[ARM]     [RUS]     [ENG]

ԾԱՆՈԹ ՀԵՔԻԱԹԸ` ՅՈՒՐՈՎԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ

DSC_4985.jpgԴեկտեմբերի 19-21-ը Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնն Ամանորի հաճելի նվեր մատուցեց մայրաքաղաքի փոքրիկ և պատանի հանդիսատեսին։ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի փոքր դահլիճում երեք օր շարունակ անցնում էր այդ հանդիսատեսին  քաջածանոթ ՙԲրեմենյան երաժիշտներ՚ հայտնի հեքիաթ-պատմության առաջնախաղը, սակայն` յուրովի մեկնաբանությամբ: 
Թարմ շնչով մեկնաբանված այս հայտնի պատմությունը մեծ ոգևորություն առաջացրեց դահլիճում։ Որոշակի ջանքերի գնով հաջողության հասնելու մասին են պատմում ներկայացման ռեժիսորներ Էդգար և Գոհար ԹԱԹԻԿՅԱՆՆԵՐԸ, ովքեր, ի դեպ, արդեն երկրորդ տարին է, ինչ աշխատում են Արցախի մայր թատրոնում։ Ստորև՝ հարցազրույց նրանց հետ։ 
-Բոլորին քաջածանոթ հեքիաթին դուք կարողացաք թարմ շունչ տալ, յուրովի մեկնաբանել: Ինչպե՞ս ծագեց մտահղացումը` անդրադառնալ երեխաների սիրած այդ հեքիաթին: Եվ բեմադրության մեջ ինչպե՞ս գտաք չկրկնվելու բանալին:
- Նախ` սկսենք այն բանից, որ պիեսը գրվել է հայտնի մուլտֆիլմի սյուժեով: Այո, մուլտֆիլմում և ոչ թե Գրիմմ եղբայրների հեքիաթում տեղ գտած իրադարձությունների հիման վրա: Եվ եթե ֆիլմում միայն երգեր են հնչում, ու երգով է սյուժեն զարգանում, ապա մեր պարագայում մենք մտցրել ենք երկխոսություններ, մենախոսություններ, ըստ, այսպես ասենք, հեքիաթի օրենքների: Սկսել ենք աշխատել դեռևս ամռանը։ Սեպտեմբերի կեսերից աշխատեցինք արդեն դերասանների հետ,  բեմում, առանձին պիեսի գործընթացի, վոկալի վրա։ Հնարավորինս հաճախ պարապմունքներ էինք անցկացնում...
- Ի դեպ, երգերը սովորեցնելու հարցում օգնող կա՞ր։65.jpg
- Մեզ շատ օգնեց երաժշտական քոլեջի վոկալի դասատու Լիլիթ Սաֆարյանը: Ուղիղ մեկ ամիս  դժվարին պայմաններում նա մեզ հետ աշխատեց: Բայց կարողացավ մեր մեջ կոտրել ՙչստացվելու՚ վախը: Այո, մինչ նրա գալը մենք փորձում էինք, բայց չէր ստացվում: Նա եկավ ու ապացուցեց, որ ՙչստացվել՚ չկա, պարզապես լավ ցանկություն է պետք, և... ամեն ինչ ստացվեց: Խորին շնորհակալություն Լիլիթին:
- Փոքր դահլիճը, բեմը չէի՞ն խեղդում ձեզ։ 
- Այո, փորձերի ժամանակ բավականին դժվարություններ առաջացան, քանի որ դահլիճը շատ փոքր է ու թատերական բեմադրությունների համար չէ նախատեսված: Այնուամենայնիվ, փորձեցինք դա էլ ինչ-որ ձևով օգտագործել, հարմարեցնել, լուծումներ գտնել: Բեմական ձևավորումն արել է մեր դերասաններից մեկը` Գենադի Առուշանյանը: Ուրախ եմ, որ ունենք նրան մեր կողքին: Նա կարողացավ գրեթե ոչնչից ստեղծել հեքիաթային բեմ, հեքիաթային միջավայր: Շնորհակալ ենք նաև Մշակույթի պալատի նկարիչ Ռաֆայել Պետրոսյանին։ Նա ևս մեզ բավականին օգնեց թե՜ բեմի ձևավորման և թե՜ աֆիշների ստեղծման հարցերում: Տիկնիկներն էլ ամբողջությամբ Գոհարի հեղինակությամբ էին ստեղծվել:
- Շատ լավ, բայց այդպես էլ չասացիք, թե ինչպես գտաք բանալին, ինչի շնորհիվ կարողացաք արդիականացնել հայտնի սյուժեն, որը և՜ երեխային էր հոգեհարազատ, և՜ մեծերին էր խրատներ հղում: Եվ այդքանը` ուրախ ու զվարթ տրամադրությամբ:
- Կարծում ենք, այստեղ մի քանի բանալիներ կան: Նախ, դերասաններն արագ հարմարվեցին այն բանին, որ տիկնիկների հետ պետք է խաղան, արագ կերպարանափոխվեն: Մենք նորամուծություն մտցրինք` տիկնիկներ ներգրավեցինք: Կարողացանք գտնել ծանոթ մուլտֆիլմի հերոսների կերպարներն արտացոլող տիկնիկների ու դերասանների խաղի միջև այն ներդաշնակ սինթեզը, որը համոզեց, իր հետևից տարավ հանդիսատեսին: Վերցնել մուլտֆիլմի սյուժեն և ոչինչ չփոխել` ինքնաբերաբար միայն վնաս կբերեր ներկայացմանը: Նոր միտք, գաղափար էր պետք: Համացանցում բավականին երկար ուսումնասիրություններ արեցինք   ՙԲրեմենյան երաժիշտներ՚ հեքիաթի, մուլտֆիլմերի, բեմադրությունների, մյուզիքլների տարբերակների ստեղծման, ցուցադրման առումով: Ոչ մի տեղ տիկնիկների չհանդիպեցինք: Եվ այդպես ծագեց օրիգինալ այդ միտքը` տիկնիկներ  ներգրավել բեմադրության մեջ: Փորձեցինք երկխոսություններն ու մենախոսությունները հնարավորինս  կարճ անել, որ երեխաները չձանձրանան, չհոգնեն երկարաշունչ տեքստերից: Բարոյախրատական հատվածներն ենք հնարավորինս կրճատել, քանի որ հեքիաթը սկզբից մինչև վերջ ինքնին խրատ է: Եվս մեկ թարմություն: Մեկ ներկայացման մեջ դերասանն սկսեց մի քանի դեր խաղալ: Միատարր հագուստը, որ մենք ընտրեցինք, հենց այդ նպատակով էր, որ դերասանը կարողանա շատ շուտ հարմարվի մյուս դերին, և դինամիկան չխախտվի: Երկու խոսք թագավորի մասին: Մենք մտածված հրաժարվեցինք թագավորին հատուկ հագուստից, թագն էլ որոշեցինք լվացք փռելու ամրակներից սարքել: Իսկ հատակը մաքրելու հարմարանքներն օգտագործեցինք տարբեր իմաստներով: Փորձ արվեց այն, ինչ մեզ բոլորիս հայտնի է մեր կենցաղում, թատերական մտածողության մեջ մտցնել, իմաստավորել, խաղարկել: Կարծում ենք, որ թատրոնի լեզուն հենց դա է: Սա նորություն չէ, ուզում եմ շեշտել, սա մեր գյուտը չէ: Նորությունն այն է, որ մե՜ր թատրոնում դա օգտագործվեց: Աշխարհում ընդհանրապես ոչ մի նոր բան չկա: Ինչպես ասում են, ամեն նոր բան լավ մոռացված հինն է: Մոտեցումն է նոր` ինչպե՞ս է ռեժիսորը տեսնում այդ իրը: Այսպես, փայտը կարող է լինել հրացան, լինել շերեփ,  լինել գավազան և այլն: Բավական է այդ երևակայության կծիկի ծայրը գտնել, ինքնըստինքյան այն բացվելու է, ու գնալով, այդ կենցաղային առարկան ՙքամելու՚ ես մինչև վերջ: Սա, անշուշտ, արդեն ռեժիսորական աշխատանք է:
- Բավական տպավորիչ բացահայտեցիք ձեր երկուսի աշխատանքը: Բացահայտեք   նաև դերասաններինը: Մենք ականատես եղանք, որ ներկայացման մեջ բոլոր դերակատարներն անխտիր երիտասարդ դերասաններ էին: Երիտասարդ ու անփորձ: Արդարացրի՞ն ձեր սպասելիքները:
- Սկզբում, իհարկե, նրանց համար անսովոր էր, քանի որ դրամատիկական թատրոնում սա ընդունված ձև չէ: Դա էլ նորություն չէ, որ մեկ դերասանը մի քանի դեր է խաղում: Դա նորություն է  դերասանների համար, գուցե և արցախցի հանդիսատեսի: Այո, սկզբում դժվարություններ կային: Բայց երիտասարդներն, ընդհանրապես, նոր բաների ավելի են հակված, քանի որ նրանց միտքը ճկուն է: Եվ շնորհիվ հենց այդ մտքի ճկունության նրանց հաջողվեց բոլոր դժվարությունները հաղթահարել: Երախտագիտությամբ ենք նշում. այն, ինչ նրանց համար անսովոր էր`  սովորեցին: Մեկ-երկու անհաջող փորձից հասկացան, որ իրենք դերասան են, և որ դերասանի համար  անհնարին բան չի լինում, չպիտի լինի: Դե, թատրոնն էլ այն տեղն է, որտեղ անհնարին բանը հնարավոր է դառնում:
- Երկու բծախնդիր ու խստապահանջ երիտասարդ ռեժիսորների գնահատմամբ, արդյոք, ստացվե՞ց այս ներկայացումը:
- Վստահ կարող ենք ասել` այո, ստացվեց, այն էլ՝ լավ ստացվեց: Թեկուզ աշխատանք միշտ էլ կա: Դերասանների մեծ մասը դեռևս ուսանողներ են: Իսկ ուսանողի համար այսքանն անելը, ինչպես ասում են, գլխից վեր թռչել է: Բայց նրանք կարողացան: Փա՜ռք ու պատիվ նրանց: Բայց դեռ բացվելու տեղ ունենք, և մենք այս թիմով դա կանենք:
 
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ