[ARM]     [RUS]     [ENG]

ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ` ՀԱՅՐԵՆԻ ԲԵՄՈՒՄ

lal_lal.jpgԾնունդով ստեփանակերտցի Արտյոմ Լալայան արվեստագետ-երաժիշտի անունը վաղուց հայտնի է աշխարհի երաժշտասեր հասարակությանը։ Իր մասնագիտական գործունեությունը նա սկսել է հայրենի քաղաքում. 1983-ին Լեռնային Ղարաբաղում ստեղծել է ՙԱմարաս՚ ջազային քառյակը, որը բազմիցս դարձել է հեղինակային փառատոների դափնեկիր։ 1988թ. քառյակը հրավիրվել է Երեւան, ուր Ա.  Լալայանը կազմակերպել է ջազային փառատոներ։ 
ՙՋազ՚ շնորհանդեսներում քառյակը բազմիցս գրավել է առաջին տեղը։ Նրա արվեստը բարձր են գնահատել շատ նշանավոր երաժիշտներ։ Դասական ջազային նվագարանների շարքում նրա ծրագրում ներառվում են նաեւ հայկական ազգային գործիքներ բլուլը, դուդուկը, շվին, որոնք հայկական կոլորիտ են մտցնում ջազային կոմպոզիցիայի հնչողության մեջ։
Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը տնօրեն Արմեն Հովսեփյանի նախաձեռնությամբ օրերս հյուրընկալեց Արտյոմ Լալայանին, ով սիրով հանդես եկավ հայրենական հանդիսատեսի առաջ։ Երեկոյին ներկա էր ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը։ 
Կենտրոնի տնօրենը շնորհակալություն հայտնեց հանրահայտ երաժիշտին, ով բարձր է պահում հայի անունն աշխարհի բեմերում, եւ հուշանվեր հանձնեց։ 
1993թ. Արտյոմ Լալայանին հրավիրում են դասավանդելու Մոսկվայի Գնեսինների անվան քոլեջում՝ կոնցերտմայստերի պաշտոնում, որտեղ շարունակում է ՙԱմարաս՚ քառյակի գործունեությունը՝ նոր կազմով։ Նա խմբի մեջ ներգրավում է ռուսական հայտնի երաժիշտների՝ Անատոլի Սոբոլեւին-կոնտրաբաս, Լեոնիդ Շուպիկին-սաքսոֆոն, Յոհանային-սաքսոֆոն, Արտաշես Սինանյանին՝ որպես խմբի հարվածային գործիքների անփոխարինելի կատարող, որն այնուհետև հրավիրվեց Լոս Անջելես՝ համաշխարհային աստղ, ջազային հարվածահար Բիլլի Հիգինսոնի կողմից։ 1996թ. Ա. Լալայանը դառնում է համերգագովազդային բաժնի ղեկավար ռուսաստանյան համերգային հայտնի ծրագրերից մեկում։
2003թ. Ա. Լալայանն ստեղծեց ՙԱմարաս Արտ՚ երաժշտական ջազային ընկերությունը, որը հաջողությամբ երաժշտական փառատոներ է անցկացնում ՙՋազ՚, ՙԷթնո՚ եւ ՙԿլասիկա՚ ուղղություններով ինչպես ակումբային ձեւաչափով, այնպես էլ համերգային հարթակներում։
2006թ. Արտյոմ Լալայանը վերսկսում է իր համերգային գործունեությունը Մոսկվայի լավագույն ջազային բեմահարթակներում։
Մեծ հաջողությամբ են անցնում ՙՋազ՝ հայկական շեշտով՚ հեղինակային համերգները Մոսկվայում։ Նույն թվականին նույն ծրագրով նա հրավիրվում է աշխարհի ամենահեղինակավոր ՙMontreu Jazz Festival՚ փառատոնին։ 1998-2001թթ.. Ա. Լալայանը հանդիսացել Նյու Յորքի ՙNew Music Line՚ երաժշտական գործակալության գործընկերը։
Մեր օրերում ջազն ընկալվում է որպես դասական երաժշտության տեսակ։ Այն ներկայացնում է ազգային շատ դպրոցներ, որոնցից յուրաքանչյուրը միավորում եւ համադրում է համաշխարհային ջազային միտումները՝ հատուկ ազգային կոլորիտով, իր գեղեցկությամբ հմայող մեղեդայնությամբ։ Ջազի վարպետ  Արտյոմ Լալայանի կատարողական արվեստն անթերի է, տեխնիկապես անբասիր։ Նա նուրբ երաժիշտ է, հիանալի տիրապետում է ռոյալին, վարպետորեն օգտագործում  նրա բոլոր հնարավորությունները։ Մեծ երաժիշտը եւ հմուտ ջազմենը գտնում է, որ երաժշտությունն այսրոպեական հաճույք չէ, այն հնարավորություն է հնչյունների լեզվով արտահայտելու մարդու հոգին փոթորկող զգացմունքները։ 
Արտյոմ Լալայանն այսօր էլ շարունակում է կազմակերպչական եւ պրոդյուսերական իր ակտիվ գործունեությունը Հայաստանում, Ռուսաստանում եւ աշխարհի տարբեր երկրներում։ Շուտով նա հանդես կգա եվրոպական մի շարք երկրներում եւ Բրազիլիայում. մաղթենք նրան նոր նվաճումներ աշխարհի բեմերում։

Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆ