Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԾ ՄԱՐԴՆ ՈՒ ԳԻՏՆԱԿԱՆԸ

11.jpgՇուշիում նշվեց Գրիգորի ԳԱԲՐԻԵԼՅԱՆՑԻ 80-ամյա հոբելյանը
Գարնան առաջին օրվա երեկոյան նկատելի աշխուժություն կար Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի բակում:  Օդում թևածում էր տոնականության և հանդիսավորության մթնոլորտը:  
Այստեղ էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՄԵ հարցերի  նախարար Նարինե Աղաբալյանը, հանրապետության  հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային  իրականությունը ներկայացնող  հայտնի  դեմքեր, հյուրեր ՀՀ-ից, ՌԴ-ից, Եվրոպայից և նույնիսկ էկզոտիկ Հոնկոնգից: Այդ օրը Շուշիից սկսվեց արցախցիներիս վաղուց թանկ ու սիրելի, ԼՂՀ Նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցի հոբելյանական տոնակատարությունը. մարտի 2-ին նվիրյալ հայրենասերը, ականավոր գիտնականն ու պետական գործիչը դարձավ 80 տարեկան: Այդ առթիվ Շուշի էր ժամանել նաև Արցախի պետական կամերային նվագախումբը՝ Գևորգ Մուրադյանի ղեկավարությամբ: Համերգից բացի կազմակերպվել էր նաև քանդակների ցուցահանդես:
Միջոցառումը բացվեց հոբելյարի կենսագրության և գործունեության  ներկայացմամբ, և հաշվի առնելով Գաբրիելյանցի անձի նկատմամբ հասարակական հետաքրքրության հանգամանքը, համառոտակի ներկայացնում ենք նրա անցած ուղին: ԽՍՀՄ երկրաբանության վերջին նախարար, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի գործող անդամ, ԼՂՀ Նախագահի խորհրդական Գրիգորի Արկադիի Գաբրիելյանցը ծնվել է Բաքվում՝ արցախցիների ընտանիքում: Աշխատանքային գործունեությունն սկսել է 1956թ.՝ Թուրքմենստանում, որոշ ժամանակ անց դարձել է ԽՍՀՄ այդ հանրապետության Մինիստրների խորհրդին առընթեր պետական երկրաբանական կոմիտեի գլխավոր երկրաբանը: 1965-ին տեղափոխվել է Մոսկվա,  աշխատել տարբեր պաշտոններում: Իր գիտաարտադրական գործունեության 57 տարիների ընթացքում համագործակցել է Համառուսաստանյան երկրաբանական նավթային գիտահետազոտական ինստիտուտի հետ: Կարակումներում գազի առաջին հանքի հայտնաբերման համար 1959-ին պարգևատրվել է կառավարական պարգևներով  և երկրաբանների գլխավոր մրցանակով: Մի շարք գիտական աշխատությունների և ուսումնական ձեռնարկների հեղինակ է: Գաբրիելյանցը 16 գիտական հայտնագործությունների հեղինակ է:
1987-ին մասնակցելով ԽՍՀՄ երկրաբանական նավթային գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի թափուր հաստիքի համալրման մրցույթին՝ Գաբրիելյանցի ծրագիրը ճանաչվել է առավել առաջադիմական, և նա առաջին իսկ փուլում ընտրվել է տնօրեն: Նրա պաշտոնավարման ժամանակահատվածում ինստիտուտը ճանաչվել է լավագույնը ԽՍՀՄ երկրաբանության նախարարության գիտական ստորաբաժանումների շարքում: Իր ունեցած նշանակալի ներդրումների համար Գ. Գաբրիելյանցը պարգևատրվել է ԽՍՀՄ Պետական մրցանակով, ՙՊատվո նշան՚ շքանշանով, Թուրքմենական ԽՍՀ Գերագույն խորհրդի պարգևներով և մրցանակներով, ՙԳազային արդյունաբերության վաստակավոր գործիչ՚ շքանշանով,  ժողտնտեսության նվաճումների ցուցահանդեսի 2 ոսկե և 3 բրոնզե մեդալներով, ՙԲիրմինգհեմի ջահ՚ միջազգային մրցանակով: Մեր կողմից նշենք նաև, որ մեծապես հենց նրա ջանքերի շնորհիվ էր, որ բացվեց Շուշիի կերպարվեստի թանգարանը, իսկ շատ շուտով էլ, էլի նույնպես Շուշիում, կբացվի երկրաբանության թանգարանը:
Դահլիճը ծափահարություններով ողջունում է օրվա հերոսին, այնուհետև բեմ է բարձրանում մաեստրո Գևորգ Մուրադյանը, և սկսվում է տոնական համերգը. ավելի քան մեկուկես  ժամ հավաքվածներն  ըմբոշխնեցին Արցախի պետական կամերային նվագախմբի վարպետ կատարումները. Կոմիտաս, Անդրեյ Բաբաև, Էդվարդ Միրզոյան,  Պյացոլլա, Ռոդեցկի՝ ընդհանուր առմամբ՝ մոտ երեք տասնակ ստեղծագործություններ ներկայացվեցին հանդիսատեսի դատին։ Համերգին առանձնահատուկ հմայք հաղորդեցին հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, ակորդեոնահար Վալերի Գասպարյանի վարպետ կատարումները: 
Համերգի ավարտից հետո հոբելյարին իրենց նվերներն են հանձնում ԼՂՀ ՄԵ հարցերի նախարարն ու կերպարվեստի թանգարանի կոլեկտիվը:
Նարինե Աղաբալյանը նշեց, որ համերգն ու ցուցահանդեսը, որ կազմակերպվել են Գաբրիելյանցի հոբելյանի առիթով, հարգանքի տուրք են  մի մարդու, ով այս կարճ ժամանակահատվածում հասցրել է այսքան բան անել Արցախի, մասնավորապես նրա արվեստի համար:
- Ձեր՝ Արցախ գալով, հարգելի պարոն Գաբրիելյանց,  մեր կյանքում նոր լույս ու նոր փայլ, նոր գույներ ու նոր երանգներ ավելացան: Ընդամենը մեկ-երկու տարվա ընթացքում Ձեր  շնորհիվ Շուշիում ստեղծվեցին մշակույթի երկու շքեղ օջախներ: Շնորհակալություն Ձեզ այդ ամենի համար,- ասաց  նախարարը: 
Հոբելյանական երեկոն ավարտվեց քանդակագործ Բագրատ Բալաբեկյանի ստեղծագործությունների ցուցահանդեսով, որի ընթացքում ներկաները ծանոթացան երիտասարդ ստեղծագործողի ուշագրավ աշխատանքներին: 
 
Կարեն Միրզոյան