Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՏՈՆԸ ԽԹԱՆ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՍՊՈՐՏԸ

DSC_8948.jpgԱրցախում նշվեց Ֆիզկուլտուրնիկի օրը
Արդեն չորրորդ տարին է՝ Սեպտեմբերի 17-ը Արցախում նշվում է որպես Ֆիզկուլտուրնիկի օր։ Տոնը մեկ անգամ ևս փաստում է, որ մեր հանրապետության իշխանությունները վերջին տարիներին որդեգրել են սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացման նոր ռազմավարություն։ 
ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի և Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 17-ին մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում կազմակերպված միջոցառումը, որի կարգախոսն էր ՙԱռողջ սերունդ՝ հզոր հայրենիք՚, նվիրված էր Ֆիզկուլտուրնիկի օրվան։ Տոնական բարձր տրամադրությամբ այստեղ էին հավաքվել տարբեր մարզաձևերում հմտացած և իրենց առաջին քայլերն անող արցախցի մարզիկները։ 
Շնորհավորելով Արցախի մարզաշխարհի ներկայացուցիչներին՝ ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը նշեց, որ տոնը նաև խթան է՝ հանրապետությունում զարգացնելու ֆիզիկական կուլտուրան և սպորտը։ Իսկ տոնական միջոցառումները հանրապետությունում մեկնարկել են սեպտեմբերի 16-ին. այդ օրը Ստեփանակերտի Սիրահարների պուրակում տեղի է ունեցել խաղային փոխանցումավազք, որի ընթացքում մայրաքաղաքի դպրոցականների (տղաներ և աղջիկներ) հնգական հոգուց բաղկացած խմբերը դեպի մարզադաշտ տանող աստիճանների վրա հաղթահարել են հինգ արգելքներ։ Աղջիկների միջև ընդհանուր պայքարում 1-ին տեղն զբաղեցրել է 9-րդ դպրոցի հավաքականը, իսկ տղաների միջև՝ 10-րդ դպրոցի հավաքական թիմը։ Ընդհանուր հաշվարկով՝ և՜ աղջիկների, և՜ տղաների մրցույթում հաղթել և գավաթը նվաճել է հ. 9 դպրոցը։ Նույն օրը կրթօջախների հավաքականների միջև կայացել է նաև մինի-ֆուտբոլի մրցաշար՝ նվիրված Ֆիզկուլտուրնիկի օրվան։ 
Հիրավի, սպորտը մեր կյանքի կարևոր բնագավառներից է։ Ռազմիկ Հովսեփյանի հավաստմամբ՝  զգալիորեն աճել է ԼՂՀ մարզիկների մասնակցությունը Հայաստանի, Եվրոպայի, աշխարհի առաջնություններին և միջազգային մրցաշարերին։ Հայկական սպորտը վերջին տարիներին գրանցել է փայլուն հաղթանակներ, որոնք բարձրացնում են երկրի վարկանիշը։ Հանրապետությունում սպորտի զարգացմանն ուղղված կոնկրետ քայլեր են արվում. ստեղծվում են ֆեդերացիաներ, վերանորոգվում մարզահրապարակներ, կառուցվում մարզահամալիրներ։ Շրջկենտրոններում մարզական ակումբներ ու խաղադաշտեր են շարք մտնում, մարզադպրոցները համալրվում են մարզական գույքով, խրախուսվում են մարզիկներն ու մարզիչները։  
Այսօրվա դրությամբ Արցախում գործում է սպորտի 20 մարզաձև։ Ֆիզկուլտուրնիկի օրվա կապակցությամբ ցուցադրական համարներով այդ օրը հրապարակում էին յոթ մարզաձևերի ներկայացուցիչներ, որոնցից 6-ը՝ արևելյան մարզաձևերից (շուրջ 200 հոգի)։ Իսկ Արցախի շախմատի միակ գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանն այդ օրը քսան մրցակիցների հետ միաժամանակյա խաղ է անցկացրել։ Նշենք, որ 23-ամյա շախմատիստը գրոսմայստերի նորման ամիսներ առաջ է լրացրել։ Այս տարի նա մասնակցել է արտերկրում կազմակերպված բաց մրցաշարերի։ Ուժերը չափել է նաև շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում՝ զբաղեցնելով 6-րդ տեղը։
Ըստ Ռ. Հովսեփյանի՝ հանրապետությունում առավել զարգացած մարզաձևերն են սամբոն, թեթև աթլետիկան, կիոկուշին կան կարատե դո, թաեքվոնդոն և այլն։ ՙՄեր հիմնական նպատակը հանրապետությունում սպորտի զանգվածային տարածումն ու բարձրակարգ մարզիկների պատրաստումն է՝ տարբեր միջազգային մրցաշարերին մասնակցելու համար՚,- ասաց Սպորտի պետական կոմիտեի նախագահը։ 
Տոնն առանց նվերների ու պարգևների չանցավ. միջոցառմանը մասնակցած բոլոր մարզիկներն արժանացան նվերների, իսկ առանձին մարզաձևերում լավագույնը ճանաչվածները պարգևատրվեցին պատվոգրերով, դրամական պարգևներով։ 
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ