գործունեության զարգացմանն ուղղված ծրագրերից՝ ռեկտորի թեկնածուն նշեց, որ առավելագույնս պետք է օգտագործվի համալսարանի գիտական ներուժը՝ երկրի տնտեսության զարգացման, հասարակության բարեկեցութան բարձրացման ուղղությամբ։ Մասնավորապես կարևորվեց համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի՝ գիտահետազոտական աշխատանքներում ներգրավվածության մեծացումը։ Մ. Մինասյանի համոզմամբ՝ յուրաքանչյուր դասախոսի աշխատանքի վարձատրությունը պետք է անմիջականորեն կախվածության մեջ դրվի նրա տված գիտական արդյունքից։ Միաժամանակ կարևոր համարվեց գիտական աստիճանների համար տրվող հավելավճարների վերանայումը, ինչպես նաև գիտական աշխատանքներում մագիստրանտների և ասպիրանտների ներգրավվածության խրախուսումը, ուսանողների փորձուսուցման գիտահետազոտական ուղղվածության ապահովումը, համալսարան-տնտեսություն համագործակցության ապահովումը և այլն։
Կադրային ներուժի զարգացման վերաբերյալ, ըստ ռեկտորի թեկնածուի՝ համալսարանը պետք է նախանձնախնդիր լինի իր պրոֆեսորադասախոսական կազմի պարբերաբար կատարելագործման և համալրման հարցում, ինչի համար նպաստավոր պայմաններ են անհրաժեշտ. խոսքը հատկապես արժանավայել վարձատրության ներդրմանն էր վերաբերում։ ՙԿարծում եմ, պետք է մշակվեն  համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի պարբերաբար թարմացման և ընդլայնման որակական հատկանիշների բարձրացմանն ուղղված հեռանկարային ծրագրեր՝ ասպիրանտական կրթությունն ուղղորդելով դեպի համապատասխան պահանջարկ ունեցող մասնագիտություններ՚,- ասաց Մ. Մինասյանը։ Այս ամենի իրականացման համար նախատեսվում է ֆինանսական միջոցների հոսքերի կառավարում ու դրանց արդյունավետության բարձրացում։ ՙԿարծում եմ, պետք է քայլեր  ձեռնարկվեն համալսարանի՝ պետբյուջեից ստացվող միջոցների ծավալների աճն ապահովելու համար, ինչը մասամբ տեսնում եմ պետական ծրագրերին համալսարանի մասնակցության աճով, մասամբ էլ՝ յուրաքանչյուր ուսանողի համար պետության կողմից տրվող նվազագույն շեմի բարձրացմամբ։ Շատ կարևոր են նաև համալսարանի կողմից մատուցվող ծառայությունների ծավալի ավելացումը, դրամաշնորհային ծրագրերում ընդգրկվելը, համալսարանի թափուր, անգործունակ հաստիքների կրճատումը՚,- հավելեց Մանուշ Մինասյանը։ Նա կարևորեց բուհում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, բարոյահոգեբանական մթնոլորտի և արտաքին կապերի ստեղծման ու ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Ռեկտորի թեկնածուն հակիրճ խոսեց նաև համալսարանի զարգացման իր ծրագրի մյուս դրույթների մասին, ապա պատասխանեց խորհրդի անդամների հարցերին։ Դրանք վերաբերում էին վճարովի համակարգում վարձավճարների բարձրացմանը, համալսարանի կառուցվածքային փոփոխություններին, թեստային առաջադրանքներով կազմակերպվող քննություններին և կրեդիտային համակարգի առանձնահատկություններին։            
Մյուս թեկնածուն՝ Հովիկ Մուսայելյանը, ինքնաբացարկ տվեց։ 
Լսելով ռեկտորի պաշտոնի հավակնորդ Մանուշ Մինասյանի ելույթը՝ ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը հավանության արժանացրեց ներկայացված դրույթները, որտեղ, ըստ նախարարի, ներառված են բոլոր այն ոլորտները, որոնք անհրաժեշտ են համալսարանի հետագա գործունեության ճիշտ կազմակերպման համար։ Նա միաժամանակ կարևորեց ռեկտորի դերը համալսարանի զարգացման գործում, և ընտրվելու դեպքում թեկնածուն պետք է հետամուտ լինի ներկայացված դրույթների իրագործմանը։ 
Իր խոսքում Արա Հարությունյանը ներկայացրեց ռեկտորի թեկնածու Մանուշ Մինասյանի՝ մինչ այդ գործունեության ոլորտները։ Աշխատել է ընդամենը երեք կոլեկտիվում՝ ՙՀայագրոբանկի՚ Մարտունու մասնաճյուղ, ԼՂՀ  ԿԱ հարկային պետական ծառայություն և Ազգային վիճակագրական ծառայություն։ Եվ, ըստ վարչապետի խոսքերի՝ բոլոր տեղերում էլ ցուցաբերել է բարձր պատասխանատվութուն,  իրեն դրսևորել գերազանց։ ՙՀամալսարանի ռեկտորը մեր երկրի համար շատ կարևոր պաշտոն է, և մենք գիտակցում ենք այն մարտահրավերները, որոնք սպասում են մեզ բարձրագույն  կրթության ոլորտում։ Ճանաչելով նրան՝ համոզված ենք, որ նրա կողմից իրականացված բարեփոխումները մեկ քայլ առաջ կտանեն համալսարանը, և այն իր լուրջ մասնակցությունը կունենա երկրի տնտեսության զարգացման գործում։ Ես համոզված եմ, որ մեր ընտրությունը ճիշտ է լինելու։ Նրա  աշխատասիրությունն ու հմտությունը թույլ կտան արագ համակերպվել պաշտոնին՚,- ասաց Արա Հարույթունյանը։ 
Փակ գաղտնի քվեարկության համար ընտրվեց հինգ հոգուց բաղկացած հաշվիչ հանձնաժողով։ 
Քվեարկությունից հետո հաշվիչ հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրեց արդյունքները. 23 կողմ, 3 դեմ և 1 անվավեր։ Քվեարկության այսպիսի արդյունքներով՝  Արցախի պետական համալսարանի ռեկտոր ընտրվեց Մանուշ Մինասյանը։  
 
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ