[ARM]     [RUS]     [ENG]

ՕԲՅԵԿՏԻՎԸ ՖԻՔՍՈՒՄ ԷՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

1_2.jpgՏարիներ առաջ էր. ԵՊՀ  ֆիզիկայի ֆակուլտետի լավագույն ուսանողներից մեկը կտրուկ փոխեց իր մասնագիտությունը։ Նա հասկացավ, որ հայաստանյան իրականության մեջ կիրառական գիտությամբ զբաղվելը կարծես թե դառնում է անհետաքրքիր։ Նրա կարծիքով, դա հենց լճացման ամենացայտուն  տարիներն էին։ 
Ֆիզիկայից բացի, որին սիրահարված է առայսօր, Զավեն Խաչիկյանը փորձեց զբաղվել լուսանկարչությամբ՝ նպատակ ունենալով կրթությունը շարունակել Մոսկվայում՝ դոկումենտալ կինոռեժիսուրայի գծով։ Աշխատանքային փորձ և ՙստաժ՚ էր անհրաժեշտ՝ երազած բաժինն ընդունվելու համար։ Սկսեց աշխատել ՙերիտասարդական՚ կոչված մամուլում, որպես լուսանկարիչ։
ՙՀասկացա, որ երկար եմ մնում լուսանկարչության մեջ... Չեմ փոշմանում, որովհետև ինքս իմ հանդեպ ազնիվ եմ եղել։ Ընկերներս հանդիմանում էին.ինչպե՞ս կարելի է հրաժարվել այն ամենից, ինչին հասել եմ ֆիզիկայում՚,- տարիների հեռվից խոստովանում է  լուսանկարիչը։  
Թե այդ ժամանակ ինչ էր կատարվում Ղարաբաղում, ուսանողությունը գրեթե անտեղյակ էր։  ՙԻմ ուսանողական տարիների լավագույն ընկերոջ՝ Արզումանյան Գրիշայի հետ, ով  Մարտակերտից էր, միասին ՙկրծում էինք՚ քվանտային տեսության գրքերը՝ տանը, սրճարանում, գրադարանում։ Մենք կարծես սովետական համակարգի մեջ չէինք, այլ, այսպես կոչված՝ ՙՖիզիկա՚ մոլորակի վրա և չգիտեինք, թե ինչ  է կատարվում Ղարաբաղում։ Երբ ուսանողներից որևէ մեկը հայ-ադրբեջանական միջադեպերից պատմում էր արտակարգ որևէ դեպքի մասին, մենք լսում, հետո  զարմանում, բայց առավելապես լռում էինք՚,- պատմում է Զ. Խաչիկյանը։  
Արդեն 1986-87թթ. Մոսկվայից պարբերաբար  Երեւան էին գալիս  տարբեր մարդիկ, խոսում ինչ-որ գաղափարներից, քննարկում մինչ այդ ՙփակ՚ համարվող թեմաներ, որոնք հետաքրքրություն էին առաջացնում երիտասարդության շրջանում։  Զավեն Խաչիկյանը հիանալի հիշում է  հատկապես Կենտրոնական հեռուստատեսության քաղաքական մեկնաբան Բովինի հետ հանդիպումը, որի մասին պատմող զրույցը տպագրվել է ՙԱվանգարդ՚ թերթում, որտեղ էլ այդ ժամանակ աշխատում էր ինքը։ Որ Գորբաչով-Ռեյգան տանդեմը  փակ դռների հետևում ինչ-որ բան էր ծրագրում, ակնհայտ էր Զ. Խաչիկյանի համար։ ՙԳիտե՞ք՝ աբսուրդը որն էր, որ հայ կոմունիստ լիդերները շարունակում էին այնպիսի կեցվածք ընդունել, կարծես թե ինչ-որ բան թողնել-չթողնելը իրենցից էր կախված. նրանք ընդամենը հանգիստ ՙվայելում էին՚ ազգի ընտրյալների իրենց բազկաթոռները։ Ամեն ինչ որոշվում էր մոսկվաներում։ Երբ Շարժումն սկսվեց, պապս, ով ցարական բանակում ծառայելու ժամանակ  հասել  էր Էրզրում, ասաց՝  դա հնարավոր բան չէ, հնարավոր չէ պետությանը դեմ գնալ՚,- հիշում է Զ. Խաչիկյանը։ 
Ֆոտոլրագրողը Ղարաբաղ իր առաջին այցի (1988թ. մայիս) ժամանակ էր դեռևս նկատել ադրբեջանցիների կողմից իրականացվող սադրանքները։ Այնտեղ իր  տեսածն ու ստացած տպավորությունները թերթին հանձնելու փորձը կիսատ մնաց. նախատեսում էր հոդվածների շարք տպագրել, սակայն մի մասն արգելեցին։ ՙԵս ապշել էի, ադրբեջանական ՕՄՕՆ-ի և սովետական զորքերի աչքից ոչինչ չէր վրիպում, նրանք նկատում էին քո ամեն մի տեղաշարժը, ապարատի չխկոցը, անգամ փռշտոցը, մինչդեռ նույն զորքերի հրամանատարները չեն միջամտել Սումգայիթում վայրագ, արյունալի գործողություններին, չեն կանխել Աղդամից դեպի Ասկերան շարժվող գազազած վայրենի ամբոխին։ Ղարաբաղից վերադառնալուց հետո ասացի՝ սրա վերջն արյուն է լինելու՚,-պատմում է զրուցակիցս։
Նա ասում է, որ բազմիցս մարտադաշտ է մեկնել որպես լուսանկարիչ, ոչ թե կռվող։ Ըստ նրա՝ ամեն մի գործ պրոֆեսիոնալիզմ է պահանջում։ ՙԵթե ինչ-որ քայլի ես գնում, պետք է պատրաստ լինես։ Ես պատրաստ չէի կրակել, մարդ սպանել։ Ես գնում էի մարդուն նկարելու, նրա կողքին լինելու և ոչ արյուն, մահ նկարելու՚,- ասում է նա։ Ամեն անգամ Ղարաբաղից վերադառնալուց հետո մոտ մեկ շաբաթ դեպրեսիայից դուրս չէր գալիս, շատ ծանր էր տանում այն, ինչ տեսնում էր այնտեղ։  
ՙՎերջերս խոսում էինք ընկերներիցս մեկի հետ, ասաց՝ քո պատերազմական լուսանկարների շարքում տխրություն կա, ասացի՝ դու էլ հաղթանակը ցույց տուր։ Իրոք կուզեի, որ մեկն էլ հաղթանակը ցույց տար։ Մի առիթով էլ Վազգեն Սարգսյանին եմ ասել, որ չկարողացանք մեր հաղթանակն արժանիորեն  մատուցել՚,- ասում է զրուցակիս և որպես օրինակ բերում Ստեփանակերտում արված մի լուսանկար, որում երեխան՝ փայտը թևի տակ դրած, գնում էր դպրոց։ ՙԻնչպե՛ս կարելի է այդտեղ ուրախություն տեսնել՚,-զարմանում է լուսանկարիչը։
Զավեն Խաչիկյանի լուսանկարչական ապարատը գրանցել է շատ անմոռանալի պահեր՝ սկսած պատերազմող  Արցախի տարբեր անկյուններում կատարվող իրադարձություններից, վերջացրած երևանյան միտինգներով։ 
Ստեփանակերտում արված լուսանկարներից ֆոտոլրագրողը ՙԱԱ՚-ին է տրամադրել  ամենատպավորիչներից մի քանիսը.
ՙԱյս լուսանկարն արվել է ռումբի պայթյունից րոպեներ անց... Երբ սկսեցին ռմբակոծել, ամեն մեկս մի տեղ թաքնվեցինք։ Երբ դուրս եկանք, այս երեխաներն սկսեցին թափ տալ շորերը, կարծես ոչինչ չի եղել։ Նրանք փախստականների երեխաներ են։ Այդ ժամանակ ՙՂարաբաղ՚ հյուրանոցում, որի պատի տակ կանգնած են երեխաները, փախստականներ էին ապրում՚։
ՙԱյս լուսանկարը ևս Ստեփանակերտում եմ արել, հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Մտահոգ երկու պատանիներ են, ետին պլանում հանրահավաքն է։ Լուսանկարչական խցիկի չխկոցից  հետո, դեռ չտեսած երեւակված նեգատիվը, ինքս ինձ հարց էի տալիս՝ ո՞րն է այս երկու տղաներին բաժին հասած  ճակատագիրը՚։
Նրա համոզմունքն այսօր էլ անփոփոխ է. երկիր կառուցելու համար մարդիկ, ովքեր համապատասխան պաշտոններ են վարում, պետք է լինեն իմաստուն, և, անշուշտ, սրտացավ վերաբերմունք ցուցաբերեն  սեփական ժողովրդի հանդեպ՝ ձեռքը մշտապես պահելով ժամանակի զարկերակի վրա, որպեսզի չունենանք դատարկվող երկիր, կրկնվող միտինգներ, առավել ևս՝ ՙմարտիմեկյան մայդաններ՚։
 
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
ք. Երևան