[ARM]     [RUS]     [ENG]

ԾԱՌԱՅԵԼ ԱՐՑԱԽՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԵՐՈՒՆԴ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԻՆ

georgy_bio_1_rev_1.jpgԻնչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 5-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստուհի, քանոնահար Անժելա Աթաբեկյանի և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դուդուկահար Գեորգի Մինասովի մեծարման երեկոն` նրանց ԼՂՀ արվեստի վաստակավոր գործչի կոչումներ շնորհելու առթիվ։
Ներկայացնում ենք ՙԱզատ Արցախ՚-ի հարցազրույցը ճանաչված դուդուկահար Գեորգի ՄԻՆԱՍՈՎԻ հետ։ 
-Պարոն Մինասով, նախ` թույլ տվեք մեր խմբագրության անունից շնորհավորել Ձեզ՝ պետական բարձր կոչում շնորհելու կապակցությամբ և մաղթել ղարաբաղյան երկարակեցություն, ստեղծագործական  նորանոր հաջողություններ: Պատմեք, խնդրեմ, Ձեր արմատների մասին:
- Ես էլ շնորհակալություն եմ ուզում հայտնել երկրի Նախագահ Բակո Սահակյանին` իմ բազմամյա աշխատանքը բարձր գնահատելու համար։ Պատրաստ եմ իմ ուժերի ներածին չափ ծառայել Արցախում դուդուկահարների երիտասարդ սերունդ դաստիարակելու գործին: Ինչ վերաբերում է իմ արմատներին, ասեմ, որ ծնվել եմ Բաքվում, բայց երկու ծնողներս էլ Հադրութի շրջանի Ազոխ գյուղից են: Մանկությանս  տարիներին շատ ժամանակ եմ անցկացրել պապերիս գյուղում, իսկ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մի ամբողջ տարի ապրեցի այնտեղ: Գյուղի քաղցրությունը, համն ու հոտն այն տարիներին եմ զգացել: Ամեն տարի գնալ-գալը կա, հայրական տունը պահպանված է: Մի տարի որ չգամ, կգժվեմ: 
- Ինչպե՞ս ստացվեց Ձեր մուտքը երաժշտության աշխարհ. պայմանավորված էր գեներով ու շրջապատո՞վ: 
- Անշուշտ, գեներն իրենց դերն ունեցան իմ ուղին ընտրելու գործում: Պապս, հայրս, հորեղբայրս երաժիշտներ էին: Հորեղբայրս` Աղալար Մինասովը, կլառնետ, շվի, դուդուկ էր նվագում, Բաքվում ամենահայտնի երաժիշտներից էր: Մեծ Թաղերում Բեհբուդ անունով հայտնի դուդուկահար կար, հաճախ նրանք միասին ելույթներ էին ունենում: Կարելի է ասել, երաժիշտների տոհմ ենք: Այսօր էլ իմ երեխաներն ու թոռներն են ընթանում մեր ճանապարհով: Բայց մինչ դուդուկը ձեռքս բռնելը, ասեմ, որ նվագում էի այլ փողային գործիքների վրա, տարբեր փողային նվագախմբերում: Մասնագիտական ուսում ստացել եմ բավականին ուշ, 33 տարեկանում: Ավարտելուց հետո ճանապարհս լայնորեն բացվեց դեպի ռադիո, հեռուստատեսություն: Գովեստի շատ խոսքեր հնչեցին իմ հասցեին: Ըստ իս, ինչքան շատ են գովում, այնքան մարդու պատասխանատվության զգացումը պետք է ավելի ու ավելի ուժեղանա: Մեր օրերին հաճախ հակառակն եմ տեսնում: Մի քիչ գովում ես մեկին` մեկ էլ տեսնում ես, թե ինչպես է ուռչում-փքվում և դադարում իր վրա աշխատելուց: Ես միշտ աշխատասեր եմ եղել ու մինչև հիմա էլ աշխատում եմ իմ ուժերի առավելագույն չափով: Ես ինձ չեմ մեծարում: Պարզապես սիրում եմ իմ գործը: Իմ երջանկությունն իմ սերն է առ երաժշտությունը: Աստված ինչ ինձ տվել է, պետք է փոխանցեմ գալիք սերնդին: Ինքս չեմ սիրում խոտան տալ և իմ աշակերտներին էլ թուլ չեմ տալիս այդպես աշխատել:
- Ե՞րբ տեղափոխվեցիք Հայաստան: Ինչպե՞ս Ձեզ դիմավորեցին:
- Երևան առանց ընտանիքի տեղափոխվեցի 1983 թվականին: Ընտանիքս մնաց Բաքվում՝ մինչև հայտնի իրադարձությունները: Երևանում ինձ շատ ջերմ ընդունեցին, ասես ինձ էին սպասում: Ռուբեն Ալթունյանը նվագախումբ էր այդ ժամանակ հավաքում: Հեռուստատեսության խմբագիր Վ. Սահակյանի հետ գնացինք ֆիլհարմոնիայի տնօրենի մոտ, այնտեղ հանդիպեցինք Ռուբեն Ալթունյանին: Պարզվեց, որ նրա հավաքած նվագախմբում պակասում է մենակատար-դուդուկահարը: Երբ իմացավ` ով եմ ես, ուրախացավ ու միանգամից աշխատանքի վերցրեց: Շատ լավ երաժշտական ընտանիք ձեռք բերեցի, ու ամեն ինչ լավ ընթացք ունեցավ: Առաջարկում էին դասավանդել, բայց ուզում էի դուդուկի համար ձեռնարկս հրապարակել, որից հետո միայն անցնել դասավանդման: Ձեռնարկը տպագրվեց 1990 թվականին, նույն տարում էլ սկսեցի աշխատել Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, որտեղ և մինչ օրս աշխատում եմ:
- Դուք, ի տարբերություն Հայաստանում հայտնի այլ դուդուկահարների, հաճախ մուղամ եք նվագում համերգներին: Ինչո՞վ է դա պայմանավորված:
- Մուղամն ինձ համար մեծ արվեստ է, ժողովրդական սիմֆոնիա է: Շատ մարդիկ չեն հասկանում դրա արմատները, հարստությունը: Այո, թուրքերն իրենց են վերագրում, բայց գիտակ մարդիկ տեղյակ են, որ մուղամը պարսկական ձագում ունի: Ասեմ ձեզ. Բաքվում լավագույն մուղամ կատարողները թառի, դուդուկի, քամանչայի վրա հայերն էին: Այո, հիմա այնտեղ լավ նվագողներ կան, բայց նրանց նվագելու ոճն այն ժամանակվա լավագույն կատարողների` Սողոմոն Սեյրանյանի, Աշոտ Գասպարովի, Սիմոն Գասպարովի, Բալա Մելիքյանի, Սաշա Օգանեզաշվիլու ոճն է: Այդ մարդիկ են Բաքվում բարձր կատարողականության դպրոց ստեղծել: Երաժշտության մեջ ինձ համար ազգության հարց չկա: Եթե լավ երաժշտություն է, կապ չունի` թշնամիս է հորինել, թե բարեկամս, ես սիրով կնվագեմ այն: Երաժշտագետ Ֆիրիդուն Շուշինսկին ժամանակին իր գրքում գրել է, որ հայ մասնագետները շատ մեծ ներդրում են ունեցել մուղամի զարգացման, կատարելագործման գործում, և անուններ է տալիս, թե որքան հայ լավ վարպետներ կային այն տարիներին: Թեկուզ հայտնի դեպքերից հետո նրա նոր գրքում այդ անուններն էլ չկան: Դա նրա խղճի հարցն է: Իսկ ինձ համար, նորից եմ ասում, մուղամը սրբություն է:
- Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր որոշումը` դուդուկը կատարելագերծելը: Պատմեք, խնդրեմ, նոր գործիքների մասին:
- Մեծ սիրուց: Սերն ինձ համար ամեն ինչ է, կապ չունի` ինչի հանդեպ: Ամեն ինչում լցված եմ սիրով: Եվ մատաղ սերնդին մաղթում եմ միայն ու միայն մեծ սեր երաժշտարվեստի, մարդկանց, աշխարհի հանդեպ ու անմոռաց աշխատասիրություն: Ուզում եմ, որ երիտասարդ դուդուկահարները հասկանան, որ չպետք է լինել միայն  տխրության կամ հարսանիքի երաժիշտներ: Դուդուկը բեմում հնչելու հրաշալի գործիք է թե մենակատարման, թե նվագախմբում նվագելու։ Երրորդ իմ գրքում, որն արդեն լույս է տեսել, կան շատ ստեղծագործություններ դաշնամուրի նվագակցությամբ: Այսինքն, ուզում եմ բացահայտել դուդուկի շատ մեծ հնարավորությունները. այդ գործիքով հրաշալի հնչողություն է ստանում աշխարհի այլ ազգերի  երաժշտությունը:
Ինչ վերաբերում է նոր գործիքներին, սկսեցի դրանք մշակել` նվագախմբում հարմոնիկ հնչողություն ստանալու համար: Դուդուկի դիապազոնը փոքր է: Ես ավելացրել եմ այն կվինտայով: Սկզբում դուդուկ-բաս, դուդուկ-բարիտոն, հետո դուդուկ-տենոր ստեղծեցինք: Եվ հիմնեցինք դուդուկահարների համույթ, որտեղ նվագում են իմ աշակերտները: Ես ունեմ արտոնագիր այս գործիքների պատրաստման համար: Դրանք վաճառքի դրած դեռ չկան, քանի որ մշակման աշխատանքը դեռ շարունակվում է, և ես ուզում եմ, որ մարդիկ դրանք որպես իմ կողմից ստեղծված գործիքներ ճանաչեն: Երազանք ունեմ՝ այս ինքնատիպ համույթը պետականի կարգավիճակ ստանա: Համույթի երաժիշտները մի քանի տեղ են աշխատում, որպեսզի ընտանիքը կարողանան պահել: Ուստի մեր փորձերը սիստեմատիկ բնույթ չեն կրում, քանի որ աշխատավարձ մեր համույթից նրանք չեն ստանում: Եթե պետականացվի, լուծում կստանան նման հարցերը: Հույս ունեմ, որ 2014-ին երազանքս իրականություն կդառնա:
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ