ԱՐՑԱԽՆ ԱՐԴԵՆ ՊՐՈ ԿԱՐԳԻ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄԱՐԶԻՉ ՈՒՆԻ
Վերջին տարիներին ԼՂՀ-ում սպորտը նկատելի զարգացում է ապրում, մեր մարզիկները տարբեր բնագավառներում մեծ հաջողություններ են գրանցում: Վերջերս փորձեր են արվում նաև ֆուտբոլում հաջողությունների համար հիմքեր նախանշել:
Դեռևս 2012 թվականին ՈՒԵՖԱ-ի կողմից հաստատվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) ՊՐՈ կարգի մարզչական արտոնագրի դասընթացի ծրագիրը, ինչից հետո ՀՖՖ-ն ստացավ դասընթաց անցկացնելու և մարզչական ՊՐՈ կարգի արտոնագիր տրամադրելու իրավունք:
Այս ծրագրին մասնակցում էին 12 մարզիչներ, նրանց թվում` նաև մեր հանրապետության ՙԼեռնային Արցախ-97՚ թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Սլավա Գաբրիելյանը: Ծրագրի ընթացքի և արցախյան ֆուտբոլի հեռանկարների մասին է մեր հարցազրույցը նրա հետ:
-Պրն Գաբրիելյան, ի՞նչ է նշանակում ՊՐՈ արտոնագիր և ի՞նչ օգուտ տվեց այն հայ մարզիչներին:
- ՊՐՈ կարգի արտոնագիրը մարզչական բարձրագույն կատեգորիան է, որն իրավունք է տալիս մարզելու ՈՒԵՖԱ-ի մարզչական կոնվենցիայի անդամ երկրի ցանկացած ակումբ. սա է արտոնագրի հիմնական նշանակությունը: Սակայն մինչև այս աստիճանին հասնելը պարտադիր է ունենալ Բ և Ա կարգի արտոնագրեր, որոնք ես ստացել եմ Կապանի թիմի հետ աշխատելու ընթացքում: Դասընթացներին մասնակցում էին ՀՀ ազգային հավաքականի, ինչպես նաև տարիքային բոլոր հավաքականների գլխավոր մարզիչներն ու ՀՀ բարձրագույն խմբի ակումբների գլխավոր մարզիչները, ընդհանուր առմամբ` 12 հոգի:
Սա չափազանց մեծ հաջողություն էր, ինչը նշանակում է, որ ՈւԵՖԱ-ն բարձր էր գնահատել ՀՖՖ մարդկային ռեսուրսները, ենթակառուցվածքների հնարավորությունները եւ այլ գործոններ: ՊՐՈ արտոնագրի դասընթացների ընթացքում այցելելել ենք եվրոպական մի շարք երկրներ, տեղում դիտել ֆուտբոլային հանդիպումներ, կատարել մասնագիտական վերլուծություններ, ծանոթացել ֆուտբոլային ենթակառուցվածքներին: Մեր խումբը նաև ներկա եղավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին: Մեկնեցինք Գերմանիա, որտեղ հանդիպումներ ունեցանք նշանավոր ֆուտբոլային թիմերի տեխնիկական տնօրենների, գլխավոր մարզիչների, ֆուտբոլի ակադեմիաների ղեկավարության հետ, ծանոթացանք թիմերի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերին: Շվեյցարիայի Նիոն քաղաքում մասնակցեցինք ՈւԵՖԱ-ի հերթական դասընթացին: Այստեղ մեզ հնարավորություն ընձեռվեց անցկացնել գործնական մարզումներ, ինչպես նաեւ ծանոթանալ այնպիսի թեմաների հետ, ինչպիսիք են ճգնաժամային իրավիճակների կառավարումը, մտավոր ուժը, ինքնակատարելագործման մեթոդները, ԶԼՄ-ների հետ շփումը եւ այլն: Հնարավորություն ունեցանք հետեւելու հայտնի փորձագետների դասախոսություններին, նրանք պարբերաբար նաև այցելում էին Հայաստան, հատկապես արժեքավոր էին ՖԻՖԱ-ի հրահանգիչ, դարպասապահների մարզիչ, սլովակ մասնագետ Ալեքս Վենցելին և ֆուտբոլային կառավարման ու էկոնոմիկայի հանրահայտ մասնագետ Շոն Համիլի տեսական եւ գործնական պարապմունքները: Վերջում համապատասխան քննաշրջան անցնելուց հետո մեզ տրվեցին ՊՐՈ դիպլոմներ: Ինչ վերաբերում է այդ արտոնագրի տված օգուտին` ասեմ, որ մեր մասնագիտությունն այնպիսին է, որ նորանոր գիտելիքները կենսական կարևոր նշանակություն ունեն մարզչի և նրա թիմի համար: Աշխարհում ֆուտբոլն անընդհատ առաջ է գնում, և մարզչի` նույն մակարդակի վրա տասնամյակներով մնալը խիստ վտանգավոր և վնասակար է թիմի համար: Եթե մարզիչը կրթված է, ապա ճիշտ որոշումներ կայացնելու հնարավորություններն ավելի շատ են: Ժամանակակից մարզչական գիտելիքներով զինված ղեկավարը միայն կարող է ճգնաժամում գտնվող թիմը դուրս բերել այդ վիճակից: Նաև ուզում եմ շեշտել, որ անգամ Եվրոպայում դժվար թե գտնվի մի ֆուտբոլային ֆեդերացիա, որն իր մարզիչներին երեք անգամ կարող է ուղարկել արտերկիր` գիտելիքներն ավելացնելու և հմտություններ ձեռք բերելու համար: Այդ առումով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին և ԼՂՀ ՖՖ նախագահ Սամվել Կարապետյանին:
- Խոսենք նաև Ձեր սպորտային կենսագրությունից:
- Ասեմ, որ վերոհիշյալ խմբում ես ամենահարուստ մարզչական փորձն ունեի: Ծնվել-մեծացել եմ Ստեփանակերտում, պատանեկությունից տարված էի ֆուտբոլով: Ավարտել եմ Մոսկվայի բարձրագույն մարզչական դպրոցը. 1991 թվականն էր, Ղարաբաղում պատերազմ էր հասունանում: Չնայած Մոսկվայում մնալու և աշխատելու առաջարկներ եղան, վերադարձա հայրենիք: Ստեփանակերտում անգամ պատերազմի օրերին ֆուտբոլային թիմ էինք պահում: Հասցրինք նաև կամավորագրվել պատերազմին, այդ մասին շատ է գրվել, չեմ ուզում նորից կրկնել: Հետպատերազմյան տարիներին մեր ֆուտբոլը, կապված պատերազմի պատճառած ավերածությունների հետ, սկսել էր հետընթաց ապրել, չնայած մենք, ինչպես միշտ, հոգու նվիրվածությամբ էինք աշխատում: Այդ ընթացքում որպես մարզիչ աշխատել եմ Երևանի ՙԱրարատ՚ թիմի հետ: Հետո նորից եկել եմ Ստեփանակերտ և չորս տարի մարզել ՙՂարաբաղ՚ թիմը, որը հանդես էր գալիս ՀՀ բարձրագույն խմբում: 1998թ. ինձ հրավիրել են Բեյրութ` մարզելու ՙՀոմենընթմեն՚ թիմը: Մոտ երեք տարի ընտանիքով ապրել եմ Բեյրութում: 2001- 2009թ. որպես գլխավոր մարզիչ նորից աշխատել եմ Ղարաբաղում: 2009 -10թթ. եղել եմ Կապանի ՙԳանձասար՚ թիմի գլխավոր մարզիչը: Բոլոր այդ թիմերի հետ աշխատելն ինձ համար մարտահրավերի դեր ուներ, որովհետև ոչ բոլոր թիմերն էին գտնվում լավ վիճակում: Իմ աշխատանքը երբեք չի ձախողվել, բոլոր այդ թիմերը միշտ էլ պատվով են ներկայացել առաջնություններում: Ասեմ նաև, որ իմ գլխավորած թիմը երկու անգամ` 2001 և 2007թթ. Համահայկան խաղերի չեմպիոն է դարձել: Ընդհանրապես, թող բարձր չհնչի, իմ կյանքի նպատակը Ղարաբաղում լավ ֆուտբոլիստներ և լավ թիմեր պատրաստելն է, և ես համոզված եմ, որ ամեն մարդ իր ուժերն ու կարողությունը հայրենիքում պիտի գործածի: Եթե տարբեր հանգամանքների բերումով աշխատել եմ ՀՀ-ում կամ արտերկրում, միշտ էլ իմ սիրտը հայրենի ֆուտբոլի հետ է եղել:
- Արցախում ՊՐՈ արտոնագրով մարզչի աշխատանքն արդեն արդյունքներ տալի՞ս է:
- Արդյունքների մասին մի քիչ վաղ է խոսել: Արցախն այսօր բարձրագույն խմբի և առաջին լիգայի թիմ չունի, մենք մանկապատանեկան ֆուտբոլն ենք զարգացնում: Թիմը, որի հետ ես մեծ հույսեր եմ կապում, ՙԼեռնային Արցախ-97՚ է կոչվում, այստեղ 15-16 տարեկան պատանիներ են խաղում, սակայն նրանցից շատերն արդեն հասուն ու գրագետ խաղ են ցուցադրում: Մեր թիմն իմ երկրորդ ընտանիքն է: Բավական է ասել, որ այն արդեն ՀՀ մանկապատանեկան առաջնության երկրորդ հորիզոնականում է, իսկ մեր երկու տղաները` Աշոտ Ներսիսյանն ու Նորիկ Մկրտչյանը, լավագույն ռմբարկուների ցանկում երկրորդ և երրորդ տեղերում են: Մանկապատանեկան ֆուտբոլում կարևորը տեղ զբաղեցնելը չէ, տղաները պետք է լավ խաղ ցուցադրեն, ապրեն ֆուտբոլով և մեծ ֆուտբոլ մտնեն հաղթողի հոգեբանությամբ, այս դեպքում միայն մենք հաջողություններ կունենանք: Ես նաև լավ օգնականներ ունեմ` հանձին Ժան Ապրեսյանի և դարպասապահների մարզիչ Իվան Գրիգորյանի:
- Ուրեմն` Արցախի ֆուտբոլասերները սպասեն ուրախալի անակնկալների՞:
. - Առանց նպատակի առաջընթաց չի լինում: Մենք հույս ունենք առաջիկա տարիներին ունենալ առաջին խմբում հանդես եկող թիմ: Դրա համար բոլոր նախադրյալները կան. իմ խմբում արդեն կան բավական թվով տղաներ, որոնք այսօր էլ կարող են խաղալ բարձրագույն խմբում: Այսօրվա դրությամբ մեր գլխավոր խնդիրներից մեկը նաև ֆուտբոլիստներին սեփական ուժերի նկատմամբ վստահություն ներարկելն է: ՙԼեռնային Արցախ-97՚-ից բացի ունենք նաև ավելի մեծ տարիքի մի քանի շնորհալի ֆուտբոլիստներ:
- Ի՞նչ խնդիրներ ունեք:
- Մեր խաղադաշտի խոտածածկույթի վիճակը գոհացուցիչ չէ, մարզիկների վարպետությունը կատարելագործելու, առաջադիմելու առումով շատ դժվար է նման դաշտում աշխատելը: Մեր իշխանությունները պատրաստակամ են` հանրապետությունում ֆուտբոլի զարգացմանն ուղված քայլեր իրականացնելու առումով: Ներկայում կառուցվում է սպորտային մեծ բազա: Հույս ունենք, որ բոլոր խնդիրները մոտ ապագայում կլուծվեն, և մեր ֆուտբոլասերները հայրենի թիմով հպարտանալու առիթներ կունենան: Ես այն համոզմունքն ունեմ, որ փոքր երկրները միջազգային ասպարեզում ներկայացնելու համար ֆուտբոլն ամենակարևոր միջոցներից մեկն է, և մենք բոլորս համոզված ենք, որ մի օր էլ ԼՂՀ-ն կդառնա ՈւԵՖԱ-ի անդամ:
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ