[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ԲԱՐԲԱՌԻ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ՝ ՇՈՒՇԻՈՒՄ

DSC_1703.JPGՀոկտեմբերի  14-ին ԼՂՀ մշակույթի  և երիտասարդության  հարցերի նախարարությունում  բացվեց  Արցախի բարբառի  և ազգագրության  ուսումնասիրության կենտրոն, որը կրում է շենքի  կառուցման և նախկին կրթական օջախի  հովանավորներ  Ղուկասյան  եղբայրների անունը։ Միջոցառմանը ներկա էին մտավորականներ, մշակույթի  ոլորտի  աշխատողներ,  Արցախի տարբեր  բարձրագույն  ուսումնական  հաստատություններից  դասախոսներ,  գիտական աշխատողներ, մանկավարժներ, ինչպես նաև  հայագիտական  ամբիոնի  (Ֆրանսիա) պրոֆեսոր, բարբառագետ Անահիտ  Տոնապետյանը  և  Բրազիլիայում  որպես գիդ աշխատող, մեր համերկրացի  Արթուր  Գրիգորյանը։ 
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի  նախարար  Նարինե Աղաբալյանը, ողջույնի խոսքով  բացելով միջոցառումը , կարևորեց  նման կենտրոնի  դերն ու նշանակությունը  ոչ  նյութական մշակութային  ժառանգության  պահպանման, զարգացման,  ուսումնասիրման  գործում։ Նախարարը  նշեց, որ նման  կենտրոն ունենալու գաղափարը ծնվել է Արթուր  Գրիգորյանի հետ համատեղ քննարկումների  արդյունքում,   մշակվել են  ծրագրեր  կենտրոնի  հետագա  գործունեությունը  ծավալելու  կապակցությամբ։  Ն. Աղաբալյանը  հավաստեց,  որ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման և ուսումնասիրության  գործով մինչև  այժմ  զբաղվել են  առանձին  անհատներ, գիտնականներ, հաստատություններ, բայց  նշված   խնդիրներն  այսուհետ  կգտնվեն Մշակույթի  և  երիտասարդության  հարցերի  նախարարության ուշադրության  կենտրոնում,  և  նորաստեղծ  Կենտրոնը կհամակարգի Արցախի  բարբառի և  ազգագրության  ուսումնասիրման ուղղությամբ կատարվող  աշխատանքները։ Նախարարն  իրազեկեց,  որ  մշակված է  ծրագիր, ըստ որի մինչև  2020 թվականը նախատեսված են  միջոցառումներ, որոնց շարքում  առանցքային տեղ է գրավում բարբառի և  ազգագրության  վերաբերյալ գրքերի  և ուսումնասիրությունների  հրատարակումը, հընթացս կծնվեն և  կիրականացվեն  նաև նոր  գաղափարներ։  Ընդգծելով  ԼՂՀ ԿԳ փոխնախարար, բանասիրական  գիտությունների  թեկնածու  Արմեն  Սարգսյանի և  սփյուռքահայ  Արթուր Գրիգորյանի  կատարած  աշխատանքը բարբառագիտության  և ազգագրության  բնագավառում, նախարարն ասաց, որ  Կենտրոնի  ստեղծումը  մեծ  նշանակություն  ունի նաև  ազգային  անվտանգության տեսանկյունից։
ԼՂՀ ԿԳ փոխնախարար Արմեն Սարգսյանը, ում ՙՂարաբաղի բարբառ՚ բառարանը  լույս է տեսել  2013-ին, ողջունելով նման  Կենտրոնի  ստեղծումը, խոսեց  կենդանի  բարբառներից  որպես  ամենակենսունակի՝ Ղարաբաղի  բարբառի մասին, որով այսօր  հաղորդակցվում են  500 հազարից  մինչև 1 միլիոն  հայ, և որի  տարածման աշխարհագրական  սահմաններն  ընդարձակ են, Արցախից մինչև  Բոլնիս Խաչեն, մինչև  Իջևան։  Արցախի բարբառի ուսումնասիրությամբ  զբաղվել են  խոշոր  գիտնականներ, հայտնի լեզվաբան  Անտուան Մեյեն, Գևորգ  Ջահուկյանը, Արարատ   Ղարիբյանը և ուրիշներ։ Այս ոլորտում  աշխատանքները  կատարվում էին տարերայնորեն,  իսկ Կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա  շոշափելի, լիարժեք արդյունքներ գրանցել, փրկել ժողովրդական բանահյուսության  պահպանված  նշխարները։
Անահիտ Տոնապետյանը ցավով  նշեց արևմտահայ  շատ  բարբառների  կորուստը և  իր՝ որպես  գիտության աշխատողի ուրախությունը,  երբ  շփվում է  կենսունակ,   Ղարաբաղի հարուստ  բարբառի հետ։ Նա  ասաց, որ Կենտրոնը  կնպաստի  գիտնականների  նոր սերնդի ձևավորմանը,  սերունդ, որ  կզբաղվի ոչ միայն  Ղարաբաղի  բարբառով ու  ազգագրությամբ։  Գիտնականն  առաջին անգամ չէ Արցախում և  սերտ կապ ունի  Արցախի պետական  համալսարանի  դասախոսների հետ։ 
ՙՀոգևոր, ոչ նյութական  մշակութային  արժեքների  վերականգնումը   Շարժման  արդյունք է, իսկ նման  կենտրոնի  ստեղծումը՝  ազգային ինքնության  և քարոզչության  հզոր  միջոց՚, - իր ելույթում ասաց ԼՂՀ ԱԺ  պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության  հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն  Սարգսյանը։ 
Արթուր Գրիգորյանը, որ 15 տարուց  ավելի է, ինչ  զբաղվում է  բարբառագիտությամբ, նշեց, որ  Կենտրոնի  ստեղծումը  լուրջ քայլ է  գիտության  նշված  ոլորտների  զարգացման  ուղղությամբ, որ ինքը  Ֆրանսիայում  որոնել և գտել է  Ղուկասյանների  գերեզմանը, ժառանգներին, որոնք  հետագայում  կայցելեն  Արցախ, որ Կենտրոնի  գործունեությունը  հնարավորություն կտա  Ղարաբաղում անցկացնելու ՙՂուկասյանական ընթերցումներ՚ և   գիտաժողովներ, որ այս ուղղությամբ  կազմակերպվող  բոլոր  ձեռնարկումները  կգտնեն  իր  օժանդակությունը։ 
Միջոցառման  հետաքրքիր  մասն  էին  կազմում ՙՄենք  ենք, մեր սարերը՚  ազգագրական համույթի մենակատարներ  Անահիտ Հովսեփյանի  և Սեդա  Ավետիսյանի՝  Ղարաբաղի  բարբառով գրված  Գուրգեն  Գաբրիելյանի  երգերի  կատարումները,  շուշեցի  դպրոցականների  ղարաբաղյան  բանահյուսության  խաղիկների  արտասանությունը։ 
Այնուհետև հավաքվածները  եղան  նախարարության շենքում գտնվող  բրուտագործական  (վարպետ՝  Արման  Ղազարյան )  և մետաղի  գեղարվեստական  մշակման  արհեստանոցներում, ծանոթացան այստեղ  կատարվող  աշխատանքներին։ 
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ