[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՐԻ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ՄՆԱՅՈՒՆ ԱՐԺԵՔ

22299.jpgԱրցախի գրողը` բուլղարերեն 
Ասում են, գրողների բարեկամությունը, որպես կանոն, հիմնականում վերածվում է գրականությունների բարեկամության, գրականությունների բարեկամությունը` ժողովուրդների: Բանաստեղծներ Վարդան Հակոբյանի և Ռոման Կիսյովի ստեղծագործական համագործակցությունը, որը սկզբնավորվել է վերջերս, ավելի կոնկրետ` 2012թ. Մակեդոնիայում (Ստրուգա) անցկացված Պոեզիայի միջազգային փառատոնում, ասվածի լավագույն առհավատչյաներից է: 
Հանդիպումից մեկ տարի հետո բուլղարացի բանաստեղծ Ռոման Կիսյովը հրավիրվում է Արցախ և մասնակցում այստեղ անցկացվող Պոեզիայի միջազգային փառատոնին, որը տարածաշրջանում առաջին նման միջոցառումն էր: 
Ռոման Կիսյովը նաև գեղանկարիչ է, հայտնի անուն Բուլղարիայում: Նրան հայ ընթերցողը գիտի ԼՂՀ ԳՄ հրատարակած ՙԲանաստեղծությունն աշխարհի միջօրեականներում՚ երկհատորյակում և ՙԳեղarm՚ հանդեսում տպագրված թարգմանական գործերից: Ռ. Կիսյովն իր հայ գրչընկերների պատմածներից ու  տարբեր աղբյուրներից որոշակիորեն տեղյակ էր Արցախի հիմնախնդրի, մեր ազատագրական պայքարի մասին: Բուլղար գրողն, իհարկե, գիտեր նաև պաշտոնական Բաքվի սադրանքների ՙպատմությունը՚, բայց եկավ Ստեփանակերտ` արհամարհելով բոլոր դժվարությունները, մոտիկից ծանոթացավ արցախցիների կյանքին ու մաքառումներին: Նա հետո, իր հարցազրույցներից մեկում, պիտի խոստովաներ. ՙԱրցախում Աստծո ներկայությունն ամենուր է… Ես քրիստոնյա եմ, և ինձ անչափ հետաքրքրում են քրիստոնյա հավատքի արմատներն այստեղ՚…
Քիչ ժամանակ է անցել արցախյան հանդիպումներից: 
Հայր և որդի Կիսյովները շատ կարճ ժամանակում բուլղարերեն թարգմանեցին Վարդան Հակոբյանի  ՙՔարի  շնչառությունը՚  գիրքը:  Ռ. Կիսյովն  իր  հայ  գրչակցին  գրեց Սոֆիայից.   ՙՔո բուլղարերեն գիրքը հիանալի է… Որովհետև բանաստեղծություններդ հիասքանչ են… Դու մեծ մասշտաբի պոետ ես:
Ես շատ ուրախ եմ, որ համաձայնեցիր խոսք գրել` ուղղված բուլղար ընթերցողին, անհամբեր սպասում ենք դրան` գրքում զետեղելու համար:
Գրքի շապիկը պատրաստ է… Ուղարկում եմ քեզ… Ես եմ շապիկի ձևավորող-նկարիչը, հուսով եմ, քեզ դուր կգա: 
Հայրս ջերմորեն ողջունում է, ես` նույնպես:
Խորին հարգանքով` Ռոման Կիսյով՚:
Վարդան Հակոբյանի ստեղծագործություններն առանձին գրքերով տպագրվել են աշխարհի մի շարք լեզուներով` ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, վրացերեն, պարսկերեն… Եվ ահա օրերս Սոֆիայում  ընթերցողի սեղանին դրվեց Վարդան Հակոբյանի բանաստեղծությունների բուլղարերեն ժողովածուն:  
- Պարոն Հակոբյան, խնդրեմ, Ձեր զգացումները ՙՔարի շնչառությունը՚ գրքի բուլղարերեն թարգմանության առթիվ։
- Թեև երբեք չեմ եղել Բուլղարիայում, բայց այնպիսի զգացողություն ունեմ, թե մեր ազգային հերոսների` զորավար Անդրանիկի և Գարեգին Նժդեհի հետ, հայերից կազմված մի ամբողջական վաշտում, տարիներ առաջ միացել եմ բուլղարական աշխարհազորին և մասնակցել Առաջին բալկանյան պատերազմին...
Այն զգացողությունն ունեմ, թե բաժակ եմ զարկել Բուլղարիայի ազգային հերոս ու բանաստեղծ Խրիստո Բոտևի հետ` նրա ՙԱղոթքը՚ մրմնջացել, ապա ուսիս զգացել նրա ձեռքի մարգարեական ծանրությունը. ՙՆա, ով զոհվում է ազատության համար, չի մահանում՚:
Այն զգացողությունն ունեմ, թե Բալկանյան լեռներում հանդիպել եմ Պեյո Յավորովի հետ... Ի դեպ՝ նա ինձ տեսել էր Սոֆիայի գորշ տնակներից մեկում, ուր տխուր, տնավեր ու հայրենի ափերից հալածված` երգում էի արցունքի միջից, երգում էի` գլուխս հակած գինու բաժակին: 
Այն զգացողությունն ունեմ, թե այցելել եմ նենգավոր թշնամուց հողում թաքցված կամ լեռան բարձր գագաթին խոյացած մի անմատչելի եկեղեցի (այդպիսի տաճարներ միայն հայերն ունեն և բուլղարացիները), մոմ վառել... Իսկ մոմի բոցերը ոչ միայն վառվում էին, այլև իրենց կրակե ստվերներով տառադարձվում էին վանքի պատերին` գուցե բուլղարերեն, գուցե հայերեն... 
Այն զգացողությունն ունեմ, թե դրանք ես չէի կարդում, այլ աղոթում էի անբառ... Այն ժամանակ երևի հասկացա, որ բուլղարերենը և հայերենը նույն ոգին ունեն: Տառերն են տարբեր: Ցավը նույնն է: Եվ քարն իր շնչառությամբ մաքրում է օդն ու ջուրը, և քարն իր շնչառությամբ թթվածին է ավելացնում... Եվ պոեզիան ճանապարհ է, որ տանում է այնտեղ, ուր ոչ մի ճանապարհ չի տանում: Որովհետև բանաստեղծը գիտի մի բան, որ իրենից բացի ուրիշ ոչ ոք չի իմանում: 
Այն զգացողությունն ունեմ, թե բանաստեղծությունը չի գրվում, այլ մոմի լույսի պես տառադարձվում է հոգիներում: Ինչպես հիմա իմ բուլղարերեն բանաստեղծությունն է փորձում անել: Եվ կանի, չեմ կասկածում, հասանելի կլինի սուրբ խաչի զորավորությամբ: Մեզ մոտ` Արցախում, այսպիսի մի օրհնություն կա, երբ մի նոր գործ ենք նախաձեռնում, ասում ենք` թող խաչը զորավոր անի... Գիրքս զարդարող խաչքարը հենց այդ զորության աստվածային պատգամն ունի:
Ես չեմ բառավորում ինձ: Պետք չէ: Ես պարզապես իմ գրքով կանգնում եմ բուլղարացի իմ քույրերի ու եղբայրների կողքին: Ջերմորեն սեղմում եմ նրանց ձեռքը: Եվ շատ եմ ուզում երգերս նոյյան աղավնիներ դառնան, որ եկեղեցու գմբեթին էլ իջնելու լինեն` կտուցներին  ունենան գարնան, խաղաղության և սիրո շունչն ավետող ձիթենու մի շյուղ:
Թեև ես երբեք չեմ եղել Բուլղարիայում, բայց երբ այնտեղ իմ երգերը բուլղարերեն են հնչում (դրա համար երախտագետ եմ հայր և որդի Կիսյովներին), այն զգացողությունն եմ ունենում, թե աշխարհի ամենագեղեցիկ ու հնամյա լեգուներից մեկի լուսապսակը ճակատիս` քայլում եմ բալկանյան հզոր լեռնապարով: Ու այնտեղից այնքան պարզ են երևում մեր Արարատը, Արցախը, ասես լինեն ափի մեջ...
Նպատակահարմար ենք գտնում մեր ընթերցողների ուշադրությանն ամբողջությամբ ներկայացնել բուլղարերեն գրքի առաջաբանը, որը գրել է Ռոման ԿԻՍՅՈՎԸ, քանզի նրա խոսքը իր մեջ պարունակում է ճշմարիտ ընդհանրացումներ Արցախի, արցախցու, մասնավորապես, մտավորականի մասին.  ՙՎարդան Հակոբյանի հետ ծանոթացա 2012-ի ամռանը ՙՍտրուգայի պոեզիայի երեկոներ՚ փառատոնում: Խոշորամարմին, պարթև, լռակյաց, ճառագող տղամարդ, որի մեջ համակցվում են ամրությունն ու մեղմությունը, խստությունն ու բարությունը, հուսալիությունը… Ասես քարի նկարագրությունը նրա ՙԵրեք տող՚-ում իրեն վերաբերի. ՙՔարը, եթե լուռ չլիներ, այդքան ծանր (և առավել ևս՝ այդքան հուսալի) չէր լինի տան պատերի մեջ, ինչպես դրսում, այնպես էլ ներսում՚: Մեր առաջին հանդիպումից շատ չանցած՝ ինձ առիթ վիճակվեց համոզվելու, որ Վարդանն իր հայրենի տան՝ Արցախի հոգևոր ՙհիմնաքարերից՚ մեկն է... Նրա (որպես կազմկոմիտեի հիմնադրի և նախագահի) անձնական հրավերով 2012-ի հոկտեմբերին մասնակցեցի Լեռնային Ղարաբաղի բանաստեղծության անդրանիկ փառատոնին… Դրանից առաջ այդ անվանումը ես կապում էի բացառապես զինված ընդհարումների, երկպառակության, անհուսալիության և խավարի հետ… Այս առումով հենց այնտեղ էլ անսպասելիորեն տեղեկացա, որ անցյալում պարսիկներն այս հողը Ղարաբաղ են կոչել, ինչը նշանակում է ՙսև այգի՚: Իսկ հայերը (հին ժամանակներից մինչև օրս) անվանում են Արցախ, քանի որ այս հայերեն բառն արմատապես այլ նշանակություն ունի՝ ՙարևոտ այգի՚ կամ ՙԱրևի, Կենաց այգի՚ (ԱՐ արմատը բեռնված է բարդ սիմվոլիկայով և նշանակում է՝ Արեգակ, Կյանք, Ամենազորություն, մինչ ՑԱԽ-ը այգին է կամ կուսական, անանցանելի անտառը)… Հայտնի է, որ Արեգակը, Կյանքը և Ամենազորությունը դեռ վաղնջական անցյալից Աստված-Բանի հոմանիշներն են, այնպես որ Արցախ անվանումը կարող էր նշանակել նաև ՙԲանի,՝ Խոսքի այգի՚, այնպես, ինչպես որ տեսա և ես.  բանաստեղծական խոսքի ՙայգի՚, խոսք, որ միավորում է, ոչ թե տարանջատում: Իսկ Վարդան Հակոբյանը, ինչպես արդեն հիշատակեցի, այդ այգու ՙհոգևոր հիմնաքարն՚ է՝ ոչ միայն որպես բանաստեղծ, այլև որպես գիտնական ու հասարակական գործիչ: Պատահական չէ, որ հենց քարն է նրա պոեզիայի հիմնական բանաստեղծական հերոսն ու խորհրդանիշը: Քարը Վարդան Հակոբյանի բանաստեղծություններում, նախ և առաջ, հավերժության՝ այն մնայուն ու անփոփոխ արժեքների և ճշմարտությունների փոխաբերությունն է, որոնք ենթակա չեն ուղղագիծ, փոփոխական ժամանակին ու էնտրոպիային… ՙԱյս քարի վրա/ կյանքն անմահ է (…),  համբուրիր քարը՚: Բայց Քարը նաև սահմանաքար է կյանքի ու մահվան եզրագծին… ՙԿյանքի և մահվան սահմանագծում/ կա մի արարչություն տիեզերական,/ դա հավերժությունն է,  կարող եք կոչել բանաստեղծություն՚ (ՙԲանաստեղծությունը՝ սահմանից դուրս՚): Ճիշտ այդպես Վարդան Հակոբյանի բանաստեղծությունները կոչվում են հավերժություն, կյանք և ճշմարտություն… ՙԵս ձայն եմ անմեռնելի, /քանի դեռ իմ մեջ է հավերժական/ ավիշը սրբազան ճշմարտության՚:
Յուրատեսակ ՙերկվությունն՚ ու հակասականությունը ինչպես հայրենի հողի անվան մեջ, այնպես էլ պատմական ճակատագրում, անկասկած, դրոշմված են նրա պոեզիայում խոր դրամատիզմով և էկզիստենցիալ ոգով, հաճախ էլ արտացոլված յուրօրինակ պարադոքսալ փոխաբերականությամբ… Վարդան Հակոբյանի դրամատիզմն իմաստուն է և լուսեղ, մաքրագործող. այդ դրամատիզմը չի ներշնչում անհուսություն ու հուսալքում, այլ հակառակը, ատելության դեմ մարտնչելով՝ ծնվում է սերը, խավարի դեմ մարտնչելով՝ ծնվում է լույսը, մահվան դեմ մարտնչելով՝ ծնվում է կյանքը… Նրա պոեզիան հենց այս փոխակերպման վկայությունն է, փոխակերպում, ի հետևանս որի, Բանի կամ Խոսքի ՙտիեզերական արարչության՚ միջոցով, Սև այգին (մահվան այգին) վերածվում է Կենաց այգու, որտեղ ՙքարերը բուրում են՚, և ՙքարի շնչառության մեջ/ կենդանանում է հյուրընկալ ծաղիկ՚: Ցավից և կյանքի ծարավից ծնունդ առած այս հրաշալի պոեզիան տեսնում է անտեսանելին, որովհետև նայում է ՙառավոտի աչքերով՚, ուղղված է դեպի ապագա՝ ՙայն տարածքը,/ որտեղ առաջինը/ ոտք են դնում բանաստեղծները՚… ՙՄինչև օրս անտեսանելին թովել է աչքերս՚,- խոստովանում է բանաստեղծը:
Ապագայի և Հավիտենության ձգտումը՝ այս բանաստեղծական իդեալիզմը, աղերսվում է Վարդան Հակոբյանի պոեզիայի մեկ այլ մոտիվի՝ Ճանապարհի հետ… Բայց նրա Ճանապարհը ոչ այնքան արտաքին է, ուղղագիծ ժամանակի և տարածության մեջ, որքան ներքին՝ հոգու ներքին ժամանակի միջով, ինքն իրեն, իր նվիրական ու բուն ՙես՚-ին հանդիպելու նպատակով… ՙԵվ ճանապարհը որքան վեր է ելնում,/ ես նույնքան/  մոտենում եմ իմ խորքերին՚ (ՙԴժվար օդ՚): Եվ որքան ավելի է հոգին խորքերն իջնում, այնքան ավելի է Ճանապարհը նրան դեպի բարձունքներ տանում և ընդլայնում  նրա սահմանները: Սա է բանաստեղծի երազանքը. ՙՏվեք հոգուս այդ ներդաշնակությունը, /որ կիրճի պես խորքը իջնեմ/ և լեռան պես դեպի երկինք ձգտեմ՚:
Եվ քանի որ նա գիտի՝ ՙանվերջ է ճանապարհը՚, սա է նրա  ճշմարիտ խոսքը՝ ՙշարունակելի՚…
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ