[ARM]     [RUS]     [ENG]

ԼԻՆԵԼ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԱՐՁՆԵԼ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՌՕՐՅԱՆ

Հաշվետու է 
ԱրՊՀ ուսանողական ակտիվը
Դեկտեմբերի 20-ին Արցախի պետական համալսարանի ուսանողական վարչությունը գումարեց իր ամենամյա կոնֆերանսը, որին ներկա էին համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը, դասախոսներ, հրավիրվածներ։ 
Միջոցառման նպատակն է վերհանել ուսանողներին հուզող հրատապ հարցերը, քննարկել և գնահատական տալ ուսվարչության մեկ տարվա կատարած աշխատանքին, ինչպես նաև՝ նախանշել գալիք տարվա անելիքները։ 
Ուսանողներին ողջույնի խոսք ասաց ԱրՊՀ ռեկտորը։ Նրա խոսքերով՝ ԱրՊՀ ուսանողական ակտիվն անցնող տարում որոշ աշխատանքներ իրականացրել է, սակայն դրանք բարձր գնահատել թերևս չի կարելի։ Այդուհանդերձ, ինչպես ասաց մայր բուհի ղեկավարը, աշխուժությունը նկատելի էր։ Մ. Մինասյանը կոչ արեց լինել նախաձեռնող և էլ ավելի հետաքրքիր դարձնել ուսանողական առօրյան։
2013թ. կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես եկավ ուսվարչության նախագահ Հարութ Մնացականյանը։ 
Հաշվետու ժամանակաշրջանում ԱրՊՀ ուսանողական վարչությունը կանոնագրքով սահմանված լիազորությունների շրջանակներում աշխատանքներ է ծավալել ուսանողների ինքնակառավարումը կազմակերպելու, նրանց օրինական շահերը պաշտպանելու, ներհամալսարանական կյանքն ու առօրյան ավելի բովանդակալից դարձնելու ուղղությամբ։ Այդ ընթացքում ունեցել են ինչպես նշանակալի հաջողություններ, այնպես էլ թերացումներ։         
Ուսվարչության նախագահը հանգամանալից ներկայացրեց իրականացված բոլոր աշխատանքներն ու տարաբնույթ այն միջոցառումները, որոնց ակտիվ  մասնակցություն են ցուցաբերել մայր բուհի ուսանողները՝ ինտելեկտուալ խաղեր, գիտաժողովներ, սեմինար-պարապմունքներ, վարպետության դասեր, արշավներ, ինչպես նաև համահամալսարանական և պետական նշանակության մի շարք միջոցառումներ։ Ձեռքբերումներին զուգահեռ՝ ուսանողները նաև խնդիրներ ունեն, որոնք հիմնականում պայմանավորված են իրենցից շատերի անտարբեր պահվածքով։ Խոսելով առկա խնդիրների մասին՝ զեկուցողը ցավով նշեց, որ դրանք հատկապես վերաբերում են սոցիալապես անապահով ուսանողներին։ Հիմնախնդիրներ կան՝  կապված  հանրակացարանի հետ. սենյակների մի մասը վերանորոգվել է բարերարի աջակցությամբ, մյուս մասն այդպես էլ գտնվում է անմխիթար վիճակում, սակայն  վարձավճարները նույնն են։
Բարձրացված այս և նման հարցերն ու կոնֆերանսի ժամանակ ուսանողների կողմից արված առաջարկություններն ուսվարչությունն առաջիկայում կներկայացնի բուհի ղեկավարությանը։
Ելույթ ունեցողները բավարար գնահատեցին ուսվարչության կատարած մեկ տարվա աշխատանքը՝ 2014-ին այն ավելի արգասաբեր ու հետաքրքիր տեսնելու ակնկալիքով։ 
Ուսվարչության 2013թ. ֆինանսական գործունեության մասին զեկուցեց վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Սյուզաննա Մեհրաբյանը։
ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտալի Յարամիշյանն իր խոսքում գոհունակություն հայտնեց, որ համալսարանում կան ուսանողներ, որոնց համար մայր բուհի վարկանիշն ու պատիվը բարձր են։ ՙՈւսանողական խորհուրդն իր էությամբ պետք է լինի ոչ թե օգնություն ցուցաբերող, այլ ուսանողների մտահղացումներն ու գաղափարներն իրականություն դարձնող, աշխատանքները համակարգող կառույց՚,- ասաց Վ. Յարամիշյանը։ 
Կոնֆերանսն ընտրեց և հաստատեց վերստուգիչ հանձնաժողովի նոր կազմ  (նախագահ՝ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի ուսանողուհի Մարիամ Մխիթարյան)։
 
ՙԱԱ՚