Logo
Print this page

ՈԳՈՒ ԵՎ ՄԱՐՄՆԻ ԿՈՓՄԱՆ ԴԱՐԲՆՈՑ

DSCN0900.JPGՄարտունու մարզահամալիրի տնօրեն Վլադիմիր Ղահրամանյանին գրասենյակում հանդիպելը պատահականություն էր: Հայտնի ֆիլմի հերոսի նման նա նույն ինքը ԼՂՀ վոլեյբոլի տղամարդկանց հավաքականի մարզիչն է, նույն ինքը` մարզադպրոցի մեթոդիստը, ով ամեն տեղ  լինում է` Ստեփանակերտում, շրջանի գյուղերում:
2012 թվականին` հենց տարեսկզբին, Մարտունի քաղաքում հանդիսավորությամբ բացվեց մարզահամալիրը: Դա նախկինում հայտնի` Սայաթ-Նովայի անվան կինոթատրոնի հիմնանորոգված շենքն էր, որ երկար ժամանակ անգործության էր մատնված, իսկ այժմ քաղաքի երևելի կառույցներից մեկն է. այն դեռ հեռվից կանչում է ճակատամասին խոշոր տառերով գրված ՙՄարզահամալիր՚   վերտառությամբ: Ինքը` տնօրենը, շատ համեստ է արտահայտվում մարզական այդ հաստատության մասին։ ՙԱնունն ինքը հուշում է, որ այն բազմաֆունկցիոնալ կառույց է, որը պետք է ունենա լողավազան, մարմնամարզական դահլիճ և այլն: Մերը մարզահամալիր չէ, այլ մարզադահլիճ, որն օգտագործվում է վոլեյբոլ, բասկետբոլ, իսկ երկրորդ հարկում` սեղանի խաղեր`շախմատ, շաշկի, թենիս խաղալու համար՚,- ժպտալով ասում է նա` ավելացնելով, որ ևս  երկու դահլիճ կա ուժային և վազքային մարզասարքերով, որոնք նախատեսված են մարզիկների անհրաժեշտ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ապահովելու համար: Շենքում տեղակայված է նաև մարզադպրոցի գրասենյակը: 
Մարզահամալիր-մարզադպրոցի տնօրենի տեղեկացմամբ` ԼՂՀ  ԿԱ սպորտի պետական կոմիտեի ենթակայությամբ Մարտունու մարզադպրոցն աշխատում է շրջանի մասշտաբով: Գործում են վոլեյբոլի, բասկետբոլի, աթլետիկայի, սեղանի թենիսի, ըմբշամարտի, հանդբոլի 24 խմբակներ (10-ը` Մարտունում, 14-ը` գյուղերում), որոնցում ընդգրկված են շուրջ 370 աշակերտներ: 
Բայց նախ` մի քանի խոսք վոլեյբոլի մասին, որի տղամարդկանց հավաքականի մարզիչն է սպորտի վարպետ Վլադիմիր Ղահրամանյանը: ԼՂՀ հավաքականի մարզիչ է նշանակվել 2011 թվականին: Թիմը մասնակցում է ՀՀ առաջնություններին, մշտապես առաջնակարգ տեղեր գրավում: Այդ երեք տարվա ընթացքում ԼՂՀ հավաքականը երկու անգամ արժանացել է ՀՀ գավաթին, երկու անգամ առաջնությունում զբաղեցրել երկրորդ տեղը: Դեկտեմբեր ամսին թիմը երրորդ անգամ պիտի մասնակցի գավաթի խաղարկությանը, և մարզիչը հույս ունի այս անգամ ևս հաղթել: Տղաների և աղջիկների հավաքականներում մարզիկներ կան նաև Մարտունուց: 
Ինչպես նշեցինք, մարզադպրոցը մասնաճյուղեր ունի շրջանի մի շարք գյուղերում` Գիշի, Ճարտար, Խնուշինակ, Քերթ, Հերհեր, որտեղ կան մարզադահլիճներ։  
Մարտունում գործող մարզաձևերից մարզադպրոցի տնօրենն առանձնացրեց ձեռքի գնդակը: Թիմը Ղարաբաղի առաջնություններում մշտապես պատշած մակարդակով է հանդես գալիս: Պատահական չէ, որ մարզադպրոցի սաներից երեքական հոգի  ընդգրկված են հանդբոլի տղաների և աղջիկների ԼՂՀ հավաքականների կազմում: 
Ֆուտբոլից ունեն հաջողություններ: ՙՀուսո գավաթի՚ այս տարվա պատանիների առաջնությունում Մարտունու մարզադպրոցի թիմը գրավել է երկրորդ տեղը: Այդ տարիքային խմբի ԼՂՀ հավաքականում 4 անդամ կա Մարտունուց: 
Ըմբշամարտ մարզաձևից կան Ղարաբաղի առաջնությունում առաջատար տեղեր գրաված մարզիկներ: Այս տարի ՌԴ Ստավրոպոլ քաղաքում տեղի ունեցած միջազգային մրցաշարում ԼՂՀ թիմի կազմում կար ներկայացուցիչ Մարտունուց։ 
Մարզադպրոցի տնօրենը վիճակը բավարար գնահատեց նաև սեղանի թենիսի գծով:  Այս մարզաձևից երկու խումբ ունեն` Մարտունի քաղաքում և Կաղարծի գյուղում: Ստեփանակերտից հետո, կարելի է ասել, այդ մարզաձևում երկրորդը Մարտունին է: Ունեն խաղացողներ, որոնք ընդգրկված են ԼՂՀ հավաքականում:
Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով իրենց հնարավորություններից ցածր է հանդես գալիս բասկետբոլի թիմը: Տնօրենի խոսքերով` նախապատրաստական խմբեր են ձևավորված 5-7-րդ դասարանցիներից, որոնք  չեն կարող մրցակցել բարձր տարիքի մարզիկների հետ (ավագներին երկու տարի առաջ են թողարկել): 
Իրենց խոսքը դեռ չեն ասել աթլետները: ՙԱյս մարզաձևի դրվածքը պատշած մակարդակի վրա չէ, և Ղարաբաղի հավաքականում Մարտունուց մասնակից  չունենք՚,- ափսոսանք հայտնեց  Վլ. Ղահրամանյանը:
Այն հարցին, թե հետևո՞ւմ են երեխաների հետագա աճին, նրանք շարունակո՞ւմ են ընթանալ մարզական ճանապարհով, Վլ. Ղահրամանյանը հետևյալ կերպ պատասխանեց.  ՙՀայաստանում գործում է սպորտինտերնատ, որտեղ ընդգրկված են նաև Մարտունուց սաներ, որոնք մարզվում են այնտեղ: Այսպես, կան մարզիկներ, որոնք ընդգրկված են ֆուտբոլի  Հայաստանի բարձրագույն կամ 1-ին խմբի ՙՄիկա՚, ՙԳանձասար՚, ՙՈւլիս՚  թիմերում։ 
Մարզադպրոցի սաներից մի քանի հոգի արդեն մարզիչներ են աշխատում: Մեծ թվով շրջանավարտներ  ուսումը շարունակում են բուհերում՝ ֆիզկուլտուրայի և նախնական զինվորական պատրաստության գծով: Բոլոր մարզիչներն ունեն համապատասխան կրթություն կամ մարզական կոչում: Քանի որ Արցախի բուհերը մարզիչներ չեն թողարկում (չկա համապատասխան բաժին), մարզիչները կայանում են մարզադպրոցներում, և այս իմաստով Մարտունու մարզադպրոցը յուրատեսակ դարբնոց է նաև ապագա մարզիչների համար:  
Վլ. Ղահրամանյանը նաև մարզչական աշխատանքի դժվարությունների մասին խոսեց, մասնավորապես՝  վարձատրությունից. մարզչի աշխատանքն ավելի ցածր է գնահատվում, քան ֆիզկուլտուրայի ուսուցչի: Այդ պատճառով մարզիչները որպես հիմնական աշխատող չեն ուզում մնալ, նրանք համատեղությամբ աշխատում են դպրոցում։ 
Ինքը` մարզադպրոցի տնօրենը, միայն տնօրենի դերում չի հանդես գալիս: Ինչպես սկզբում նշեցինք` նաև մարզիչ է ու մեթոդիստ և մշտապես լինում է պարապմունք անողների կողքին: 
Մարզադպրոցի հարմարավետ շենքի առկայությունը, ինչ խոսք, մեծացրել է պատանիների և աղջիկների հոսքն այստեղ: Անկասկած, նույնը կլինի նաև գյուղերում` մարզադահլիճների թվաքանակի ավելացմամբ: Սաների մեծ մասը տղաներ են, որոնք հայրենիքի ապագա զինվորներն են։ Եվ մարզադպրոցը նպաստում է նաև վաղվա հայրենյաց պաշտպանի մարտունակության բարձրացմանը։   
Վլ. Ղահրամանյանը վկայեց, որ  պետության կողմից աջակցությունը նորմալ է: Ամեն տարի ԼՂՀ Նախագահը հավաքում է մարզիկներին ու մարզիչներին, դրամական պարգևով խրախուսում լավագույն արդյունքներ ունեցողներին, լսում նրանց առաջարկությունները: ՙՄեզ հուզող հարցերը փոխանցում ենք ինչպես սպորտկոմիտեի միջոցով, այնպես էլ անմիջական հանդիպման ժամանակ՚,- զրույցի ավարտին ասաց նա: 
 
Սվետլանա Խաչատրյան
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.