ՙԱՐՑԱԽԻ ՏՐԻՈ՚-Ի ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՄԵՐԳԸ ՇՈՒՇԻՈՒՄ

22.jpgՕրերս Շուշիի կերպարվեստի թանգարանում կայացավ նորաստեղծ երաժշտական խմբի անդրանիկ համերգը: Խումբ, որն անդամների կողմից անվանակոչվեց ՙԱրցախի տրիո՚:
Երեք երիտասարդ երաժիշտներ սեփական նախաձեռնությամբ համախմբվել են և որոշել միասին հանդես գալ համերգներով` իրենց ներդրումն ունենալով դասական երաժշտության տարածման գործում:
 Չնայած տրիոն նորաստեղծ է, այդուհանդերձ,  երաժիշտները բավականին ճանաչում ունեն Արցախում: Թավջութակահար Արմենակ Հակոբյանը Երևանից հրավիրված մասնագետ է, 2009 թվականից աշխատում է Արցախի պետական կամերային նվագախմբում, ինչպես նաև դասավանդում է Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում: Ֆլեյտահար Արտաշես Գրիգորյանը Մոսկվայից եկած երաժիշտ է, դասավանդում է Ստեփանակերտի երաժշտական օջախներում և հանդես է գալիս տարբեր նվագախմբերի հետ` որպես մենակատար: Դաշնակահար Դավիթ Բախշիյանը բազմաթիվ միջազգային մրցույթների մասնակից և դափնեկիր է, այժմ սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
Համերգն սկսվեց մեր հայրենակից Անդրեյ Բաբաևի ՙՏրիո՚ ստեղծագործությամն կատարմամբ: Այնուհետև հնչեց Պ. Չայկովսկու ՙԱշնան երգը՚ ՙՏարվա եղանակներ՚  դաշնամուրային պիեսների ժողովածուից: Տրիոյի կատարմամբ հնչեց նաև արևմտաեվրոպական երգահան Էդվարդ Գրիգի ՙԱվե Մարիա Ստելլա՚ և ՙԱնիտայի պարը՚՝ Հ. Իբսենի ՙՊյեր Գյունտ՚ դրամայի համար գրած երաժշտությունից: Խումբը  իր ծրագրի մեջ ներառել է նաև հանդիսատեսին քիչ ծանոթ լիբանանահայ կոմպոզիտոր, դաշնակահար Մայքլ Աշճյանի (ավարտել է Երևանի կոնսերվատորիան) ՙԹավջութակի աշունը՚ ստեղծագործությունը: Հանդիսատեսին հաճելիորեն զարմացրեց վերջին կատարումը, որը գրված է ռուս կոմպոզիտոր, երաժշտական քննադատ, ռազմական ինժեներ, գեներալ, գիտնական, ՙՄոգուչայա կուչկա՚ երաժշտական ընկերության անդամ Վ. Կյուիի կողմից՝ հայկական թեմաներով, որը կոչվում է ՙԱրևելյան՚: Ի դեպ, նշենք, որ նա հայկական թեմաներով գրել է մի շարք ռոմանսներ Պատկանյանի, Իսահակյանի, Դուրյանի, Շահազիզի, Հովհաննիսյանի ստեղծագործությունների թարգմանությունների հիման վրա: Կատարած ստեղծագործությունը ներթափանցված էր հայկական մելոսով, ինչը վկայում է, որ նա խորապես ծանոթ է եղել նաև հայկական երաժշտությանը:
Համերգին ներկա էին Արցախի մշակույթի զարգացման ջատագով, ԼՂՀ Նախագահի խորհրդական Գ. Գաբրիելյանցը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Լ. Հովհաննիսյանը, երաժշտական գործիչներ, ինչպես նաև Շուշիի և Ստեփանակերտի երաժշտասեր հասարակայնության ներկայացուցիչներ:
Համերգի վերջում երաժիշտների հետ զրուցեցինք տրիոյի ստեղծման գաղափարի մասին:
Արմենակ ՀԱԿՈԲՅԱՆ. - Խումբ ստեղծելու գաղափարն իմն ու Արտաշեսինն էր: Սկզբից փորձեցինք ստեղծել կվարտետ, ինչ-ինչ պատճառներով չհաջողվեց, փոխարենը հաջողվեց տրիոյի ստեղծումը: Առաջին համերգը տրվեց Շուշիում` որպես տուրք բերդաքաղաքի մշակութային հարուստ անցյալին: Հաջորդ համերգը տեղի կունենա արդեն Ստեփանակերտում:
Արտաշես ԳՐԻԳՈՐՅԱՆ.- Երբ 2011թ. Մոսկվայում ստեղծված կվինտետով (հիմնականում մոսկվաբնակ հայեր) եկանք և համերգով հանդես եկանք Ստեփանակերտում, իմ մոտ նշմարվեց պատմական հայրենիք (արմատներով արցախցի է) գալու գաղափարը, և հաջորդ տարի այն իրագործվեց: Միշտ սիրել եմ փոքր համույթներում ելույթ ունենալ, ունեի այդ փորձը, Արմենակն էլ ուներ նման փորձ, և մենք որոշեցինք հիմնել փոքր խումբ: Վաղուց երազում էի տրիոյի ստեղծման մասին, քանի որ դեռևս Մոսկվայում ծանոթ էի Անդրեյ Բաբաևի` տրիոյի համար գրած ստեղծագործությանը, և մեծ ցանկություն կար այն կատարելու, ինչն էլ այսօր կյանքի կոչվեց:
Դավիթ ԲԱԽՇԻՅԱՆ.- Երբ ինձ առաջարկ եղավ դառնալ տրիոյի մասնակից, մեծ սիրով ընդունեցի: Այսօր, երևի թե, մի քիչ խանգարում է այն հանգամանքը, որ ես սովորում եմ Երևանում, ինչի պատճառով չենք կարողանում հաճախակի համերգներ կազմակերպել: Նախատեսված է հաջորդ համերգն անցկացնել ամռան արձակուրդներին, Ստեփանակերտում: Ծրագրի վրա արդեն աշխատում ենք: Ստեփանակերտ գալուն պես` մի երկու փորձ կանենք և նորացված ծրագիրը կներկայացնենք հանդիսատեսին:
Տրիոյի մասին իրենց կարծիքները հայտնեցին երաժշտական գործիչներ:
Գևորգ  ՄՈՒՐԱԴՅԱՆ Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր.-   Շատ ողջունելի իրադարձություն է: Դասական երաժշտություն քարոզող ևս մեկ խումբ: Տրիոյի մեկնարկը շատ բարձր եմ գնահատում ու գտնում եմ, որ այն ունի մեծ հեռանկար, քանզի այստեղ հավաքված են բարձր մակարդակի պրոֆեսիոնալ երաժիշտներ: Շնորհավորում եմ բոլորիս:
Նինա ԳՐԻԳՈՐՅԱՆ Արցախի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր.- Լսելով տրիոյի անվանումը` միանգամայն ոգեշնչվեցի, քանի որ ամենուր, որտեղ խումբը ելույթ կունենա, կհնչի մեր երկրի անունը: Տրիոն ունի այն ներուժը, որը թույլ կտա ելույթ ունենալ տարբեր միջազգային մրցույթներում: Բոլոր անդամները բարձր մակարդակի պրոֆեսիոնալ երաժիշտներ են: Ես նրանց կոչում եմ երեք ոգեշնչողներ:
 
Էմմա ԲԱԼԱՅԱՆ