[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՆ

Միջոցառումը, որ տեղի ունեցավ փետրվարի 28-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի ընթերցասրահում, նվիրված էր այս օջախի ստեղծման 90-ամյակին։ 
Հիմնադրման օրից (1924թ.) գրադարանը եղել է այն վայրը, որն իր շուրջն է համախմբել երկրամասի մտավորականությանը, գրքասերներին, գրքի և գրականության մարդկանց, եղել է հայեցի դաստիարակության հիմնարկ։ 
Պատահական չէ, որ այստեղ տարիների ընթացքում աշխատել են Արցախի երևելի մտավորականներ, գրքի և գրականության մարդիկ, իրենց գործի նվիրյալներ, որպիսիք են Ժան Անդրյանը, Սուրեն Կարապետյանը, Ռիմա Ջաբյանը, ուրիշներ։
Հոբելյանական տարվա անդրանիկ միջոցառումը, որ բացեց և վարեց գրադարանի տնօրեն Կարինե Հայրապետյանը, նվիրված էր գրադարանի նախկին աշխատողներին։ Հատուկ հետաքրքրություն էր առաջացրել լուսանկարային ստենդը։ Ընթերցասրահում հավաքվել էին ոչ միայն գրքասերներ, գրադարանի ակտիվ ընթերցողներ, մտավորականներ, հրավիրվել էին նաև նախկին տնօրենների և աշխատակիցների հարազատներ և մարդիկ, ովքեր շփվել էին նրանց հետ, ունեին  հիշողություններ։
Կարինե Հայրապետյանը համառոտ ներկայացրեց գրադարանի նախկին տնօրենների և աշխատողների կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը։
Այնուհետև հանդես եկան հարազատները։ Էլմիրա Կարապետյանը երախտագիտություն հայտնեց նման միջոցառման կազմակերպիչներին, ապա պատմեց հոր մասին, որ Մեծ Հայրենականի մասնակից էր, պարգևատրվել էր մեծ թվով  մեդալներով. այն դժվարին տարիներին ազգապահպան,  հայրենասիրական միջոցառումներ կազմակերպելու համար օգտագործում էր իր բարձր հեղինակությունը։ Սուրեն Կարապետյանը մեծ գործ է կատարել` վերհանելով Արցախից դուրս ապրող անվանի արցախցիներին, ի մի հավաքելով և հրատարակելով նրանց կենսագրությունը և գիտական-հասարակական գործունեությունը։ Նյութերը հավաքելու նպատակով նա եղել է նաև Մոսկվայում, ծանոթացել նշանավոր մարդկանց հետ։ Գրադարանային աշխատանքը և իր բարձր հեղինակությունը հնարավորություն են տվել կազմակերպել հանդիպումներ այնպիսի մտավորականների հետ, որպիսիք էին Լեոնիդ Հուրունցը, Սերո Խանզադյանը, այն տարիներին ՙազգայնականի՚ պիտակ ստացած մարդիկ։ Իսկ դրա համար համարձակություն էր պետք, որ ուներ նա։ Ղարաբաղ այցելած օտարազգի հյուրերին բերում  ծանոթացնում էին նրա հետ` որպես մտավորականի, որպես տիպիկ արցախցու։ Ս. Կարապետյանը աչքի էր ընկնում ազնվությամբ, կարգապահությամբ, բարեխղճությամբ։ Հոգատար հայր էր ընտանիքում, ուր մեծանում էին 8 երեխա` 4 տղա, 4 աղջիկ։
Հավաքվածները հետաքրքրությամբ լսեցին բժշկուհի Կարինե Անդրյանի հուշերը հոր մասին։ Ժան Անդրյանը մտավորական էր բառի ամենալայն իմաստով։ Գրականագետի, մտավորականի, հայրենասեր մարդու մասին գրվել է բազմիցս։ Մեծ  ճանաչում, հարգանք ու սեր էր վայելում ոչ միայն մտավորականության, այլև հասարակության լայն շրջաններում։ Բացառիկ մտավորական, որ բազմազբաղ լինելով, ժամանակ էր գտնում բոլորին ուշադրություն նվիրել թե՜ ընտանիքում, թե՜ աշխատանքի վայրում։ Ժան Անդրյանի անվան հետ է կապված Արցախում մշակութային մի քանի համույթների ստեղծումը, երբ նա գլխավորում էր կուլտուրայի մարզային վարչությունը։ ՙԱզգայնականի՚ պիտակ կպցնելով՝ նրան հանեցին կոմունիստական կուսակցության շարքերից ու պաշտոնից, ստիպված եղավ դասավանդել Ստեփանակերտի թիվ 2 դպրոցում, ապա տեղափոխվել Երևան, նվիրվել դասախոսական աշխատանքի, բայց ընտանիքով մշտապես կապված մնաց իր սիրելի երկրամասի հետ։
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի գրական մասի վարիչ Կարինե Ալավերդյանն իր  ելույթում կարևորեց գրքի, ընթերցանության դերն ու նշանակությունը մարդու աշխարհայացքի ձևավորման գործում։ Մարզային գրադարանն այն միջավայրն էր, որ միացնում էր մտավորականներին։ Երանելի ժամանակներ կային, որ գիրքը ոչ միայն հարգի էր, այլև՝ պաշտամունքի առարկա, գրադարանում գրանցվելը հիշվող իրադարձություն էր, գիրք վերցնելը՝ հաճելի արարողություն, ընթերցելը՝ հոգևորի հետ շփում և ըմբոշխնում։ ՙԻմ սերնդի համար մարզային գրադարանը եղել է լուսավորության կենտրոն։ Կարդացել ենք, սովորել ենք, վայելել ենք լավ գիրք կարդալու մեծագույն հաճույքը՚,- ասաց Կ. Ալավերդյանը։ Նա  հուշեր պատմեց գրադարանի տնօրենների և աշխատակիցների մասին, ովքեր բոլորեքյան նվիրում էին։ Անմոռաց են Ժան Անդրյանի և Սուրեն Կարապետյանի կերպարները` որպես անհատականություն, որպես անհանգիստ ու պրպտող անձնավորություններ։ Բանախոսն ընդգծեց Ս. Կարապետյանի հայրենագիտական և այսօր գրադարանում կատարվող մատենագիտական մեծ աշխատանքը։ Հոր՝ գրող Իսահակ Ալավերդյանի արխիվում պահպանվում են նշանավոր մարդկանց հետ հանդիպումներից լուսանկարներ, որոնք ելույթ ունեցողը նվիրեց գրադարանին։
Հոգեբանական գիտությունների թեկնածու, գրադարանի ակտիվ ընթերցող Լուսինե Ղարախանյանն ասաց, որ գրքի հանդեպ իր պաշտամունքը ձևավորվել է գրադարանում, որ գրքի արժեքով է պայմանավորված մշակութային հոգեբանությունը, և որ գիրքը պետք է դրված լինի մշակութային քաղաքականության հիմքում, գիրքը պետք է լինի պետական հոգածության առարկա, վերականգնվի նրա վարկանիշը։ Ոչ մի էլեկտրոնային գրադարան, ոչ մի համացանց չի կարող փոխարինել գրքի հետ շփմանը, տոնական զգացողությանը։ 
Ռադիոհաղորդումների գլխավոր խմբագիր, լրագրող Նվարդ Ալեքսանյանը, ՙՍտեփանակերտ՚ թերթի խմբագիր Սոֆյա Սարգսյանը, ՙՄշակույթ՚ ամսագրի խմբագիր Ռոբերտ Ղահրամանյանը, Արցախի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, դասախոս Նունե  Առաքելյանը, մանկավարժներ Վերա Խաչատուրյանը, մայրաքաղաքի թիվ 7 դպրոցի փոխտնօրեն Ժաննա Գրիգորյանը, գրադարանի նախկին աշխատակիցներ Ամալյա Թովմասյանի  և Էմմա Կարաբեկյանի դուստրերը, ՙԳրիգոր Նարեկացի՚ պետհավատարմագրված համալսարանի դասախոս Լուսինե Թովմասյանը և Գայանե Կարապետյանն իրենց ելույթներում խոսեցին այս օջախի հետ իրենց կապվածության, գրքի հանդեպ ունեցած պաշտամունքի, գրադարանի՝ որպես հայ մտքի ու լույսի օազիսի, հոգևոր հարստության կախարդական աշխարհի մասին։ Այն մասին, որ գրքի հետ առնչվելը մեծագույն հաճույք է, որ գրադարան իրենց սերունդը մտնում էր երկյուղածությամբ, որ այս օջախից է սկսվում մարդու իմացության աշխարհը։ 
Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանը, որ երկար տարիների պատմություն ունի, այսօր էլ ձգտում է պահպանել նախկինում ստեղծված լավագույն ավանդույթները, լավագույնս կատարել մտքի, լույսի ջահակրի իր առաքելությունը։ 
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ