[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՌԱՍՈՒՆ ՏԱՐԻ` ՆՈՒՅՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

555d.jpgՄարտունու արհեստագործական ուսումնարանն իր տեսակի մեջ եզակի հաստատություն է այն առումով, որ կարողացել է գոյությունը պահել իր ստեղծումից` 1973 թվականից մինչ այսօր: Քառասուն տարի՝նույն ճանապարհին է:
 Հարթ չի եղել այդ ճանապարհը, մանավանդ Արցախյան պատերազմի և նրան հաջորդած տարիներին, որոնք պատճառեցին շենքային, գույքային, նյութատեխնիկական բազայի, սովորողների թվաքանակի կորուստներ: 
Այս հանգամանքները, եթե չասենք՝ կասեցրին ուսումնարանի գործունեությունը, ստիպեցին տեղում երկար դոփել, բայց  ո՜չ երբեք կանգնել։ Սակայն դա ժամանակավոր էր: Վերջին հինգ տարիներին ուսումնարանում որոշակի առաջընթաց արձանագրվեց: 
Վերջերս եղանք այստեղ: Տնօրեն Սլավիկ Հայրապետյանի հետ շրջեցինք ուսումնարանում: Առաջինը, որ գրավեց մեր ուշադրությունը, ուսումնարանի բակում կանգնած երեք ավտոբուսներն էին` ճակատամասին խոշոր տառերով գրված` ՙԱրհեստագործական ուսումնարան՚: Տնօրենը հպարտությամբ ասաց, որ դրանք մեծապես նպաստել են սովորողների թվաքանակի աճին: Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ ինչ ստացել են ավտոմեքենաները, սովորողների թվաքանակի կտրուկ աճ է նկատվել: Հինգ տարի առաջ, երբ ինքը ստանձնեց տնօրենի պարտականությունները, 86 սովորող կար, հիմա նրանց թիվը հասնում է 188-ի: Ավտոբուսներն աշխատում են ամեն օր, երեք ուղղությամբ` Կարմիր Շուկա-Մաճկալաշեն-Մարտունի,  Ճարտար-Խնուշինակ-Սպիտակաշեն-Մարտունի,  Հացի-Բերդաշեն-Աշան- Մարտունի և հակառակ երթուղով` ամեն առավոտ 9-ից 15 պակաս սովորողներին հասցնելով դպրոց, իսկ  դասերից հետո նրանց տեղափոխելով իրենց գյուղերը: Նախարարության միջոցով այդ հինգ տարվա ընթացքում այլ աջակցություններ ևս ստացել են: Նյութատեխնիկական բազա են ստեղծել, տրակտորներ, կոմբայն, ավտոերթևեկության համար մեքենաներ (երեք բեռնատար, մեկ մարդատար) ձեռք բերել: Ավտոբուսները նաև համայնքների կարիքների համար են տրամադրում, ինչի դիմաց գումար են ստանում: Տրակտորներով վար են անում: Ստացած եկամտով շարքացան, զոդման սարք, գութան են ձեռք բերել: Ուզում են իրենց աշխատանքով գումար հայթայթել, որպեսզի կուլտիվացիայի համար տեխնիկա ձեռք բերեն: ՙՈրպեսզի ամեն  ինչի համար վիզ չծռենք պետությանը՚,- ասում է տնօրենը:   
Խմբերում պարապմունքներ էին ընթանում: Ավտովարորդների խմբերից մեկում մաթեմատիկայի դաս էր: Գրատախտակին բանաձևեր, գծագրեր էին նշված, դասատուն պատմում էր դասը, հետո տղաներից մեկին կանչեց գրատախտակի մոտ: Այո, ուսումնարանում նաև միջնակարգ կրթություն են տալիս` թեթևացրած ծրագրերով։ Այլ խոսքով՝ ուսումնարանը կոչվում է արհեստների ավագ դպրոց, այսինքն, միջնակարգ դպրոց` արհեստների թեքումով: Այստեղ էլ սովորողները հետ չեն մնում միջնակարգի իրենց հասակակիցների առօրյայից: Կազմակերպում են տարբեր միջոցառումներ, տոն և հիշարժան օրերին նվիրված մրցույթներ: Օրինակ` ՙԱրծվիկ՚ ռազմամարզական խաղում ուսումնարանը շրջանում զբաղեցրել է առաջին տեղը, հանրապետական մրցությունում ներկայացրել է Մարտունու շրջանը` գրավելով 2-րդ տեղը: Նաև հրաձգության հանրապետական մրցությունում է շրջանը զբաղեցրել 2-րդ տեղը, որի հավաքականը դարձյալ ձևավորվել է ուսումնարանի բազայի վրա: Տնօրենն ասաց, որ ձգտում են եկող տարի առաջին տեղում լինել: 
Լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը նշել են մեծ շուքով: 
Ի դեպ, 1992թ. հունվարի 21-ից մինչև նույն թվականի նոյեմբերի 1-ը այստեղ գործել է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբը` Մոնթե Մելքոնյանի գլխավորությամբ: Այս գրությամբ ցուցանակ տեսանք ուսումնարանի պատին: Իսկ նրա տնօրեն Ս. Հայրապետյանի աշխատասենյակում Ավոյի մեծադիր նկարն է: 
Տնօրենի հիշողություններն անսպառ են։ Ահա դրանցից մեկը. ՙԱրցախյան պատերազմի տարիներին ես շրջանի միլպետն էի: Հենց այդ տարիներին էլ Ավոն եկել է: Ես նրան տրամադրել եմ իմ ծառայողական մեքենան և անձնական վարորդ Կոմիտասին: Կատակով ասաց` ՙՈստիկաններից միշտ փախչում էի, հիմա ոստիկաններն են իմ ընկերները՚:
Հիշողությունները կապված են նաև մեկ ուրիշ հերոսի` ՙՄարտական խաչ՚ 1-ին աստիճանի շքանշանակիր Վլադիկ Խաչատրյանի (Կոմիսար) հետ: ՙԵրբ ինձ հաստատեցին տնօրեն, ուսումնարանը ոչ մեկի անունով չէր կոչվում: Միտք ծագեց` իսկ ինչո՞ւ չկոչել նրանց անունով, ովքեր այս հողի համար արյուն են թափել: Նրանցից մեկն էլ իմ ընկեր Վլադիկ Խաչատրյանն է` իմ մանկական և մարտական ընկերը, ով եղել է Ավոյի զինակիցը, ամենավստահելի մարդկանցից մեկը, ավարտել այս ուսումնարանը՚,- շարունակեց պատմել Ս. Հայրապետյանը։ 
Արդեն պարզ էր, որ Վ. Խաչատրյանի անվան ուսումնարանում ռազմահայրենասիրական դաստիարակությունը բարձր հիմքերի վրա է, և մրցություններում առաջին տեղ գրավելու տնօրենի ակնկալիքները հիմք ունեն:
Տրակտորիստների խմբում ենք, 11-րդ դասարանում, այսինքն` երկրորդ կուրսում: Փորձեցինք տղաներից պարզել, թե ինչու են ընտրել այդ մասնագիտությունը: Հենրիկյան Հարութը` Սոս գյուղից, ասաց, որ իրենց գյուղում մեքենատրակտորային կայան կա, և տրակտորիստի պահանջ ունեն, համոզված է, որ ավարտելուց հետո գյուղում աշխատանք կունենա: Նրա կուրսընկեր, համագյուղացի Հարությունյան Արմենն էլ նույն ակնկալիքն ունի: Վարդանյան Վարդանը` Աշանից, ասաց, որ հայրը տրակտորիստ է, և ցանկանում է հորն օգնել, նրա գործը շարունակել: Իրենց գյուղում տրակտորներ շատ կան, և տրակտորիստի մեծ պահանջ է զգացվում: Այս գյուղից էլի մի քանի տղաներ են այստեղ սովորում: 
Աբգարյան Վիտալիկը Գիշի գյուղից է գալիս: Գիտի, որ  ՄՏԿ-ներում տրակտորիստի պահանջարկ կա: Տեղյակ է նաև կառավարության նոր որոշմանը` ով տրակտորիստի վկայական չունի, իրավունք չունի տրակտոր վարել:
Տնօրենի խոսքերով` այս որոշումը մեծապես նպաստել է, որպեսզի ուսումնարանում  տրակտորիստի մասնագիտություն սովորողների թիվը մեծանա, և ձևավորվել է երեք խումբ:
Մեր հաջորդ այցեկետը արհեստանոցն էր: Հիմնական աշխատանքներն այստեղ են կատարվում: Ընդարձակ սրահ է, որտեղ տեղադրված են տարբեր սարքավորումներ, տրակտոր, կոմբայնի մասեր ու մեխանիզատորական այլ պարագաներ: Տնօրենի խոսքերով` մի քանի տարի առաջ շենքն ահավոր վիճակում էր: Դիմել են կառավարությանը, և 36 մլն դրամ է հատկացվել վերանորոգմանը: ՙԵթե 1-2 տարի էլ ուշանար, 200 մլն-ով էլ չէինք կարողանա վերանորոգել, որովհետև ամբողջ տեխնիկան այստեղ էր, որը փչանում էր առանց ծածկի՚,- ասաց նա։ Երկրորդ և երրորդ կուրսի տրակտորիստները վարպետներ Մարտիկ Շամխալյանի և Օլեգ Դանիելյանի վերահսկողությամբ գործնական աշխատանք էին կատարում մեխանիզատորական տարբեր սարքավորումների ու  անվավոր տրակտորի վրա: Ուսումնարանում գործում են նաև ավտովարորդների, կար ու ձևի, վարսահարդարների, էլեկտրազոդողների, հյուսն-ատաղձագործների, համակարգչային տեխնիկայի սպասարկման, խոհարարների և այլ խմբեր, բայց ամենամեծ շեշտը դրվում է տրակտորիստների պատրաստման վրա` հաշվի առնելով, որ ագրարային երկիր ենք: Բայց մի մեծ խնդրի առաջ են կանգնած։ ՙՄենք պատրաստում ենք տրակտորիստներ, բայց գյուղնախարարությանը կից գործող հանձնաժողովն է համապատասխան վկայական տալիս նրանցից քննություն ընդունելուց հետո, երբ դառնում են 18 տարեկան,- նշեց Ս. Հայրապետյանը։- Իսկ ուսումնարանն ավարտում են 17 տարեկանում: Փաստորեն նրանք բանակ են զորակոչվում առանց վկայականի: Այնինչ, տրակտորիստի վկայական ունենալով, բանակում կարող են վարել տանկ, զրահափոխադրիչ և ուսումնարանում սովորածը չմոռանալ ու ծառայությունն ավարտելուց հետո հմտացած` տրակտորիստ աշխատել: Սակայն գործող կարգով այդ արտոնությունը չունեն՚: Տնօրենը հարցը բարձրացրել է մի քանի ատյաններում` առաջարկելով փոփոխություն կատարել օրենքում, բայց այն դեռ լուծում չի ստացել:
Վարսահարդարների խմբում ենք: Բոլորն աղջիկներ են: Գործնական պարապմունքի ժամ էր: Վարպետը սովորողներից մեկի մազերն էր հարդարում, որը պատրաստվում էր ծննդի գնալ։ Այդ ծառայության պահանջարկը կա նաև գյուղերում։ Դա հաստատեցին այստեղ սովորող բերդաշենցի երեք աղջիկները, որոնք ասացին, որ գյուղում գեղեցկության սրահի կարիք է զգացվում, գյուղի աղջիկներն էլ են ուզում տոնական միջոցառումներին գեղեցիկ ներկայանալ, ու որպեսզի ամեն անգամ դրա համար չգնան շրջկենտրոն կամ Ստեփանակերտ։  
Հյուսն-ատաղձագործների արհեստանոցում նույնպես գործը եռում էր: Տնօրենը հպարտությամբ նշեց, որ ուսումնարանի ուսուցիչների և համակարգչային սեղանները, աթոռները սովորողների ձեռքի գործն են: Ահագին էժան է նստում: Կարող են նաև ուրիշ հաստատությունների, մանկապարտեզների գույքը կարգի բերել, եթե, իհարկե, պատվիրեն։ Հաշվարկներ են արել. կիսով չափ էժան է նստում: Ե՜վ իրենք օգուտ կանեն, և՜ տվյալ կազմակերպությունը:: 
Դերձակների խմբում տեղադրված կարի մեքենաների թիվը վկայում էր կատարվող գործերի մասին: Այստեղ էլ կարող են ծառայություն մատուցել: Օրինակ` իրենց ավտոբուսների նստատեղերի ծածկոցներն իրենք են կարել: 
Լավ տպավորություններով հեռացանք ուսումնարանից, մանավանդ երիտասարդ տղաների ու աղջիկների պատասխանից լիցքավորված, որոնք վստահ ասացին, որ իրենց օրվա հացը կարող են վաստակել իրենց իսկ մասնագիտությամբ աշխատելով ու   գյուղում ապրելով: 
Ժամանակին բոլոր գյուղերն իրենց արհեստավորներն են ունեցել: Մարտունու արհեստագործականը լծված է հին ու բարի ավանդույթները վերականգնելու ողջունելի գործին:   
                
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ