[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

z.jpgՆոյեմբերի 29-ին Երևանում, ՀՀ մշակույթի նախարարության ՙՊատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն՚ ՊՈԱԿ-ում հյուրընկալվեցին ԼՂՀ  ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, ոլորտի մասնագետներ։
Տեղեկացնենք, որ այս տարվա սեպտեմբերի 25-27-ին վերոնշյալ ՊՈԱԿ-ի ստեղծման 25-ամյակի առթիվ Երևանում կազմակերպվել էր միջազգային գիտաժողով պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրների վերաբերյալ։ Միջոցառմանը մասնակցում էր նաև ԼՂՀ պատվիրակությունը։ 
ՊՈԱԿ-ի և ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության հետ ստեղծվել է սերտ համագործակցություն, որի շրջանակներում համատեղ կազմակերպվում են այցեր, ծրագրեր, միջոցառումներ։ Եվ ահա հերթական այցելություննե րից մեկը նախանշում էր ՀՀ մշակույթի նախարարության և ԼՂՀ  ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության միջև ստորագրել ոլորտային համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Այդ առումով հանդիպումներ տեղի ունեցան նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, Արցախի պատվիրակության և ՀՀ պատմամշակութային ժառանգության ոլորտի մասնագետների հետ։ Քննարկվեցին համագործակցության ծրագրային մի շարք հարցեր։ Հուշագիրը հնարավորություն կտա ընդլայնելու և ամրապնդելու կողմերի համագործակցությունը, պատմամշակութային հուշարձանների վերականգնման, պահպանման և ուսումնասիրության ոլորտներում հարաբերությունների զարգացումը։ Բնականաբար, կկազմակերպվեն փորձի փոխանակման ծրագրեր, ԼՂՀ մասնագետների այցելություն Հայաստան, ծանոթություններ հուշարձանների պահպանության գործի դրվածքին, այցելություններ հուշարձաններ, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության գործընթացում վարչության համապատասխան մասնագետների ներգրավում։ Նաև կիրականացվի համագործակցություն պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների կադաստրի վարման ասպարեզում, հուշարձանների ցուցակի կազմման նպատակով համակարգչային համապատասխան ծրագրով աջակցություն, մեթոդական օգնություն ՀՀ վերականգնող ճարտարապետների կողմից, գիտամեթոդական խորհուրդների համագործակցություն։  Կողմերը որոշեցին հետաձգել հուշագրի ստորագրումը՝ ծրագրում շտկումներ և փոփոխություններ մտցնելու նպատակով։ Նախատեսվող ծրագրերի իրականացման համար պետք է հաստատվի համագործակցության միջոցառումների ծրագիր, որի իրականացման համար էլ կստեղծվեն համատեղ աշխատանքային խմբեր, որոնց նիստերը հաջորդաբար կգումարվեն Հայաստանում և ԼՂՀ-ում։ 
Իսկ արդեն Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունում Ս. Շահվերդյանն ու ոլորտի մասնագետները համառոտ ներկայացրին իրենց գործունեության ոլորտները, խնդիրները։ 
ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը ՀՀ տարածքում ունի 20 մասնաճյուղ, ներկայացրեց ծառայության վարչական ապարատի, գիտական, պահպանության բաժինների, մարզային ծառայությունների գործունեությունը։ Ներկայումս կազմակերպությունն ունի 9 արգելոց-թանգարան՝ ՙԱրփի՚ բնապատմական արգելոցը, ՙԳառնի՚ պատմամշակութային արգելոց-թանգարանը, ՙԳոշավանք՚ պատմաճարտարապետական արգելոցը, ՙԶորաց քարեր՚ բնակատեղի՚ պատմամշակութային արգելոցը, ՙԶվարթնոց՚ պատմամշակութային արգելոց-թանգարանը, ՙՄեծամոր՚ պատմահնագիտական արգելոց-թանգարանը, ՙԳլաձորի համալսարան՚ պատմամշակութային արգելոց-թանգարանը, ՙԼոռի Բերդ՚ քաղաքատեղի՚ պատմամշակութային արգելոցը և ՙԴիլիջան՚ ժողովրդական ճարտարապետության արգելոց-թանգարանը։ ՊՈԱԿ-ի տնօրենը պատմեց նաև արգելոց-թանգարանների տարածքներում կատարված վերանորոգումների, գեղարվեստական գունավոր լուսավորումների, ցուցադրությունների,  ծագած խնդիրների և դրանք ՊՈԱԿ-ի կողմից լուծելու մասին։ Իսկ վերջերս բավականին ջանքերից հետո ՙԼոռի Բերդ՚ հուշարձանախմբին և ՙԶորաց քարերին՚ տրվեց արգելոցի կարգավիճակ։ Վլ. Պողոսյանի խոսքերով՝ պետությունն արգելոցների զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակներում բավականին լուրջ դերակատարություն է իրականացնում։ Սակայն թերությունն այն է, որ ֆինանսական և կոնկրետ մասնագիտական ռեսուրսների մասով մեծ բաց է մնում։ Ստիպված ՊՈԱԿ-ն իր աշխատողների մի մասին տեղափոխում է վերջին տարիներին ստեղծված արգելոցներ։ Բացի դրանից, խնդիրներ կան նաև թանգարանային հավաքածուների պահպանման հարցում։ Առկա են հնագիտական գտածոներ, որոնք ծավալային առումով մեծ տարածք են ընդգրկում, և, բնականաբար, անհրաժեշտ է ճիշտ ձևաչափով ու օրենքի սահմաններում իրականացնել պահպանության գործը։ ՊՈԱԿ-ը նաև իր միջոցներով է բավականին աշխատանքներ իրականացրել, վարձակալել համապատասխան տարածքներ, կազմակերպել ցուցադրություններ։ Նախատեսում են բարելավել շենքային պայմանները, որովհետև կան ցուցադրության արժանի բազմաթիվ թանգարանային իրեր, հավաքածուներ։ Որոշակի խնդիրներ է առաջացնում այն հանգամանքը, որ որոշ արգելոց-թանգարանների տեղանքում գրասենյակային տարածքներ չկան։ Հուսով են, որ առաջիկա 3 տարիների ընթացքում նախարարությունը, խոստման համաձայն, կօժանդակի նաև այդ հարցում։ 
Իր հերթին Ս. Շահվերդյանը ներկայացրեց արցախյան կառույցի գործունեությունը, պատմեց ՙՏիգրանակերտի արգելոց՚ ՊՈԱԿ-ի մասին, որը ստեղծվել էր`  իրականացնելու հնագիտական պեղումներ։ Անհրաժեշտությունից ելնելով` այն վերածվեց ՙՊատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն՚ ՊՈԱԿ-ի, որն իր մեջ ամփոփում է երկու ֆունկցիա՝ հուշարձանների պահպանություն և ուսումնասիրություն։ Փաստորեն երկու ՊՈԱԿ-ները միաձուլվեցին։ Ս. Շահվերդյանի պարզաբանմամբ՝ Արցախում արդեն գործում են  ՙՏիգրանակերտի՚ պատմամշակութային արգելոցը, ՙՀունոտի կիրճ՚ բնապատմական արգելոցը, շուտով կստեղծվի ՙՏողի մելիքական ապարանք՚ արգելոցը։ Հանդիպման ժամանակ խոսք գնաց նաև Արցախում իրականացվող պեղումների, հուշարձանների պահպանության գործընթացի շուրջ։
Նույն օրը պատմամշակութային ժառանգության ոլորտի մասնագետների հետ կրկին կայացավ քննարկում ՀՀ մշակույթի նախարարությունում։ Այն վերաբերում էր  փոխըմբռնման հուշագրին, համագործակցության ծրագրերի մի շարք հարցերի։ 
 
Զարինե Մայիլյան