[ARM]     [RUS]     [ENG]

ԿԵՆՏՐՈՆԸ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՆԳՐՎԱՆ

Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի 20-ամյա հոբելյանը օրերս նշվեց մայրաքաղաքի Մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում։ Բեմը բացվեց հետաքրքիր համայնապատկերով. սաները ցուցադրում էին Կենտրոնի ուղղվածությունները. ձեռքի աշխատանք, գեղանկարչություն, ասեղնագործություն... Այնուհետև Մոցարտի երաժշտության հնչյունների ներքո երեխաներն իջնում են դահլիճ՝ հանդիսատեսներին ցուցադրելով բազմաժանր ինքնաշեն նմուշները։ 
Երեկոն վարում էր հեռուստահաղորդավար Ծովինար Բարխուդարյանը, ով տարիներ առաջ հաճախել է Կենտրոն, երգել երգչախմբերում, հաճախել ասմունքի խմբակ։ Հիշվում է մշակութային օջախի անցած ճանապարհը, պատերազմյան և հետպատերազմյան  դժվարին տարիները, պարապմունքները քաղաքի թիվ 4 մանկապարտեզի ավերված և անհարմար շենքում։ Այնուամենայնիվ, երեխաները գալիս էին, զբաղվում էին, սովորում. Կենտրոնը խաղաղության հանգրվան էր, ուր գեղագիտական դաստիարակություն էին ստանում մայրաքաղաքի հարյուրավոր երեխաներ։ 
Կենտրոնի աշխատանքները նոր թափ ստացան, երբ 2010 թվականին իրականացավ նրա աշխատակիցների ու երեխաների տարիների երազանքը, տեղափոխվեցին հոյակերտ մի շենք, որը խոսում է մատաղ և պատանի սերնդի հանդեպ պետական հոգածության մասին։ Երեկոյի ընթացքում ցուցադրվեց տեսաֆիլմ, որը լրացրեց մշակութային օջախի  գործունեության մասին հավաքվածների պատկերացումները։ Տեսաֆիլմում հնչեց Կենտրոնի  հիմնը, որի հեղինակն է երաժիշտ Իրինա Փիրումյանը։
Կենտրոնը հարուստ անցյալ ունի. առանձնացվեց 2012 թվականը, երբ Սանկտ Պետերբուրգում անցկացված միջազգային պարային մրցույթում պարախումբը միանգամից երկու անվանակարգում՝ ժողովրդական և ժամանակակից պար, զբաղեցրեց պատվավոր տեղեր և որպես մրցանակ արժանացավ Վիեննա-Պրահա ուղևորության մեկնելու պատվին։ Այս տարվա նոյեմբերին Կենտրոնի նկարիչները, էստրադային երգիչները և պարախումբը մասնակցել են Երևանում կայացած ՙՆավասարդյան խաղերի՚ մրցույթներին և բոլոր ժանրերով վերադարձել  արծաթե մեդալներով։ 
Ապա բեմահարթակ բարձրացավ Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի տնօրեն, ԼՂՀ ԱԺ պատգամավոր, վաստակավոր մանկավարժ  Լյուդմիլա Բարսեղյանը։ Նա երախտագիտություն հայտնեց իշխանություններին Կենտրոնի լիարյուն գործունեությանն օժանդակելու, կոլեկտիվի աշխատողների վաստակը բարձր գնահատելու համար։ Տնօրենը մի քանի խոսքով նշեց նվաճումները, և այդ շղթայի մեջ հիշեցրեց լուսահոգի պարուսույցներ  Ռոբերտ Գրիգորյանի և Ելենա Սարգսյանի ներդրումը։
Ընթերցվեց ՙՀայ փոքրիկ երգիչներ՚ միջազգային ասոցիացիայի կազմում գործող երգչախմբերի և աշխատակազմի անունից՝ Տիգրան Հեքեքյանի հղած ուղերձը, որում մասնավորապես  ասված է. ՙԻնչպես մեր կազմակերպությունը, ձեր Կենտրոնը ևս ստեղծվել է մեր ժողովրդի համար ծանրագույն ժամանակահատվածում։ Սակայն ցրտից և մութից զատ, որ մեր ուղեկիցն էին այն օրերին, արցախցիների երեխաները ստիպված եղան ստեղծագործել  նաև ռումբերի պայթյունների տակ։ Արցախի հերոս ժողովրդի զավակներին ոչինչ չխանգարեց ստեղծել երգչախումբ, որը պիտի մրցանակներ շահեր... Սիրով շնորհավորում ենք Կենտրոնի նախկին և ներկա սաներին, տնօրեն Լյուդմիլա Բարսեղանին, ում եռանդուն և գործունյա  կերպարը ստեղծագործական տան շարժիչ ուժն է՚։ 
Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, երգահան Արթուր Գրիգորյանը հոբելյանի առթիվ շնորհավորական հեռագիր է ուղարկել, որի մեջ շեշտել է Կենտրոնի կատարած կարևորագույն դերը Արցախի մշակութային կյանքում։ Ուր 1200 արցախցի սաներ կատարելագործում են ուսուցիչների տված գիտելիքները՝ արվեստն ու արհեստը դարձնելով կյանքը հարստացնելու, իմաստավորելու, ոգեշնչվելու հնարավորություն։ 
Համերգային ծրագիրը բացվեց Ստեփան Լուսիկյանի ՙՆոր Հայաստան՚ երգով, որը կատարեցին ՙՄռակած՚ պետական կամերային երգչախումբը և Կենտրոնի ավագ և կրտսեր երգչախմբերը (դիրիժոր՝ Մ. Մեսրոպյան, խմբավար՝ Մ. Աղաջանյան)։ 
Նշենք, որ պարի խմբերը ճանաչում ունեն ոչ միայն հանրապետությունում, այլև նրանից դուրս։ Ներկայացվեցին ՙՀայկական ուրախ պար՚, ՙՍայաթ -Նովա՚, ՙՀայկական էսքիզներ՚, ՙԼեռնուհի՚, ՙԿիլիկիա՚ (բեմադրությունը՝ Գարի Ավանեսյանի), ՙՎալս՚ (բեմադրությունը՝ Գայանե Ղարայանի), ՙՀայկական mix՚ (բեմադրությունը՝ Տաթևիկ Բաբայանի) պարերը։ ՙԵղնիկներ՚ պարը տարիներ առաջ բեմադրել էր Ռոբերտ Գրիգորյանը, այն առաջին անգամ կատարել է Ելենա Սարգսյանը։ Ի հիշատակ սիրելի պարուսույցների` Գարի Ավանեսյանը վերականգնել է պարը, և այն կատարեցին Կենտրոնի պարուսույցները՝ Տաթևիկ Բաբայանը, Արմինե Ավագյանը, Արուսյակ Բաղրյանը։
Թատերական ստուդիայի սաները ցուցադրեցին տեսարաններ բեմադրություններից (խմբակավար՝ ԼՂՀ ժող. արտիստ Քաջիկ Հարությունյան)։ Մանկական երգի թատրոնի և վոկալ ստուդիայի սաները ներկայացրին ՙԾիծաղ՚, ՙՄանկություն՚, ՙԸնկերուհիներ՚, ՙՎերադարձ՚, ՙԻմ ընկեր՚, ՙԱրևի երկիր՚ և այլ երգեր։
Համերգային ծրագիրն ավարտվեց Առնո Բաբաջանյանի ՙԱզգ փառապանծ՚,  Արթուր Գրիգորյանի ՙԱրցախ՚ երգերով և պարարվեստի խմբերի ՙՔոչարի՚ պարով։
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ