[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՎԱԿՆՈՏ, ԲԱՅՑ ԵՎ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

DSC_3533.JPGՆոյեմբերի 26-ին տեղի ունեցավ Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանի մամլո ասուլիսը.  դա նրա պաշտոնավարման ժամանակահատվածում լրագրողների հետ առաջին հանդիպումն էր, որն, ի դեպ, նա կազմակերպել է` ընդառաջելով  ԶԼՄ¬ների ներկայացուցիչների ցանկությանը  ռեկտորի պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ:
 Հանդիպման սկզբում Մ. Մինասյանը, շնորհակալություն հայտնելով լրագրողներին նախաձեռնության համար, պատրաստակամություն հայտնեց  պարբերաբար հանդիպելու նրանց հետ, քննարկելու խնդիրներ, լսելու նրանց առաջարկությունները. ինչպես ինքն է կարծում, ԱրՊՀ-ն՝ որպես հանրապետության մայր բուհ, սոցիալական  մեծ օրգանիզմ, իր առաքելության իրականացման գործում  ունի նաև լրատվամիջոցների աջակցության կարիքը, քանզի ապագա սերնդի դաստիարակության գործում յուրաքանչյուրն ունի պատասխանատվության իր  մասնաբաժինը, իսկ  համատեղ աշխատանքից ընդհանուր գործը միայն կշահի:
Մանուշ Մինասյանը նախ ներկայացրեց  իր  գործունեության հիմքում ընկած  ծրագրային հիմնադրույթները, ապա՝ կատարված աշխատանքը, իսկ վերջում պատասխանեց լրագրողների հարցերին:  
ԱրՊՀ-ն, ինչպես աշխարհի մյուս համալսարանները, գտնվում է արագ փոփոխությունների և 21-րդ դարից թելադրված տնտեսական համաշխարհայնացման, սոցիալական, բնապահպանական, ժողովրդագրական մարտահրավերների ժամանակաշրջանում: Այս ամենից ելնելով ու նաև հաշվի առնելով, որ ԼՂՀ-ում կրթության առաջանցիկ զարգացումն որդեգրվել է որպես պետականության կայացման կարևոր գերակայություն, մայր բուհն իր առջև  խնդիր է դրել կրթել ու դաստիարակել այնպիսի  քաղաքացիներ, որոնք պետք է ունակ լինեն ապրելու և գործելու ժողովրդավարական հասարակությունում, վարելու բեղմնավոր գործունեություն: Ըստ ռեկտորի՝  համալսարանի գործունեության հիմքում ընկած է լինելու հետևյալը `  կրթական ծրագրերի և ենթակառուցվածքների  արդիականացում, գիտական և նորարարական գործունեության,  կադրային ներուժի զարգացում, սոցիալական համագործակցության, ուսանողների հետ տարվող աշխատանքների ընդլայնում և  այդ ամբողջի համար հիմք ստեղծող ֆինանսական կայունություն ու զարգացում: 
Կրթական գործունեության արդիականացման տակ նկատի է առնվում այն հանգամանքը, որ համալսարանը պետք է ձգտի լինել տարածաշրջանում կրթական չափորոշիչների կիրառման առումով առաջատար: Ռեկտորն  այս համատեքստում կարևորեց համալսարանի մասնագիտությունների ցանկի վերանայումը.   հեռանկար չունեցող կամ համալսարանի իրական հնարավորություններից վեր կանգնած մի շարք մասնագիտություններ պետք է  կրճատվեն: Նա անդրադարձավ շրջանավարտներին աշխատանքով ապահովվածության խնդրին, ինչի առնչությամբ  նախատեսվում է հանրապետության խոշոր գործատուների մոտ պարբերաբար անցկացնել մասնագիտությունների պահանջարկի համալիր ուսումնասիրություն և  արդյունքները դնել բուհի մասնագիտությունների հիմքում: 
Մյուս  խնդիրը Մ. Մինասյանը նշեց ուսանողների ակադեմիական առաջադիմության գնահատման մեխանիզմների պարբերաբար կատարելագործումը: 
 Հաջորդը վերաբերում է  գիտական ներուժի զարգացմանը, որը, ռեկտորի կարծիքով, թերևս ամենադժվարն է: Նա խոսեց դասախոսական կազմի` գիտահետազոտական աշխատանքներում ներգրավվածության աճի ապահովման,   գիտություն-տնտեսություն ամուր և հետադարձ կապի ստեղծման մասին, այսինքն` գիտությունը ոչ միայն տա արդյունք, այլև տնտեսությանը ներկայացնի պահանջարկ, որպեսզի գիտական արդյունքները  հնարավոր լինի  իրացնել այնտեղ: Այստեղ շատ կարևոր է գիտնականների վարձատրության վերանայումը: Ռեկտորի կարծիքով՝ վարձատրության չափը պետք է կախված լինի նրանց գիտական արդյունքից: Պետք է  բարելավել ամենամյա գիտական աշխատանքների համար կազմակերպվող մրցույթները, ակտիվացնել միջազգային գիտաժողովների  կազմակերպումը։ 
Կադրային ներուժի խթանումը նույնպես  համալսարանի կարևոր խնդիրներից է: Ռեկտորի համոզմամբ, համալսարանը պետք է նախանձախնդիր լինի իր կադրային բազայի թարմացմամբ,   քայլեր ձեռնարկի առկա մասնագետների որակավորման բարձրացման համար: Այսօր համալսարանի հիմնական հաստիքացուցակում դասախոսական կազմը 51 տոկոս է, մյուս մասը տարբեր ոլորտներում աշխատող, հրավիրված մասնագետներ են: 
Կադրային ներուժի բարելավումը ենթադրում է նաև դասախոսների սոցիալական վիճակի բարելավում: 
Ենթակառուցվածքների արդիականացումը  ենթադրում  է դասախոսների և ուսանողների համար նպաստավոր պայմանների ստեղծում: Համալսարանն ունի տեխնիկապես հագեցած լսարաններ, սակայն, ռեկտորի կարծիքով, դրանց թիվը քիչ է, պետք է ավելանա համակարգչային կենտրոնների  և համապատասխան կահավորում ունեցող լսարանների թիվը` հատկապես հեռավար ուսուցում կազմակերպելու նպատակով: 
Այդ ամենն իրագործելու համար անհրաժեշտ է, որ համալսարանն ունենա ֆինանսական կայունություն: Ռեկտորը ցավով նշեց, որ վերջին տարիներին ֆինանսական եկամուտների կայունության  նվազման միտում է նկատվում` կապված ուսանողների թվի կրճատման  հետ:  Նրա հավաստիացմամբ, չնայած դրան, ուսման վարձավճարների ավելացման հարկ չի լինի` պայմանավորված բնակչության սոցիալական վիճակով։   Հարցը հնարավոր է լուծել  պետական բյուջեից համալսարանին հատկացվող միջոցների ավելացման  (հիմնականում պետպատվերի հաշվով` մեկ ուսանողին տրվող վարձի բարձրացման միջոցով), ինչպես նաև գիտակրթական տարբեր ծրագրերում համալսարանի դասախոսների ներգրավվածության աճի հաշվին: Ինչ խոսք,  պետք է նաև վերանայել  ծախսային մասը. ֆինանսական կայունությունը միայն եկամուտների հաշվին չի ձևավորվում, այլ նաև` ծախսերի: Այս առումով պետք է օպտիմալացնել համալսարանի կառուցվածքը, վերանայել որոշ ֆակուլտետների գոյությունը, գուցե  և գնալ խոշորացման, ինչպես նաև դասախոսների առանձին հաստիքների մասով դնել որոշակի չափանիշներ. այս կարծիքին է ռեկտորը: 
Ինչ է հաջողվել իրականացնել այս կարճ ժամանակամիջոցում: Մ. Մինասյանը տեղեկացրեց, որ արդեն կատարվել են որոշ աշխատանքներ: Առաջին հերթին ուշադրություն է դարձվել աշխատանքային և կատարողական կարգապահությանը,  որոշակի չափանիշներ դրվել են ուսանողների վարքագծի հիմքում: Պատկերը  վատթար  էր ուսանողների հաճախելիության մասով, հատկապես մագիստրատուրայում: Ձեռնամուխ են եղել համալսարանում գործող ներքին կանոնակարգերի` գործող օրենսդրությանը համապատասխանեցման աշխատանքներին: Ուսանողների գիտելիքների գնահատման մեխանիզմների կատարելագործման  ուղղությամբ  նույնպես որոշակի  քայլեր են կատարվել: Որքան էլ կողմնակից են  համակարգիչների միջոցով այդ գործընթացի կազմակերպմանը,  որը նախկինում  արվում էր 1-ին և 2-րդ կուրսեցիների համար, ռեկտորը կարծում է, որ այս ձևն իրեն  լիարժեքորեն չի արդարացնում: Կատարվել է  համապատասխան վերլուծություն այս ուղղությամբ: ՙՄենք  պատրաստ չենք նորմալ թեստեր կազմելու գործընթացին: Ընթացիկ քննությունների արդյունքները ևս  ցույց են տվել, որ առանձին դասախոսների մոտ ուսանողների 90 տոկոսը ստանում է առավելագույն գնահատական: Սա, իհարկե, չի նշանակում, թե նրանց  90 տոկոսն իրականում  գերազանց է: Կան նաև հակառակ դեպքեր` շատ  ցածր  միավորներ: Այս մեթոդով միջին և շատ լավ  մակարդակ ունեցող ուսանողների տարբերակումը չի ստացվում: Փորձը ցույց է տալիս, որ բավական  շատ տեխնիկական խնդիրներ կան: Լավ ուսանողը, ով պայքարում է բարձր գնահատականի համար, պետք է գնա եզրափակիչ փուլ, որը լինելու է բանավոր, պատասխանները` գրավոր ձևակերպված՚,-ասաց Մ. Մինասյանը: Նա համաձայն է, որ դա մեծ ռիսկերի հետ է կապված` դասախոսի սուբյեկտիվ վերաբերմունքի առումով, բայց գիտելիքների խորացման աստիճանն ահագին տուժում է: Ուսանողները սերտողական աշխատանք են կատարում: Դասախոսական կազմը  պետք է ձգտի  ուսանողների մոտ ավելի շատ զարգացնել ոչ թե ճանաչողական, այլ հիմնականում քննադատական-վերլուծական միտքը։ Ռեկտորի տեղեկացմամբ` ձեռնարկվել են ուսումնական ծրագրերի արդիականացման աշխատանքներ: Դրանք դեռևս լրամշակման փուլում են և ամբողջ փաթեթով պատրաստ կլինեն նոր ուսումնականին: ՙՄեր  ուսումնական ծրագրերը  չպիտի հետ  մնան ՀՀ առաջատար բուհերի ծրագրերից,  պետք է կարողանանք համընթաց  քայլել՚,-նման  և շատ այլ հավակնոտ, բայց և հետևողական լինելու դեպքում` իրատեսական ծրագրեր ունի Արցախի մայր բուհի ղեկավարությունը:    
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ