Logo
Print this page

ՀԵՔԻԱ՞Թ, ԹԵ ԵՐԱ՞Զ

11.jpgԿար մի  երանելի դպրոց՝ Ստեփանակերտի թիվ 6 գիշերօթիկը։ Բացման հենց առաջին օրից նրա տնօրենն է նշանակվում Սարգիս Արամյանը, իսկ ուսմասվար՝ Արաքսյա Հարությունյանը։ 
Դպրոցի բացման նպատակն է եղել ընդգրկել մարզի շրջաններում անասնապահությամբ, գյուղատնտեսական աշխատանքներով զբաղված ընտանիքների (նաև ծնողազուրկ) երեխաներին՝  կրթություն և դաստիարակություն տալ։
Արամյանը մինչ այդ Ստեփանակերտի ուսուցչական ինստիտուտում ֆիզիկայի դասախոս էր՝ հարուստ գիտելիքներով, մանկավարժին հատուկ կեցվածքով, օժտված հոգեբանական և փիլիսոփայական մտածողությամբ։ Փակվել էր ինստիտուտը, դասախոսներն իրենց աշխատանքը շարունակում էին դպրոցներում։ Սարգիս Նիկոլաևիչին էլ նշանակել էին գիշերօթիկի տնօրեն.  ճիշտ ու տեղին ընտրություն։ Բարձր կուլտուրայի տեր մարդ էր։
Անդուլ աշխատող էր։ Նա ստեղծեց մի այնպիսի դպրոց, որն օրինակելի էր ամբողջ Ադրբեջանում։  Երբ ԽՍՀՄ հանրապետությունների գիշերօթիկ դպրոցներից գալիս էին փորձի փոխանակման, պարզերես լինելու համար ուղարկում էին Ստեփանակերտ։
Դպրոցը բացվեց չորս դասարանով, տարեցտարի ընդարձակվեց և դարձավ միջնակարգ՝ ընդգրկելով մինչև 500 աշակերտ։ Սկզբում դասասենյակները, ննջարանները, ճաշարանն ու խոհանոցը, արհեստանոցն ու պահեստները գտնվում էին մի շենքում։ Չափազանց նեղվածք էր, մինչև կառուցեցին երկրորդ մասնաշենքը, որտեղ տեղափոխվեցին աշխատանքային բոլոր տեղամասերը, բացի դասասենյակներից։ Արամյանը հանգիստ չուներ՝ մեկ մարզկոմ, մեկ մարզխորհուրդ, շինտրեստ, մինչև շահագործման հանձնվեց շենքը։
Սարգիս Նիկոլաևիչը հաճախ էր լինում նաև հանրապետական և միութենական գիտամանկավարժական խորհրդակցություններում։ Հիշում եմ՝ ինչպիսի ոգևորությամբ էր մեզ պատմում Գորիսում Վիկտոր Համբարձումյանի մասնակցությամբ կայացած գիտաժողովի մասին։ Խորհրդակցությունների և գիտաժողովների էր գնում Մոսկվա, Կիև,այլ տեղեր։ Այդ տարիներին Միությունով մեկ թնդում էր մանկավարժ պրոֆեսոր Սուխոմլինսկու անունը։ Հանդիպում է ունեցել նրա հետ և գովեստով էր խոսում նրա մասին։ Որտեղ լավը նկատում, վերադառնալուց մի երկու օր պատրաստվում, գրառումներ էր անում՝  փակված իր կաբինետում, այնուհետև աշխատողներին հրավիրում էր դահլիճ, տեղեկացնում տեսածի ու լսածի մասին։ Ուշադիր էր ամեն ինչում, ամեն մի մանրուքում։ Ստեղծել էր կուռ, իր նման մի համեստ ու աշխատասեր կոլեկտիվ։
Հիշել Սարգիս Նիկոլաևիչին, բայց չհիշել ուսմասվար Արաքսյա Հարությունյանին, հնարավոր չէ։ Մասնագիտությամբ կենսաբան։ Մինչ գիշերօթիկ գալն աշխատել է քաղաքի հ. 1 միջնակարգ դպրոցում՝ վայելելով կոլեկտիվի սերն ու հարգանքը։ Աշխատանքին նվիրված, լուրջ, խոհերով լեցուն, համեստ ու գործիմաց կին էր։ Նա ճանաչված բանաստեղծ Միքայել Հարությունյանի ավագ եղբոր կինն է եղել, որը  զոհվել է  Մեծ Հայրենականում՝ թողնելով երկու փոքրիկ աղջիկներ։ Ամբողջ կյանքում այրի մնալով, տիկին Արաքսյան փայփայել է իր երկու փոքրիկներին ու մեծացրել, նրանք  նման էին իրեն՝ համեստ ու գրավիչ։ Արաքսյան նույնպիսի սիրով սիրում էր գիշերօթիկի աղջիկներին. մայր էր նրանց համար)։ 
Կարկառ գետի ափին դպրոցն ուներ մեծ  ուսումնափորձնական հողամաս։ Գյուղատնտես Մանթաշ Մնացականյանի հետ միասին աշակերտները ցանում էին կանաչեղեն, կարտոֆիլ, սածիլում կաղամբ և այլն։ Մշակումը, խնամքը՝ ջրել, քաղհանել, տարվում էին ջանասեր սաների կողմից, որոնց լավ սովորեցրել էր տիկին Արաքսյան։ 
Գիշերօթիկն ուներ երգչախումբ, որի ղեկավարն էր քաղաքում անվանի երաժիշտ Սաքոն։ Խստապահանջ էր ու կարգապահ, նվիրված  գործին, լավ կազմակերպիչ։ Խումբը հանդես էր գալիս քաղաքի դպրոցներում, մանկապարտեզներում, մեր դահլիճում՝ աշակերտների, ծնողների ու աշխատողների առջև։ Երգչախմբից բացի, գործում էր փողային նվագախումբ, որի սաներից էր այսօր մեր քաղաքում ճանաչված երաժիշտ Ալբերտ Սաֆարյանը։
Ուսման հետ միասին բարձր էր նաև աշխատանքային դաստիարակությունը, որ տարվում էր ոչ միայն ինքնասպասարկմամբ, դպրոցի հողամասում, այլև լավ կահավորված արհեստանոցում երկու ուղղությամբ՝ մետաղամշակման և փայտամշակման։ Ղեկավարում էին Անդրանիկ Առուշանյանը և անվանի կահույքագործ Վազգեն Բաբայանը։ Վերանորոգում էին դպրոցի գույքը (սեղան, նստարան), նույնիսկ պատրաստում նորը, մանկապարտեզի համար` սեղաններ, աթոռներ և համալրում դպրոցի ֆինանսական միջոցները։ Աշակերտները տիրապետում էին արհեստների։
Աշխատանքի ուսուցիչ Անդրանիկ Առուշանյանը (ծննդով Չլդրան գյուղից) տիրապետում էր բազմաթիվ  արհեստների։ Դպրոցի բոլոր էլեկտրասարքավորումները նա էր վերանորոգում իր սաների հետ միասին։ Նվագում էր ցանկացած երաժշտական գործիքի վրա, խաղում շախմատ։ Պարզկա երեկոներին ձեռքն էր առնում հեռադիտակը՝ սաներին դիտել տալիս աստղերն ու մոլորակները և տալիս բացատրություն այս կամ այն մոլորակի մասին։ 
Տարրական մասում դասվարներ էին դպրոցում կոփված, փորձառու ուսուցիչներ Սոնյա Մխիթարյանը, Արուսյակ Մախմուրյանը, Աննա Ուլունցը, Լենա Միխայիլիդիսը։ Ուսման գործում նրանք գիտելիքների հիմնաքարերն էին դնում։ Բարձր դասարաններում ուսուցիչ դաստիարակներ էին Սաշա Ահարոնյանը (ֆիզիկա), Աշոտ Շահիջանյանը (մաթեմատիկա), Արաքսյա Միրզոյանը (աշխարհագրություն), Հայկուշ Պետրոսյանը (պատմություն),   Սվետլանա Դավթյանը (հ. լեզու և գրականություն, հետագայում թիվ 1 միջն. դպրոցի տնօրեն), Վիոլետա Ղուկասյանը (քիմիա)։ Թող մեզ ներեն, որ բոլորին անուն առ անուն չենք նշում։
Տողերիս հեղինակը կանգ չառավ գիշերօթիկի ուսման որակի վրա։ Կասկածից դուրս է, որ նման դպրոցում այն ցածր լինել չէր կարող։ Բավական է նշել, որ առաջին թողարկման արդյունքում տվեց հինգ մեդալակիր՝ Ռայա, Նաջիբա, Գեղանուշ, Զավեն, Յուրիկ։
 
* * *
Աշուն է, բերքահավաք։ Այգում եռուզեռ է. խմբերից մեկը կարտոֆիլն է հավաքում, մյուսը կաղամբն է քաղում, ոմանք տանձն ու խնձորը, լցնում պարկերն ու արկղերը։ Հենց այգում էլ կշռում ու հանձնաժողովի կողմից տնօրենի տնտեսական մասի տեղակալի կամ ավագ դաստիարակի գլխավորությամբ կազմվում է հանձնման և ընդունման ակտ ու պահեստավորվում։ Ստացված բարիքը մտցնելով ամենօրյա ճաշացուցակի մեջ՝ աշակերտները վայելում են իրենց աշխատանքի արդյունքը։ 
Ահա իմ երանելի դպրոցը, որում բախտ եմ ունեցել դաստիարակ-ուսուցիչ աշխատել տասը անմոռանալի տարիներ։ 
 
Դ. ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Թոշակառու ուսուցիչ
ք. Ստեփանակերտ

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.