[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ Վ. ՓԱՓԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ. ՆԵՐԿԱՆ` ՎԱՂՎԱ ԼԱՎ ՕՐՎԱ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐՈՎ

Ստեփանակերտի պետդրամթատրոնն իր գոյության 81 տարիներից 66-ի ընթացքում ունեցել է փառահեղ թատերական շինություն, որտեղ արձանագրվել են ստեղծագործական փայլուն հաջողություններ, իսկ իր արվեստով հանդիսատեսին  գերել է այսօր արդեն ազգային հպարտություն դարձած արվեստագետների մի աստղաբույլ:
Արցախյան գոյամարտը, ինչպես բոլոր պատերազմները, երանելի հաղթանակից բացի իր հետ բերեց նաև ավերումներ: Պատերազմական և հետպատերազմյան տարիներին, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով բարձիթողի արված թատերական այս օջախը հայտնվեց այնպիսի անկյալ վիճակում, որ այլևս հնարավոր չէր շարունակել թատերախմբի գործունեությունը նրա խունացած և փլվող պատերի ներսում: Ուստի օրախնդիր դար ձավ թատրոնի հիմնանորոգման հարցը:
Երկրի ղեկավարության որոշմամբ թատրոնի կոլեկտիվը 2012թ. նոյեմբերին տեղափոխվեց Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության  պալատ, որն ունի երկու դահլիճ` մեծ և փոքր, ջեռուցվող, լուսավոր սենյակներ և, հարմարավետության տեսակետից՝ լավագույնը ներկայումս քաղաքում գործող հանդիսավայրերից: Նշենք նաև, որ  Մշակույթի պալատում է անցկացվում համաքաղաքային և հանրապետական մշակութային ու հասարակական-քաղաքական կարևոր  միջոցառումների մեծ մասը: Այդ պարագայում, միանշանակ, թատրոնը պարտավոր է իր ընթացիկ բեմական փորձերն ու ներկայացումները հարմարեցնել ընդհանուր աշխատանքային ժամանակացույցին:
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու Մշակույթի պալատի տնօրինությունը, հաշվի առնելով թատրոնի առանձնահատկությունները, հնարավորություն ընձեռեցին վերափոխել մեծ դահլիճի բեմը և այն դարձնել համեմատաբար թատերային (կախվել է վարագույր, տեղադրվել են լուսային սարքեր, անհրաժեշտության դեպքում փակցվում են ետնավարագույր և կուլիսներ): Թատերախմբի տրամադրության տակ են նաև փորձասենյակն ու փոքր դահլիճը: 
Այդ ամենն այն առավելագույնն է, ինչը կարող է ունենալ անցման փուլում գտնվող թատերախումբը` վաղվա լավագույն թատերային շենք ունենալու ակնկալիքով:
Վերջին մեկ տարվա ընթացքում  տնօրինության ջանքերով Մշակույթի պալատ է տեղափոխվել 81-ամյա թատրոնի համարյա ողջ գույքը, ազատվել ենք հնացած իրերից, միաժամանակ սանիտարահիգիենիկ միջոցներ ենք ձեռնարկել հանդերձարանի զգեստների, ինչպես նաև բեմիրերի մանրէազերծման նպատակով` մի ահռելի աշխատանք, ինչը մեզանից խլել է բավականին ժամանակ և ուժեր: 
Այդ ամենով հանդերձ, բարձիթողի չի արվել ստեղծագործական աշխատանքը` վերականգնվել և նոր բեմական պայմաններին են հարմարեցվել խաղացանկային ներկայացումները` ՙՌուզան՚, ՙԼույս քեզ տեսնողին՚, ՙԽոշոր շահում՚, ՙՍիլվիա՚, ՙՀրաշագործ ծաղիկը՚: Հանդիսատեսի դատին է հանձնվել նոր` Ա. Հերնիի ՙՍիլվիա՚ ռոմանտիկ կատակերգության, Գ. Գևորգյանի ՙՍրտի հետ խաղ չեն անի՚ դրամայի և ՙԲրեմենյան երաժիշտները՚ հեքիաթի բեմադրությունները: Ներկայումս դերասանախումբը զուգահեռաբար աշխատում է երկու նոր բեմադրությունների վրա, որոնք պատրաստ կլինեն մինչև տարվա վերջ:
Իր գոյության ընթացքում Ստեփանակերտի թատրոնը երբեք ՙնստակյաց՚ չի եղել, ուստի շարունակում ենք նաև Արցախի քաղաքներում և գյուղերում հյուրախաղերով հանդես գալու մեր երկարամյա ավանդույթը, ինչն էլ հիանալի հնարավորություն է մեզ համար անմասն չմնալ ՙդեպի գյուղն ու գյուղացին շրջվելու՚ պետական ռազմավարությունից: 
Թատրոնի կարևոր խնդիրներից մեկն էլ երիտասարդ կադրերի պատրաստումն է: Այդ նպատակին է ծառայում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Շուշիի բաժանմունքը, որի տասներկու ուսանողներից հինգը մեր դերասաններն են, ովքեր իրենց ակտիվ մասնակցությունն են բերում բեմադրություններին: Ունենք նաև ուսանողներ Երևանում` վերոնշյալ ինստիտուտի ռեժիսորական և դերասանական բաժիններում: Նախորդ տարիների շրջանավարտների մի մասը նույնպես վերադարձել և աշխատում է թատրոնում, մի մասն էլ, այո’, կուլ է գնացել մայրաքաղաքային գայթակղություններին: Չնայած այդ ամենին, փափազյանցիները ջանում են, որ տեղի ունենա թատերական մշակույթի արյան թարմացում ու կայանա այն նոր սերունդը, որն ի վիճակի կլինի իրականացնել արվեստի այս բնօրրանի ժառանգորդի իր առաքելությունը:
Ինչ վերաբերում է թատրոնի շենքին, կարող ենք ուրախությամբ նշել, որ արդեն պատրաստ է հիմնանորոգման աշխատանքների նախագիծը, որի հեղինակն է Արթուր Մեսչյանը` իր գործին գիտակ մի անձնավորություն, ում շնորհիվ, համոզված ենք, կունենանք դասական թատրոնի ավանդույթներով վերակառուցված գեղեցիկ շինություն` տեխնիկական հագեցվածությամբ և լավագույն հնարավորություններով: Նշենք, որ թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքների սկսելուն խոչընդոտում է այն հանգամանքը, որ առ այսօր շենքի երկրորդ հարկը զբաղեցված է Ստեփանակերտի քաղաքային մշակույթի տան կողմից, և օրախնդիր է այս կազմակերպության տեղափոխման հարցը ևս: Արվեստի մեր բնօրրանի վերակառուցումը գտնվում է երկրի ղեկավարության անմիջական հսկողության և ուշադրության կենտրոնում և, հուսով ենք, այն կսկսվի ՙոչ պատերազմ-ոչ խաղաղություն՚ բարդ պայմաններում ապրող հանրապետության առաջին իսկ հնարավորության պարագայում: 
Բացի վերը նշվածից, Ստեփանակերտի թատրոնն ունի բազում այլ խնդիրներ, որոնք հատուկ են մեր ժամանակների բոլոր թատրոններին: Ուստի մեզ մնում է լծվել ստեղծագործական աշխատանքին, ի մի բերել մեր ուժերն ու դիմակայել ժամանակի փորձություններին: Իսկ մեր բարին կամեցողներին, ովքեր կարող են ստեղծագործական և այլ հարցերով հովանի լինել մեզ և կոնկրետ օգնություն ցուցաբերել, միայն երախտապարտ կլինենք: Խոսքից գործին անցնելը երևի դժվար է, սակայն, ինչպես իմաստուններից մեկն է ասել` խավարը փնովելու փոխարեն, հանուն լույսի փորձենք մի-մի մոմ վառել: Գուցե ստացվի՞: 
 
Կարինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Ստեփանակերտի պետդրամթատրոնի գրական-գեղարվեստական մասի վարիչ