[ARM]     [RUS]     [ENG]

ՙԵՐԱԶՈՒՄ ԵՄ ԱՅՆ ՕՐՎԱՆ, ԵՐԲ ԻՄ ՊԱՏՎԻՆ ԿՀՆՉԻ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԸ...՚

altԻնչպես արդեն գիտենք, Սանկտ Պետերբուրգում անցկացված սամբոյի աշխարհի առաջնության 82կգ քաշային կարգում գերազանց հանդես եկավ ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը և, հաղթելով բոլոր գոտեմարտերում, դուրս եկավ եզրափակիչ, ուր առավելության հասավ նաև ռուսաստանցի Ռյաբովի նկատմամբ ու հռչակվեց աշխարհի չեմպիոն։
Տարվա կտրվածքով նա ՀՀ տասը լավագույն մարզիկների շարքում է։ Օրերս Աշոտ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ մեր հյուրասրահում էր, նրա հետ է մեր թղթակիցի հարցազրույցը։
- Երկու անգամ աշխարհի և մեկ անգամ՝՝ եվրոպայի չեմպիոն...Դա շա՞տ է, թե քիչ՝ 29-ամյա երիտասարդի համար։
- Նշածին գումարենք նաև աշխարհի և Եվրոպայի բազմակի արծաթե և բրոնզե մեդալները։ Մարզիկի կյանքում  29-ը միջնատարիք է, ոսկե միջին, երբ պետք է կենտրոնացնես բոլոր ուժերդ ու կարողություններդ և, մարզչական աշխատանքի անցնելուց առաջ քո խոսքն ասելով, քո հետքը թողնելով, հեռանաս մեծ սպորտից։ Դեռ ժամանակ ունեմ, մտադիր եմ ու նպատակադրված նոր հաղթանակների։
- Ո՞ւմ եք նվիրում Ձեր հաղթանակները։
- Մինչև ամուսնանալն այն նվիրում էի իմ ընկերներին ու ծնողներիս։ Երբ առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն դարձա, ծնվել էր առաջնեկս՝ Նիկան, նա ինձ մի նոր աշխարհ, մի նոր զգացում նվիրեց։ Նույն  2010 թվականին դարձա աշխարհի չեմպիոն։ Իմ մարզիչ Էռնեստ Միրզոյանն այդ օրն իր կեսդարյա հոբելյանն էր նշում, և դա եղավ իմ շնորհավորանքը, իմ նվերը մարզչիս։ Ինչ վերաբերում է իմ վերջին հաղթանակին, ես Սանկտ Պետերբուրգ եմ մեկնել հաղթելու տրամադրությամբ, վճռականությամբ ու այն մտայնությամբ, որ կհաղթեմ ի սեր մորս, կնոջս, դուստրերիս, և փառք Աստծո, այդպես էլ եղավ։
- Սպորտը որոշ չափով առնչվում է նաև մեծ քաղաքականության հետ։ Դուք այդ քաղաքականության մեջ ի՞նչ դերակատարություն ունեք։
- Մենք քաղաքագետ չենք, սակայն ամեն անգամ հաղթանակ բերելով մեր երկրին ու ժողովրդին, աշխարհով մեկ փառավորում ենք նրա անունն ու պատիվը։ Ճիշտ է, ես հանդես եմ եկել Հայաստանի դրոշի ներքո, բայց բոլոր լրատվամիջոցները փաստել են, որ աշխարհի չեմպիոնն արցախցի է ու արցախաբնակ։ Սա քաղաքականությո՞ւն է, թե ոչ՝ ինքներդ որոշեք։ Երբ իմ պատվին հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգն ու բարձրացվեց պետական դրոշը, ինձ աննկարագրելի զգացումներ էին համակել, և ի վերջո, չէ՞ որ Արցախն էլ Հայաստան է՝ երկրորդ հայկական հանրապետություն։ Երազում եմ այն օրվան, երբ իմ պատվին Արցախի հիմնը կհնչի բազմաթիվ երկրներում, ու մեզ կճանաչի ողջ աշխարհը։ Գաղտնիք չէ, որ նաև մարզիկների միջոցով են ճանաչում այս կամ այն երկիրը, առավել ևս՝ հաղթող մարզիկների միջոցով, ու ոտքի վրա պատվում են քո երկիրն իր խորհրդանիշներով։ Դու պարտադրում ես հարգել քո երկիրն անգամ թշնամի պետություններին։
- Ձեզ հաճա՞խ է ՙբախտ վիճակվում՚ մրցագորգ դուրս գալ հակառակորդ (չասենք թշնամի) պետության մարզիկների հետ։
- Շատ են եղել ադրբեջանցիներ, որոնց հիմնականում հաղթել եմ։ Հետո, մեդալի մյուս երեսն էլ կա, մրցագորգի վրա դիմացինդ միշտ էլ հակառակորդ է, և այստեղ մարզիկի համար կարևոր է չափել նրա ուժերը, շոշափել թույլ ու ուժեղ կողմերը և արագ կողմնորոշվել։ Ինձ համար, օրինակ, մեծ պատիվ է հաղթել ռուսաստանցի  սամբիստներին։ Նրանք միշտ առաջատար, շատ լուրջ պատրաստված մարզիկներ են, և հետո, Ռուսաստանն է սամբոյի հայրենիքը՝ իր հեռանկարային ու կայուն դրվածքով։ Նույնը կասեմ նաև Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի մասին, իսկ ադրբեջանցիները թույլ են, բացակայում է դիմադրողականությունը, և այս ասպարեզում երկար ճանապարհ ունեն անցնելու։ Ես կարևորում եմ պատվախնդրությունն ու սիրում եմ հաղթանակով Արցախ՝ իմ տուն վերադառնալ։ Գուցե դա նաև նրանից է, որ մենք անկախության ու հաղթանակների սերունդ ենք ու պարտավորված այն բազմապատկել սպորտով ու մշակույթով։
- Ինչպե՞ս է հաջողվում միշտ լավ մարզավիճակում լինել։
- Ամենօրյա, մշտական մարզումներ, պրոֆեսիոնալ մարզչի տքնաջան աշխատանք, հաճախակի բացակայությունների հանդեպ ընտանիքի անդամների ըմբռնումով մոտեցում... Այս ամենը խթանիչներ են, որ միշտ բավարար մարզավիճակում լինեմ։ Միակ ՙանբավարար պայմանը՚ զավակներիս հանդեպ կարոտն է, որը դժվարությամբ, բայց հաղթահարում եմ։
- Ձեր հաղթանակների համար ամենից առաջ ո՞ւմ եք պարտական։
- Իմ մարզչին՝ Էռնեստ Միրզոյանին։ Նրա սաներից շատերն են Եվրոպայի և աշխարհի մրցանակակիրներ, սպորտի վարպետներ, միջազգային կարգի սպորտի վարպետներ։ Մի խոսքով, նրա ներդրումն անուրանալի է։ Խիստ է, պահանջկոտ, պրոֆեսիոնալ։  
- Դուք անցնող տարին եզրափակում եք մեծ հաջողություններով, ի՞նչ ակնկալիքներ ունեք 2014 թվականից։
- Աշխարհի չեմպիոնատից հետո հասցրել եմ հանգստանալ, կազդուրվել, ինչու չէ,  ապաքինվել վնասվածքներից։ Կրկին նոր թափով վերսկսել եմ մարզումները, լավ տրամադրությամբ և, իհարկե, նոր հաղթանակների հասնելու վճռականությամբ։ Ամանորյա տոներին մի փոքր շունչ կառնեմ ու նոր տարում մարզումներիս նոր թափ կհաղորդեմ, որովհետև ապագայի համար լուրջ ծրագրեր ունեմ,  հետևաբար, ինձ լուրջ մարզումներ են սպասվում։
- 2014-ին առավել լուրջ ախոյաններ կունենաք՝ Ձեր ուժեղագույնի կարգավիճակն է դա ենթադրել տալիս։
- Ճիշտ եք ասում, մրցագորգում նրանք ձգտելու են անցնել հաղթողին, ասել է թե՝ ուժեղագույնին։ Նրանք այդ տրամադրվածությամբ են հանդիպելու ինձ։ Ես դա հաշվի կառնեմ՝ չգերագնահատելով ու նաև չթերագնահատելով հնարավորություններս։ Մեծ սպորտում այդպես է, բոլոր երկրների մարզիկներն  ՙաշխատում՚ են հաղթող մարզիկի, նրա թույլ, խոցելի տեղերի վրա։ Ես էլ իմ հերթին   հակառակորդներիս եմ լավ ուսումնասիրել և մարզումների ընթացքում կվերացնեմ  բոլոր նկատելի բացերը։ Վնասվածքների պատճառով անհաջողություններ էլ եմ ունեցել, բայց դրանք անցյալում են, կարծում եմ, վաղվա օրն ավելի  խոստումնալից կլինի։ 
- Ձեր բարեմաղթանքները Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ 
- 2013 թվականը իմ և իմ ընտանիքի համար հաջողությունների տարի էր... Երեք ընկերներիս ընտանիքներում երեխաներ ծնվեցին, ինչի համար անչափ ուրախ եմ... Իմ հաղթանակով ժողովրդիս ուրախություն պարգևեցի, և հպարտ ու երջանիկ եմ ու  ցանկանում եմ, որ բոլոր հայկական օջախներում միշտ հաղթանակի, երջանկության, ձեռքբերումների բերկրանք լինի։ Իմ հերթին պարտավորվում եմ ժողովրդիս հաճելի պահեր պարգևել։ Ցանկանում եմ, որ բոլորը հասնեն իրենց նպատակներին, և հայի օջախում միշտ խաղաղություն լինի։
- Շնորհակալություն բարեմաղթանքների համար... Ընդունեք նաև ՙԱզատ Արցախ՚ թերթի ընթերցողների բարեմաղթանքներն ու շնորհավորանքները հաղթանակի առնչությամբ։ Մենք սիրով կսպասենք Ձեր նոր հաղթանակներին։ 
 
 
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ