Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՏԱՐԱՍ ՇԵՎՉԵՆԿՈՆ ԵՎ ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ

Տ.Գ.Շևչենկոյի  ծննդյան 200-ամյակի  առթիվ
Մտքերի  այսպիսի  համընկնումը հասարակ պատահականությամբ բացատրել չի կարելի։ Այս մեծ գործիչների  կյանքն իրոք  անխզելիորեն  կապված է եղել իրենց  հայրենիքի  հետ, նրանք  իրենց  ժողովուրդների  միս ու  արյունից են եղել և իրենց  ստեղծղագործության մեջ  արտացոլել  են նրանց  լավագույն  հոգևոր  ձգտումները։ 
Ինքնակալական  Ռուսաստանի  պայմաններում  այդպիսի մարդկանց կյանքը չէր կարող  ողբերգությամբ  չվերջանալ. ցարական  սատրապները  դաժանորեն  հաշվեհարդար  տեսան նրանց հետ՝ մեկին աքսորելով, մյուսին  բանտ  դնելով Պետրոպավլովսկի  ամրոցում։  Դահիճներն ինչպես  ասես, որ  չէին ծանակում նրանց, ինչպիսի  ծաղրուծանակ  ասես, որ  չէին հնարում , որպեսզի  խոցեն նրանց  կենսաթրթիռ հոգին։ Եթե Նիկոլայ  1-ը, Շևչենկոյին  աքսոր  ուղարկելով, ոստիկանության խիստ վերահսկողության  տակ նրան  արգելել էր  նկարել, ինչն անտանելի  ցավ պատճառեց գեղանկարչի զգայուն  հոգուն, ապա Ալեքսանդր 2-րդը, Նալբանդյանին բանտարկելով ամրոցում՝  նրան արգելեց  գրել մայրենի  հայերենով, այն լեզվով, որի  զարգացմանն այնքան  ուժ ու ջանք էր նվիրաբերել։ Ահա թե նրանք ինչ են գրել այդ առթիվ.
Շևչենկո. ՙԵվ այդ ամենին  գումարած՝ ինձ արգելեցին  նկարել։ Խլեցին  իմ գոյության  ամենաազնիվ մասը։ Հենց իսկ Սատանայի  նախագահությամբ  տրիբունալը չէր կարող կայացնել այդպիսի  սառնասիրտ, անմարդկային  դատավճիռ։ Իսկ  դատավճռի անհոգի կատարածուներն  այն կատարեցին  զայրացուցիչ  ճշտությամբ՚։ 
Նալբանդյան. ՙԱյս խոնավ կազեմաթում  ես կմնամ  ամենաքիչը  6-8 ամիս  ևս,  բարբարոսական  կառավարությունը  չգիտե, թե ինչ  միջոցներ  կիրառի  ազատ խոսքը ճնշելու և մեր  գաղափարները  ոչնչացնելու համար։ Ինձ արգելված է  հայերենով նամակներ  գրել։ Ես պետք է դրանք  գրեմ ռուսերեն և, բացի այդ, պետք է դրանք  ցույց տամ պարետին։  Մի խոսքով՝ բարբարոսի չարագործությունները  ոչ չափ ունեն, ոչ  սահման՚։ 
Բայց ինչպես էլ  ծանակեին դահիճները, նրանք  չէին կարող հոգեպես  կոտրել այդ մարտիկներին։ Շևչենկոյի և Նալբանդյանի  մոտ գտնվեց ոչ  միայն  գոյություն ունեցող  կարգերին  ձեռնոց նետելու  խիզախություն, այլև դժվարին րոպեին տոկալու ընդունակություն։ Այդ  տեսակետից  չափազանց հետաքրքիր  են  Շևչենկոյի խոսքերը. ՙՊատժվում եմ, տառապում, բայց թե չեմ ապաշխարում՚, ՙՈչ ոքի ես չեմ  ծախվի,  վարձկան չեմ լինի՚։ 
Երբ Նալբանդյանն  իմացավ, որ իր  եղբայրը դիմել է  նորնախիջևանցի  մեծահարուստներին՝ խնդրելով իշխանությունների  առաջ միջնորդել  իրեն ազատելու մասին, զայրույթով  գրեց, որ նրա համար  տասն անգամ ավելի  լավ է մեռնել, քան  ազատություն ստանալ  Հայրենիքի այդ  դավաճանների  ձեռքից։ ՙԵս ավելի շուտ կհամաձայնեմ Մեֆիստոֆելի  օգնությանը դիմել, քան նրանց՚,- գրել  է նա։
Շևչենկոյի ու Նալբանդյանի մեծությունը  կայանում է, ամենից առաջ,  այն բանում, որ նրանք եղել են մեծ հումանիստներ, ովքեր իրենց  նվիրել  են հասարակ  ժողովրդին  ծառայելուն։ 
ՙՄենք կամավոր կերպով  մեզ նվիրել ենք հասարակ ժողովրդի իրավունքների  պաշտպանությանը ,- գրել է Նալբանդյանը,- մեզ ու մեր  գրիչը մենք  հարուստներին  չենք նվիրաբերել. իրենց ոսկու դեզերի  տակ նրանք միշտ անխոցելի են, հատկապես՝ բռնակալների  իշխանության օրոք՚։ 
Նույնը գրել է Շևչենկոն.
...Շղթայված մարդկանց իմ, 
Խեղճ ու ընչազուրկ։ Կմեծարեմ
ստրուկներին և մանր, և համր։
Ես պահակ հավատարիմ 
նրանց քով 
Խոսքը կդնեմ։
(Տողացի թարգմ. 
ռուսերենից.- Խմբ.) 
Եվ շղթայակապ ու խեղճ, աղքատ ու քաղցած, Նալբանդյանի  խոսքերով՝  ոչ միայն օտար  բարբարոսների, այլև իրենց  մեծահարուստների  կողմից  կեղեքված  մարդկանց  նկատմամբ այս խոր  կարեկցանքով է ներծծված  այդ  մեծ հումանիստների  ամբողջ ստեղծագործությունը, որն օրգանապես բխում  էր  նրանց աշխարհայացքից, այն բանի ըմբռնումից, որ հենց  հասարակ  ժողովուրդը, աշխատանքի  մարդիկ են իրենց  մեջ մարմնավորում  լավագույն  մարդկային ու  քաղաքացիական  հատկանիշները։
Նալբանդյանի  ու Շևչենկոյի հումանիզմը, ովքեր  խորապես  հավատում էին այն նվիրական  ժամանակներին, երբ երկրի վրա երջանկություն կհաստատվի բոլոր մարդկանց համար, անխզելիորեն  կապված էր նրանց ինտերնացիոնալիզմի հետ։ Նրանք երկուսով էլ լավ էին հասկանում, որ անհնար է սեփական ժողովրդի համար երջանկություն ձեռք բերելը՝ առանց դա ձեռք բերելու ուրիշների համար, և այդ պատճառով մարտնչում էին հավասարապես բոլոր ժողովուրդների ազատության ու իրավահավասարության համար։ ՙԹող յուրաքանչյուր ժողովուրդ պահպանի իր ազգային դեմքը,- գրել է Նալբանդյանը,- թող ազատ ու պայծառ ծաղկի ցանկացած ազգություն մարդկային աշխարհում՚։
Եթե Շևչենկոն իր ՙԿովկաս՚ պոեմում, մերկացնելով ցարիզմի գաղութային քաղաքականությունը  Կովկասում, համակրել է կովկասյան ժողովուրդների ազատագրական պայքարին, ապա Նալբանդյանն իր ՙԵրկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ՚ ծրագրային երկում մերկացրել է այդ նույն քաղաքակրթությունն Ուկրաինայում և մատնանշել, որ ցարիզմը քաղաքականություն տարածելու դիմակի տակ խեղդում է ուկրաինական ժողովրդին։ ՙՄալոռուսիային՚՝ նրա 15-միլիոնանոց ժողովրդով... ինքնակալությունը շղթայակապ է անում, իսկ նրա ազատության մարգարեներին դիմավորում են բանտերով, մտրակով ու աքսորներով՚։ ՙՄարգարե՚ բառի տակ Նալբանդյանն, անկասկած, նկատի է ունեցել մեծ Կոբզարին, ում ցարական դահիճները երկար տարիներ տանջել են աքսորավայրում։ Ե՜վ Շևչենկոն, և՜ Նալբանդյանը դեսպոտիզմի ծանր լծից Ռուսաստանի ժողովուրդների փրկությունը կապում էին գյուղացիական հեղափոխության գաղափարի հետ։ 
Իրենց ժողովուրդների զարգացման արմատական հարցերի վերաբերյալ Շևչենկոյի և Նալբանդյանի հայացքների ընդհանրությունը բացատրվում է նրանց պատմական ճակատագրերի ընդհանրությամբ։ Ե՜վ ուկրաինական, և՜ հայ ժողովուրդը երկար տասնամյակներ ի վեր տառապել են ցարական ինքնակալության ճնշման տակ և իրենց ողբերգական վիճակից տենչանքով ելք են որոնել։ Ազատության, ազգային ու սոցիալական արդարության այդ ծարավը նրանք արտացոլել են իրենց ստեղծագործություններում։         
Շևչենկոն ու Նալբանդյանը նրանով են մեծ, որ ինքնակալության մռայլ դարաշրջանում, երբ դաժանորեն ճնշվում էր ցանկացած ազատամտություն, ամբողջ ձայնով ազատությունն են գովերգել։ Նրանք երկուսով պատկանում են  հեղափոխական-վաթսունականների այն սքանչելի համաստեղությանը, որոնց մասին ընդունված է ասել, որ ըստ ժամանակի որքան ավելի ենք հեռանում նրանցից, այնքան ավելի պայծառ է դառնում նրանց վեհությունը։ 
 
Վազգեն ԲԱԼԱՅԱՆ
Ուկրաինայի  գրողների  ազգային միության անդամ 
ք. Սումի