[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԾ ՍԻՐՈՎ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՄ ՈՒ ԿԾԱՌԱՅԵՄ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ

ՙ05.jpgԱԱ՚-ի ընթերցողներին արդեն տեղեկացրել ենք, որ դեկտեմբերի 5-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստուհի, քանոնահար Անժելա Աթաբեկյանի և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դուդուկահար Գեորգի Մինասովի մեծարման երեկոն` նրանց ԼՂՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում շնորհելու առթիվ: 
Հարցազրույց անվանի քանոնահարուհի Անժելա ԱԹԱԲԵԿՅԱՆԻ հետ։
-Թույլ տվեք շնորհավորել Ձեզ բարձր կոչման առթիվ:
- Ես էլ, օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրի Նախագահ Բակո Սահակյանին բարձր կոչում շնորհելու համար, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանին, որը կազմակերպեց այս գեղեցիկ երեկոն: Շնորհակալություն եմ հայտնում դահլիճում նստած բոլոր նրանց, ովքեր այդքան ջերմ ընդունեցին մեզ: Շատ հուզիչ էր` ծաղիկները, մաղթանքները, ջերմ մթնոլորտը: Այնքան էինք հուզված, որ բեմից կարգին չկարողացանք խոսել:
- Ո՞րն է Ձեր հաջողությունների գաղտնիքը:
- Իմ բոլոր հաջողութունների համար պարտական եմ Արցախին, արցախցիներին, Գանձասարի Սուրբ Հովհաննես վանքին, որ կառուցել են իմ պապերը, մեր սուրբ հողին, բոլորիդ, որ միասնաբար կանգնած եք երկրի լավագույն զավակների կողքին: Տարիքս կապ չունի: Դեռ նոր եմ սկսում աշխատել: Անելիքներս շատ են` ամբողջ իմացածս, գիտելիքներս հաջորդ սերունդներին փոխանցելու առումով: Այսուհետ  ավելի սերտ կապ կպահպանեմ արցախցի իմ աշակերտների հետ: Իհարկե` իմ հնարավորությունների չափ: Արցախյան պատերազմի ժամանակ մեր տունն ավերվեց  ռմբակոծությունից: Գուցե այն տունը գյուղում վերակառուցելու փոխարեն այստեղ մի հնարավորություն ընձեռեն, որ ոտքս կապված լինի Ստեփանակերտի հետ: Այդ դեպքում ավելի հաճախ կգամ-կգնամ: Այնտեղ` Երևանում, արդեն ունեմ ասիստենտ, որն իմ բացակայության դեպքում կպարապի ուսանողների հետ, ես էլ կկարողանամ տարվա գրեթե կեսը լինել այստեղ: Ի՞նչն է ինձ հուզում: Այն, որ մրցույթներին, օրինակ` Գյումրու ամենամյա ՙՎերածնունդ՚ փառատոնին, Արցախից շատ քիչ երեխաներ են լինում: Ցավով եմ դա ասում: Իհարկե, կան մասնագետներ` Գոհարը, Տաթևիկը, նրանք մեծություններ են մեր ասպարեզում, մեծ գործ են անում, և ես ուրախ եմ նրանց համար: Բայց դա քիչ է, ավելին պետք է անել, դափնեկիրներ պետք է դաստիարակել, որպեսզի ոլորտն ավելի աշխուժանա:
- Ասում են, տղամարդիկ էին նվագում քանոնի վրա...
- Դե, այն ժամանակներին ոչ միայն քանոնի, այլև ցանկացած գործիքի վրա նվագում էին տղամարդիկ: Բայց քառասուն տարուց ավելի Արամ Մերանգուլյանի նվագախմբում նվագելիս գործիքը կանացի դարձավ։ Ընդ որում, մեր կոմպոզիտորները, հրապուրվելով այդ նվագարանով` սկսեցին շատ հետաքրքիր ստեղծագործություններ գրել դրա համար:
- Իսկ Դո՞ւք ինչպես հրապուրվեցիք այդ գործիքով:
- Կախարդական այս արվեստի աշխարհն իմ մուտքը կապված է Բաբկեն Բալասանյանի հետ: Երևանում դաշնամուրի յոթ տարվա կուրսը սովորեցի մի երեք տարում և ուզում էի ընդունվել երաժշտական ուսումնարանի կոմպոզիցիայի բաժինը: Կոնսուլտացիաների ժամանակ մի սենյակից ինձ անծանոթ ձայներ լսեցի: Անգամ չգիտեի` ինչ գործիք էր: Ձայնի, տեմբրի գեղեցկությունն այնքան   հուզեց, որ միանգամից գրավեց ինձ: Դա ճակատագրական պահ եղավ: Որոշեցի` չէ, պետք է քանոնահար դառնամ: Եվ այսպես, ակամա դարձա քանոնահար: Եվ ինձ թվում է, շատ ճիշտ եղավ: Կցանկանամ, որ Արցախում էլ շատ երեխաներ սիրեն, տարվեն այդ գործիքով, շատ պարապեն, որպեսզի գան մրցույթների, դափնեկիրներ դառնան: Եվ այսպիսով՝ էստաֆետը փոխանցվի
 
- Դա 1957-ին էր` Երաժիշտների համաշխարհային 6-րդ մրցույթ-փառատոնին: Մրցույթն ընթանում էր երեք փուլով. ձմռան վերջին Հայաստանում` հանրապետական փուլ, գարնան վերջին` համամիութենական փուլ և օգոստոսին` համաշխարհային փուլ: Վերջին երկուսը Մոսկվայում էր: Երեք փուլերում էլ արժանացա ոսկե մեդալների: Դրանից հետո սկսվեց իմ, այսպես ասած՝ քանոնի ճանապարհը...
- Ավելի ճիշտ` հաղթարշավը...
- Այո, դրանից հետո էլ մեծ հաջողություններ ունեցա, բազմաթիվ համերգներով ելույթներ ունեցա շատ  երկրներում: Ուրախ եմ, որ իմ ժողովրդի կողքին եմ: Ուրախ եմ իմ ժողովրդի համար` խելացի, խիզախ, բարի, մեծ սրտի տեր արցախցիներիս համար: Իմ թիկունքում միշտ զգացել եմ իմ ժողովրդին և մեր Սուրբ Հովհաննես վանքը...
- Ուրեմն՝ պետք վերադառնաք ու այստեղ շարունակեք Ձեր գործը...
- Ես մեծ սիրով կվերադառնամ և մեծ սիրով կծառայեմ իմ ժողովրդին` որքան ուժերս կներեն: Բեմից ասացի, հիմա էլ եմ ասում` տատիկս հարյուր տարի է ապրել...
- Մենք էլ ցանկանում ենք Ձեզ մեր տատիկների երկարակեցությունը և բեղմնավոր աշխատանք` ի նպաստ մեր մշակույթի զարգացման:
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ