ՆՊԱՏԱԿԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԼԻՆԻ ՀՀ ԵՎ ԼՂՀ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ
Ս.թ. սեպտեմբեր ամսվա վերջին Երևանում կայացած ՙՊատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները՚ միջազգային գիտաժողովը նվիրված էր ՀՀ մշակույթի նախարարության ՙՊատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն՚ ՊՈԱԿ-ի 25-ամյակին։
Գիտաժողովին ներկա էին ինչպես ՀՀ մարզերից և ԼՂՀ-ից, այնպես էլ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Լեհաստանից և այլ երկրներից ժամանած մասնագետներ, գիտնականներ։
Մասնակիցները հիմնականում անդրադարձան Հայաստանի և Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրներին, որոնց համատեքստում ընդգծեցին, որ Հայաստանի պատմական հարստությունը լիովին ուսումնասիրված չէ, կան չլուծված խնդիրներ։ Սակայն եթե Հայաստանի տարածքում պատմական ժառանգությունը գոնե մասամբ պահպանված է, ապա, ինչպես նշեց ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, Արցախը որպես ժառանգություն ստացել է ավերված հուշարձաններ։ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության 25-ամյա տարեդարձի առթիվ ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը պարգևատրվեց Արցախի Հանրապետության` Ղարաբաղյան շարժման 25-ամյակի և Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի հուշամեդալներով։
Այդ առիթով մենք Երևանում շնորհավորեցինք Վ. Պողոսյանին, որն էլ ՙԱԱ՚-ի հետ կիսվեց ծառայության կատարած գործունեության, ինչպես նաև Արցախի հետ ունեցած համագործակցության ծրագրերի շուրջ։
Հայաստանի պատմամշակութային ժառանգության պահպանման և ներկայացման ձգտումները դարեր շարունակ զբաղեցրել են հայ առաջադեմ մտավորականությանը, հասարակական, պետական, հոգևոր-մշակութային կառույցներին։ Սակայն մեր զրուցակիցն անդրադարձավ 1980-ական թվականներին, երբ մշակութային ժառանգության արժևորման, վերաիմաստավորման գործընթացները պահանջում էին գտնել համակարգային կառավարման նոր մոտեցումներ, որպեսզի լավագույնս օգտագործվի պատմամշակութային արժեքների ողջ ներուժը։ 1980-ական թվականների սկզբից ՀՀ տարածքում առաջին արգելոց-թանգարանների ստեղծման ակունքներում կանգնած էր պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լավրենտի Բարսեղյանը, ում կողմից ծավալված բարեփոխումներն այլոց համար հիմք հանդիսացան՝ ստեղծելու մի կառույց, որի խնդիրն է միավորել հուշարձանների հիմքով նախկինում ստեղծված թանգարանները, դրանք վերածել արգելոց-թանգարանների, համակարգել գիտատեղեկատվական նյութերը, փաստաթղթերը, հետազոտությունները և այլն։ Տարիների ընթացքում դժվարին պայմաններում, կառուցվածքային փոփոխությունների խնդիրները հաղթահարելով՝ կազմակերպության տնօրենությունն ու աշխատակիցները կարողացան պահպանել իրենց վստահված արժեքները։ Գիտահետազոտական, հավաքչական, գիտացուցադրական մի շարք աշխատանքներ են կատարվել պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայությունների գիտական անձնակազմի` այլ հաստատությունների հետ սերտ համագործակցության արդյունքում։ Նման գործունեությունը հատկապես ուղղված է եղել թանգարանային հավաքածուների ամբողջացմանն ու համալրմանը։ Եթե 2004թ. հունվարի 1-ի դրությամբ պահոցների հիմնական ֆոնդում հաշվարկված է եղել 263367 միավոր մշակութային արժեք, ապա 2013թ. նույն ժամանակահատվածում արդեն մշտական պահպանության է վերցված 300435 միավոր թանգարանային առարկա։ Գիտազանգվածային, քարոզչական, էքսկուրսիոն աշխատանքների շրջանակներում իրականացվել են բացատրական աշխատանքներ, պատրաստվել հոլովակներ, գովազդային ազդագրեր, բուկլետներ, կազմակերպվել տոնական միջոցառումներ, համերգներ, արշավներ և այլ ուսուցողական, ճանաչողական, կրթական ծրագրեր։ 2003թ. ընթացքում կազմակերպության արգելոց-թանգարաններ է այցելել 27653 մարդ, 2013 թվականին այցելուների թիվը հասել է ավելի քան 205 հազարի։
Վ. Պողոսյանի պարզաբանմամբ՝ վերջին երեք տարիներին կազմակերպությունը որդեգրել է նոր ռազմավարության, շարունակական ծրագրերի իրականացման, միջազգային կապերի ու համագործակցության ընդլայնման գործելաոճ։ Հասարակության տարբեր խմբերի հետ սկսել է իրականացվել ակտիվ համագործակցության քաղաքականություն, և հուշարձանների պահպանությունը զուտ պետական մարմինների հոգածությունից տեղափոխվեց նաև հանրային դաշտ։ Միջազգային ասպարեզում հայ մշակույթի ՙդիրքավորման՚ ուղղությամբ Հայաստանի քաղաքական ուղղվածության իրականացման հիմքերից է ՙԶվարթնոց՚ պատմամշակութային արգելոց-թանգարանի ընդգրկվածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգական ցանկում։ Դեռ ավելին, ՙԳառնի՚ պատմամշակութային արգելոց-թանգարանին 2011թ. շնորհվեց մշակութային լանդշաֆտների պահպանության և կառավարման բնագավառում ՙՄելինա Մերկուրի՚ (ՅՈՒՆԵՍԿՕ-Հունաստան) անվանումը կրող միջազգային մրցանակ։
2011թ. սկսվել է ակտիվ փոխգործակցությունը Ռուսաստանի Դաշնության Դ. Լիխաչովի անվան բնական և մշակութային ժառանգության գիտահետազոտական ինստիտուտի հետ, որի տնօրենի տեղակալ Սերգեյ Ժիտենյովը և մյուս ներկայացուցիչները մասնակցեցին այս գիտաժողովին, իսկ Վարշավայի համալսարանի հետ 2013թ. կնքված համագործակցության պայմանագիրը պատմամշակութային ժառանգության համատեղ ուսումնասիրության, գիտագործնական, փորձի փոխանակման իրականացման նոր փուլ է։
Տարբեր գիտահետազոտական, գիտակրթական հաստատությունների մասնագետների հետ կազմակերպված համատեղ գիտաժողովների շարքում է նաև ՀՀ գիտութունների ազգային ակադեմիայի Երևանի պետական համալսարանի և Արցախի պետական համալսարանի հետ համատեղ 2012թ. հունիսի 24-ից հուլիսի 1-ն անցկացված ՙՀայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը՚ խորագրով միջազգային գիտաժողովը Երևանում և Ստեփանակերտում։ ՊՈԱԿ-ն իր հերթին մասնակցել է Արցախում կազմակերպված գիտաժողովների, տարաբնույթ միջոցառումների։ Գիտաժողովի հատկապես օտարերկրա մասնակիցները տեղեկացան Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի մասին, որտեղ հավաքագրվում են արցախահայության հոգևոր ու նյութական մշակույթի գանձերը, որոնք այցելուներին ներկայացվում են որպես մարմնավորված պատմություն։ Թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանը մասնակիցներին տեղեկացրեց, որ կապված ԼՂՀ հիմնախնդրի միջազգայնացման հետ` թանգարանի օտարազգի այցելուների մեջ մեծ թիվ են կազմում հատուկ քաղաքական նպատակներով կատարված այցելությունները, այդ թվում` փորձագետների, լրագրողների, քաղաքական գործիչների և այլոց։ Այստեղ նրանք տեղեկանում են Արցախի պատմությանն ու մշակույթի անվիճելի սկզբնաղբյուրներին։ Ծանոթանալով ԼՂՀ տարածքում հայտնաբերված պատմամշակութային արժեքներին` այցելուները պատկերացում են ունենում դրանց ստեղծողների ազգային հատկանիշների, հավատքի, ընդհանուր կենսակերպի վերաբերյալ։ Իսկ նման ժառանգությունը պահպանելով ու հանրությանը ներկայացնելով` կարևոր ու արժանի դեր կխաղա ԼՂՀ ճանաչման գործընթացում։
Մշակութային ժառանգության հանրահռչակման մի օրինակի՝ Արցախի Տիգրանակերտի մասին գիտաժողովին ներկայացրեց Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը։ Օտարերկրացինեը մեկ անգամ ևս տեղեկացան, որ Տիգրանակերտի հնագիտական հետազոտությունը հայ մշակութային ժառանգության հայտնաբերման, ուսումնասիրության, հանրահռչակման և ներկա մշակութային գործընթացի մաս դարձնելու վերջին տարիների ամենահաջող ձեռնարկն է։ Տիգրանակերտն այսօր ամենաշատ այցելվող, համացանցում լայնորեն ու մանրամասնորեն ներկայացված, հանրությանն առավել քաջածանոթ հնագիտական հուշարձանն է։
Վլադիմիր Պողոսյանի պարզաբանմամբ՝ այս և նման այլ պատմամշակութային թեմաների վերաբերյալ միջազգային գիտաժողովում կայացած լայնածավալ քննարկումները մեկ անգամ ևս կարևորեցին հայ պատմամշակութային ժառանգության պահպանությունը։ Իսկ համագործակցության շրջանակներն ընդլայնելու շնորհիվ միջազգային հանրությունն ավելի տեղեկացված կլինի ՀՀ և ԼՂՀ մշակութային արժեքներին, ինչն էլ, թերևս, կնպաստի քաղաքական այլ հարցերի լուծմանը։
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
Ստեփանակերտ-Երևան-Ստեփանակերտ