[ARM]     [RUS]     [ENG]

ԹՈՂ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՄԻՇՏ ՈՒՂԵԿՑԻ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ

altՏարեմուտի  մաղթանքներ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՑ
- Վլադիկ Ռուբենի, Մարտակերտի շրջանը ԼՂՀ-ում խոշորագույն և, միևնույն ժամանակ, Արցախյան պատերազմի տարիներին ամենաշատ տուժած շրջանն է:
 Հասկանալի է, որ խնդիրներն այստեղ նույնպես շատ են, որոնք մշտապես գտնվելով հանրապետության իշխանությունների ուշադրության կենտրոնում` հետևողականորեն լուծում են ստանում: Այս   համատեքստում` ի՞նչ գլխավոր խնդիրներ են լուծվել 2013 թվականին և ի՞նչ առաջնահերթություններ կառանձնացնեիք գալիք տարում:
- Իրոք, շրջանի հիմնախնդիրները գտնվում են հանրապետության իշխանությունների ուշադրության կենտրոնում: Ունենք շրջանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հստակ ծրագիր և ժամանակացույց: Ուզում եմ առանձնացնել համայնքները խմելու ջրով ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Դա առաջին հերթին վերաբերում է Մարտակերտ քաղաքին.  պետք է անցկացվի մոտ 56 կմ ջրատար, որի 80 տոկոսն արդեն անց է կացվել: Հուսով եմ` 2014թ. առաջին եռամսյակում աշխատանքներն ավարտին կհասցվեն, և Մարտակերտը կապահովվի մշտական ջրով: Ընթացքի մեջ է նաև Նոր Կարմիրավան և Հայկաջուր համայնքների ջրամատակարարման գործը, որը կավարտվի նոր տարվա հունվարի կեսերին: Նաև մյուս համայնքներում են իրականացվում ջրամատակարարման աշխատանքներ. ավարտվել է Նոր Այգեստանում խմելու ջրով ապահովումը, Հովտաշեն և Նոր Սեյսուլան համայնքներն իրենց ուժերով նորոգել են ջրատարը, մի շարք համայնքներում ընթացքի մեջ են: 
Ընդհանրապես, ջրի հիմնախնդիրը մյուս բոլոր համայնքներում ծրագրված է ավարտել 2017 թվականին: Այդ համատեքստում ուզում եմ առանձնացնել  ոռոգման ջրի խնդիրը: Խաչենի ջրամբարից երեք ուղղություններով ոռոգման ջուր ստանալու նպատակով համապատասխան ջրատատարների նորոգման աշխատանքներն արդեն ավարտված են, և ջուրը կհասցվի հողօգտագործողներին` աշնացանը սկսելու համար:  Արդեն ունենք ջրամատակարարման առանձին կազմակերպություն, որի հիմնական աշխատանքներն ավարտված են, և թվով 8 խոշոր հողօգտագործողներ ոռոգում են իրականացնում: 
Ընթացքի մեջ են Թբլղու գյուղի  ջրատարի նորոգման աշխատանքները: Որոշակի աշխատանքներ իրականացվում են Հաթերքում, և այդ տեղամասում ոռոգման խնդիր չունենք: Մատաղիս-Թալիշ ոռոգման ջրատարի աշխատանքներն 80 տոկոսով ավարտված են: Փետրվար ամսվա ընթացքում ոռոգովի ջուրը կհասցնենք Թալիշի համայնքի հողօգտագործողներին` շուրջ 1000 հա Թալիշի համայնքից, 80 հա` Մատաղիսի: 
Մի քանի խոսք` հանքարդյունաբերության մասին, որի մի քանի ճյուղեր կայուն կերպով զարգանում են: Կաշենի տեղամասի հանքարդյունաբերության զարգացման լուրջ միտումներ կան: Ղեկավարությունը հավաստիացնում է, որ հունվար ամսում տեղում կսկսվեն աշխատանքները, որը կլուծի շրջանի սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրներ, մասնավորապես, բացելով նոր աշխատատեղեր: Բնակչության մի զգալի մասն այսօր աշխատում է Կաշենի, Դրմբոնի հանքավայրերում, Ալաշանի փայտածուխի գործարանում: Մի քանի ամսից կգործարկվի նաև Մաղավուզի քարածխի հանքը, որը նույնպես նոր աշխատատեղ է: Բնակչության մի զգալի մասն ընդգրկված է Մատաղիս-1, Մատաղիս-2, Թրղի-1, Թրղի-2 (կառուցվում է նաև Թրղի-3-ը), և ամենամեծ` Սարսանգի հէկերում:
Սակայն շրջանը գլխավորապես գյուղատնտեսական է, և մեր ուշադրությունը հենց  այդ ուղղությամբ է սևեռված: 
Անասնապահության բնագավառում հաջողություններ ունենք արձանագրված: Խոշոր եղջերավոր անասունների քանակը, դեկտեմբերի 1-ի տվյալներով, ավելի քան 10700 է` անցյալ տարվա 10360-ի դիմաց: Արձանագրվել է նաև մանր եղջերավորների և խոզերի աճ: 
Վերջին երկու տարվա ընթացքում շրջանում աշնանացան ցորենի և գարու ցանքատարածության երաշտի պատճառով լուրջ կորուստներ կրեցինք: Չնայած այդ ամենին, կառավարության աջակցության շնորհիվ ու նաև մեր հորդորները լսելով` հողօգտագործողները այս տարի 4386 հա-ի վրա իրականացրել են աշնանացան, որն անցյալ տարվա համեմատ ավելի է: Դրան նպաստել է կառավարության աջակցությունը. հողօգտագործողները 2 տարի ժամկետով ազատվել են հողի հարկից և վարձավճարից: Նրանց տրամադրվեց նաև սուբսիդավորված դիզվառելիք` մեկ լիտրը 350 դրամով, միաժամանակ, 5 տարով երկարաձգվեցին Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից տրված վարկերը։
- Ի՞նչ սպասումներ ունեք գալիք տարում` զուտ անձնական պլանում: 
- 2013-ին թոռնիկ ունեցա` Վլադիմիր Ռուբենի Խաչատրյան, կցանկանայի 2014-ին երկրորդն   ունենալ: 
- Թեպետ վերջին տարիներին գտնվում եք քաղաքացիական աշխատանքում, սակայն Ձեր ապրած կյանքի մի տևական փուլ կապված է եղել զինվորական ծառայության հետ: Դուք ակտիվ մասնակցություն եք ունեցել ԼՂՀ բանակաշինության գործընթացին, պահեստազորի  գեներալ եք: Ամանորի տոներին կայցելե՞ք մարտական հին ընկերներին:
 
- Անպայման: Այդպիսի տարի չի եղել, որ չայցելեմ: Այս տարի նույնպես պլանավորել եմ այցելել մարտական դիրքեր, շնորհավորել զինվորներին, սպաներին:  Նրանց նվերներ ենք տանում, շնորհավորում և հանգիստ սրտով վերադառնում մեր ընտանիքները: 
- Ամանորի և Սուրբ ծննդյան կապակցությամբ ի՞նչ կմաղթեիք ՙԱզատ Արցախի՚ ընթերցողներին և, առհասարակ, արցախցիներին: 
- ՙԱզատ Արցախ՚ թերթի ընթերցողներն էլ մեր հայության մի մասն են: Շնորհավորում եմ ամբողջ աշխարհի հայությանը և մաղթում, որ 2014-ը լինի հաջողությունների տարի, հայրենիքը պաշտպանված լինի, կառուցվի ու շենանա: Թող մեր ժողովրդին միշտ ուղեկցի ուրախությունը, ժպիտը անպակաս լինի: Մանկան ճիչ և հաջողություններ` բոլոր ընտանիքներին: 
 
 
Հարցազրույցը  վարեց  
Սվետլանա  ԽԱՉԱՏՐՅԱՆԸ