[ARM]     [RUS]     [ENG]

ԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԱՐՑԱԽԻ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ

47.jpgԲարձրագույն կրթության ոլորտում  ներդրված կրեդիտային համակարգում առանցքային տեղ է զբաղեցնում դասախոսների ղեկավարությամբ ուսանողների կողմից գիտական աշխատանքների կատարումը։ 
Դեկտեմբերի 23-ին Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված գիտական ընթերցումների նպատակն ուսանողների տեսական գիտելիքներն ու վերլուծական միտքը զարգացնելն էր։ Միջոցառմանը նեկա էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը, կառավարության անդամներ, հանրապետության սոցիալ-տնտեսական ոլորտի պատասխանատուներ։
Ողջունելով ներկաներին՝ բուհի ռեկտոր Մանուշ Մինասյանը կարևորեց նման միջոցառումները` նշելով, որ հետագայում ևս նման ձևաչափով կփորձեն նպաստել ինչպես ուսանողների գիտելիքների խորացմանն ու հարստացմանը, այնպես էլ գիտության մեջ նրանց կողմից արվող առաջին քայլերին։ 
Իր խոսքում ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Ռուզաննա Մանգասարյանը հակիրճ պարզաբանումներ տվեց ուսանողների կողմից կատարված աշխատանքների ու դրանց նպատակների մասին։ Նրա կարծիքով՝ ԼՂՀ տնտեսությունը նույնպես բարեփոխումների նոր փուլ է ապրում։ Եվ չնայած կառավարության ձեռնարկած բոլոր միջոցներին՝ առկա են մի շարք սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ, որոնք լուծում են պահանջում։ 
Արդի որոշ հիմնախնդիրների էին վերաբերում վերոնշյալ ֆակուլտետի ինը ուսանողների գիտական աշխատանքները, որոնց վերլուծական նյութի պատրաստման ընթացքն անմիջականորեն ղեկավարել է ֆինանսահաշվային և տնտեսագիտության տեսություն և կառավարում ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմը։
ՙԿառավարչական որոշումների իրականացումն առևտրային բանկերում՚, ՙԱնշարժ գույքի շուկայի զարգացումը հիփոթեքային վարկավորմամբ՚, ՙԱշխատանքի շուկայի հիմնախնդիրները ԼՂՀ-ում՚, ՙԱուդիտորական գործունեության իրականացման գործընթացը ԼՂՀ-ում՚, ՙՓՄՁ ֆինանսական աջակցության հիմնախնդիրները ԼՂՀ-ում՚, ՙԺողովրդագրական արդի հիմնախնդիրները՚, ՙԼՂՀ ներդրումային ոլորտի զարգացման հիմնախնդիրները՚, ՙԳովազդային գործունեության կարգավորումը ԼՂՀ զբոսաշրջության ոլորտում՚. սրանք էին այն հիմնական թեմաները, որոնց վերաբերյալ հետաքրքիր գիտական վերլուծություններ են արել տնտեսագիտության բաժնի ուսանողները։   
Ինչ խոսք՝ ցանկացած գիտական միջոցառում մասնագիտական ամբողջական ընդգրկուն տեսք է ստանում և հաջողություն է ունենում միայն անհրաժեշտ հարցադրումների և քննարկումների արդյունքում։ Այս առումով նշված երևույթների պակաս չկար։   
Որոշ հիմնախնդիրների առնչությամբ իր դիտարկումներն արեց վարչապետ Արա Հարությունյանը։ Խոսելով բանկերի կողմից վարկերի տրամադրման մասին՝ կառավարության ղեկավարն ասաց, որ շատ ծանր է կատարվում հետվերադարձի գործընթացը։ ՙԴեռևս մի քանի տարի առաջ, երբ բանկերը վարկեր չէին տրամադրում բնակչությանը, մարդիկ բողոքում էին։ Ներկայում էլ բողոքում են, որ վարկերի պատճառով կախվածության մեջ են բանկերից։ Ներկա իրավիճակում բանկերի կողմից վարկեր տրամադրելն իր մեջ ռիսկեր է պարունակում՚,- ասաց ԼՂՀ վարչապետը։
Անդրադառնալով Արցախում հիփոթեքային վարկավորման գործընթացին՝ Ա. Հարությունյանը նշեց, որ 2014թ. առաջին աշխատանքային օրերին կառավարության կողմից որոշում կկայացվի հիփոթեքային վարկավորման պայմանների վերանայման ուղղությամբ։ Նրա խոսքերով՝ առաջին հերթին կքննարկվի մի քանի տարի առաջ արտարժույթով տրամադրված վարկերի մասին հարցը. 2007-2008թթ. ԱՄՆ մեկ դոլարը տատանվում էր 310-350 դրամի սահմաններում, ինչի պատճառով շատ վարկառուներ այսօր հայտնվել են ծանր վիճակում։ Բացի այդ, վարկավորման նոր պայմաններ ու արտոնություններ են նախատեսվում ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ հանրապետության շրջաններում՝ մասնավորպես շինարարարության համար՝ երկարաժամկետ,  մատչելի տոկոսադրույքով։     
Հնչած ելույթների վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները, ինչպես ասաց Ռ. Մանգասարյանը, ուղեցույց կդառնան հետագա գիտագործնական աշխատանքներում։
 
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ