ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԹՎԵՐՈՎ ԵՎ ՓԱՍՏԵՐՈՎ
Իր հանգրվանին է մոտենում ևս մեկ տարի... Հրաժեշտ ենք տալիս 2013 թվականին, սակայն մնաս բարով ասելուց առաջ հետադարձ հայացք ենք ձգում անցած ճանապարհին և փորձում ի մի բերել հաջողություններն ու ձեռքբերումները։ Բոլոր բնագավառներում էլ առաջընթացը նկատելի է... Փորձենք թվերի և փաստերի լեզվով ի մի բերել մեր մարզիկների ու մարզիչների՝ անցնող տարվա հաջողությունները և ակնկալել, որ գալիք տարին առավել արդյունավետ ու խոստումնալից է լինելու։
ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի սպորտի զարգացման և մարզական հերթափոխի համակարգման բաժնի վարիչ Լևոն Գասպարյանի տեղեկատվությամբ` առաջնթացն աներկբա է։
Տարվա լավագույն ձեռքբերում կարելի է համարել սպորտի վաստակավոր վարպետ Աշոտ Դանիելյանի` սամբոյի աշխարհի առաջնությունում չեմպիոնի կոչմանն արժանանալը։
Իր օգտին բազմաթիվ խոստումնալից ցուցանիշներ է գրանցել միջազգային կարգի սպորտի վարպետ Մավրիկ Նասիբյանը։ Վերջինս սամբոյի գծով ՀՀ առաջնությունում գրավել է առաջին տեղը, իսկ աշխարհի գավաթի մրցումներում ստացել Ղազախստանի նախագահի մրցանակը (Ղազախստան, ք. Ուրալսկ, 3-րդ տեղ)։ Սակայն սրանով չեն ավարտվում Մ. Նասիբյանի մարզական հաջողությունները. մասնավորապես, նա Ա. Խարլամպիևի հիշատակին նվիրված՝ աշխարհի գավաթի փուլում (ՌԴ, ք.Մոսկվա) զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ Ա. Աստախովի հիշատակին նվիրված՝ աշխարհի գավաթի խաղարկությունում (Վենեսուելա, ք. Մարակայբո)` 1-ին տեղը։ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, որոնք համապատասխանաբար անց են կացվել Իտալիայի Կրեմա և ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքներում, Մ. Նասիբյանը մրցանակային 3-րդ հորիզոնականում էր։
ՀՀ սպորտի վարպետ Սոսե Բալասանյանը ՀՀ սամբոյի կանանց առաջնությունում (ք. Երևան) 1-ին, իսկ ՀՀ ձյուդոյի առաջնությունում 2-րդ տեղերում էր։ Ս. Բալասանյանը Եվրոպայի ու աշխարհի առաջնություններից վերադարձել է մրցանակային 3-րդ հարթակը գրաված։
Սամբիստներ Դավիթ Գրիգորյանը և Մարտին Միրզոյանը նույնպես հաջողություններով են եզրափակել տարին` զբաղեցնելով մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը։ Նրանցից հետ չեն մնում Էռնեստ Հայրապետյանը, Հայկ Հայրիյանը, Գևորգ Յակուբյանը, Արմեն Ադամյանը, Մուշեղ Հովսեփյանը, Մարատ Գրիգորյանը, Տիգրան Համբարձումյանը։
Ձյուդոիստ Լաուրա Հայրապետյանը ՀՀ սամբոյի կանանց առաջնությունից վերադարձել է հաղթանակով (1-ին տեղ)։ Մրցանակային 1-ին տեղերում էին նաև Գենադի Առուստամյանն ու Հայկ Խաչատրյանը՝ թաեքվոնդոյի ՀՀ առաջնությունում։
Մարզական հաջողություններն այսքանով չեն ավարտվում։ Հաջողության են հասել և մրցանակներով տուն վերադարձել սանդա ուշու, թայ-քիք բոքսինգ, պաուերլիֆտինգ մարզաձևերը ներկայացնող արցախցի մարզիկները։
Մարզասերներին ուրախանալու առիթներ է պարգևել բասկետբոլի տղամարդկանց հավաքականը՝ ՀՀ առաջնությունում 1-ին տեղի գրավմամբ (ի դեպ, այն երրորդ տարին է, ինչ անընդմեջ արժանանում է առաջին պատվավոր տեղին), իսկ վոլեյբոլի տղամարդկանց և կանանց հավաքականները ՀՀ առաջնությունում բավարարվել են, համապատասխանաբար, 2-րդ և 3-րդ տեղերով։
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ