[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՂԵԼ Է, ԿԱ ՈՒ ԱՎԵԼԻ ԸՆԴԳՐԿՈՒՆ ԿԼԻՆԻ

Ashotyan___ARPH.jpgԵռօրյա այցով Արցախում էր գտնվում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԼՂՀ Ազգային ժողովում անցկացվել են լսումներ ավագ դպրոցի վերաբերյալ: 
Հանդիպման հաջորդ վայրը Արցախի պետական համալսարանն էր, որտեղ ԼՂՀ և ՀՀ կրթության և գիտության նախարարներ Սլավա  Ասրյանն ու Արմեն Աշոտյանը ստորագրել են համագործակցության հուշագիր 2014-2020 թթ. համար։ 
Անդրադառնալով հուշագրի դրույթներին՝ Ս. Ասրյանը նշեց, որ բարեփոխումներն ընթանում են ամբողջ կրթական համակարգում և, գտնվելով միևնույն կրթական տարածքում ու համագործակցելով միմյանց հետ, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը համաքայլ իրականացնում են դրանք: Ընդհանրապես, մայր Հայաստանի կրթական համակարգին մեր հանրապետության կրթական շատ հաստատություններ ինտեգրվեցին Ղարաբաղյան շարժման հենց սկզբից, անգամ ենթակայության առումով առաջին տարիներին որոշ հաստատություններ մտան Հայաստանի կառույցների մեջ: Ս. Ասրյանը օրինակ բերեց  Արցախի մանկավարժական ինստիտուտը, որն ազատագրական պայքարի կարևոր օջախներից էր և հանգամանքներով թելադրված փակվելով` դարձավ Կիրովականի մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղը, որը հետո վերակազմավորվեց պետական համալսարանի: Բուհական, միջին մասնագիտական, հանրակրթական, նախադպրոցական կրթության ոլորտները միշտ եղել են հորիզոնական կապերի մեջ: Դրանք ավելի սերտացան երկու հանրապետությունների կառավարությունների, ապա` նախարարությունների միջև ստեղծված պաշտոնական հարաբերություններով: Այս հուշագրի ստորագրումը պայմանավորված է նրանով, որ ՀՀ ԿԳՆ-ի հետ կնքած վերջին համաձայնագրի ժամկետը լրացել էր և թարմացման կարիք էր զգում։ Ծրագիրը հիմնականում պարունակում է այն դրույթները, որոնք մինչ այդ էլ կային: Երկու նախարարությունների կողմից իրականացվող աշխատանքները մեծ ծավալ են ընդգրկում և բոլոր ոլորտներում ՀՀ ԿԳՆ-ի ու նաև նրա կառույցների կողմից աջակցություն ունեն: Արցախում գործում են  ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի, ագրարային համալսարանի մասնաճյուղերը, Գնահատման և թեստավորման կենտրոնը, որն անմիջապես կապված է ՀՀ ԳԹԿ-ի հետ, և բոլոր մյուս ուսումնական հաստատությունները   հորիզոնական կապեր ունեն համապատասխան կառույցների հետ: Ըստ Ս. Ասրյանի, թարմացնելով այդ ծրագիրը` նաև նախատեսել են որոշ նոր դրույթներ: Մասնավորապես, կփորձեն Արցախի կրթական համակարգը ներկայացնել նաև Բոլոնյան գործընթացում` մասնակցության առումով, հաշվի առնելով, որ Հայաստանը մինչև 2015 թվականը ստանձնել է Բոլոնիայի գործընթացի քարտուղար երկրի կարգավիճակը: Ս. Ասրյանի կարծիքով, եթե դա  հաջողվի, նշանակում է՝ մեկ քայլ առաջ ենք գնացել։ 
Նորություն է նաև ՀՀ-ում ընթացող ինչպես հանրակրթության, այնպես էլ բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման գործընթացը, որն իրականացվում է փորձնական կարգով: Առայժմ մենք  ուսումնասիրում ենք, և դրական արդյունք ունենալու դեպքում Արցախն էլ կմիանա, և թե բուհերի հավատարմագրումը, թե վարկանիշավորումը կիրականացվեն  միասնական տարածքում, և կընդգրկվենք Հայաստանի համապատասխան ցանցերում: Եվս մի կարևոր դրույթ նշեց Ս. Ասրյանը: Արցախի բուհերի կողմից տրված դիպլոմները` որպես չճանաչված երկրի փաստաթուղթ, որոշ առումով խոչընդոտներ են ստեղծում շրջանավարտների համար: Հարցի ժամանակավոր լուծումը որոշել են կրկնակի դիպլոմներ տալով: Մի խոսքով, ծրագիրն ընդգրկում է բոլոր ոլորտները կրթության բոլոր աստիճաններում. նյութական աջակցություն, ուսուցիչների և դասախոսների վերապատրաստումներ, ուսանողների փոխանակումներ, փոխադարձ կապեր, այցելություններ, համատեղ ճամբարներ, գիտաժողովներ, այսինքն այն, ինչ արվում էր, հիմա` ավելի ընդլայնված: 
ՀՀ ԿԳ նախարարը ևս ներկայացրեց իր դիտարկումները համակարգի զարգացումների վերաբերյալ: Ըստ նրա` կրթության ոլորտն ամենաբարդն է հասարակական ուշադրության կենտրոնում լինելու, մեծ քանակությամբ շահառուներ ընդգրկելու, ժամանակակից կրթական հաստատություններ ստեղծելու հրամայականների առջև կանգնած լինելու և այլ առումներով: ՙԲայց, անկախ այս ամեն ինչից, փորձում ենք առաջ գնալ այն ճանապարհով, որը, վստահ ենք, որ ճիշտ է, ուղղակի երբեմն ճանապարհի արագությունը մեզ չի բավարարում. մի պահ թվում է, թե ուժերն են դավաճանում, բայց,  այնուհանդերձ, ՀՀ-ում կրթության համակարգում փոփոխությունները կրում են անշրջելի և շարունակական բնույթ՚,- ասաց Ա. Աշոտյանը: Փոփոխությունները, որ արվում են, նախարարն այսպես բանաձևեց` կրթությունը լինի ավելի որակյալ, բուհերը տնտեսության հետ ունենան առավել սերտ և նպատակային կապեր, աշխատավարձերն ուսումնական հաստատություններում լինեն ավելի բարձր,  կոռուպցիոն ռիսկերը` շատ ավելի ցածր, մեր կրթությունը եվրոպական կրթական տարածքում իր ճանաչելիության աստիճանը ավելացնի, և հասարակությունը գոհ մնա։ Այսով հանդերձ` նա կարծում է, որ թիվ 1 նպատակը աշակերտների և ուսանողների մտածելակերպի փոփոխությունն է. ՙԵրկար աշխատելուց հետո եկել եմ պարզագույն եզրակացության՝ որ սովորեցնել կարելի է միայն այն մարդուն, ով  ուզում է սովորել: Իսկ ուզում է սովորել բացառապես նա, ով մտածում է, որ իր խելքով, գիտելիքով է կարողանալու  ճանապարհը հարթել, իր ընտանիքը պահել, արժանապատիվ աշխատանք ունենալ: Սա է այն մոդելը, որը մենք կոչել ենք գիտելիքահեն տնտեսություն կամ հասարակություն՚,-շարունակեց իր դիտարկումները ՀՀ  ԿԳ նախարարը։ Առկա բազմաթիվ այլ հաջողությունների թվում նա նշեց լաբորատոր բազաների վերազինումը, դիպլոմների ճանաչման գործընթացի ընդլայնումը, ուսանողների մոտ ավելի լավ սովորելու ցանկության արթնացումը: Ա. Աշոտյանը դրական գնահատեց այսօրվա զարգացումները և առաջարկեց շատ ավելի մեծ լավատեսությամբ նայել ապագային: Ինչ վերաբերում է հայաստանյան համագործակցությանը կամ աջակցությանը, նա ավելորդ համարեց այդ մասին խոսել։ ՙԵղել է, կա ու էլ ավելի ընդգրկուն ու ծավալուն կլինի՚,- ասաց նա: Մնում է, որ հայկական կրթական տարածքը տեղափոխվի զարգացման նոր փուլ:Դրա համար նա տեսնում է բոլոր նախադրյալները: 
Ա. Աշոտյանը նաև պատասխանեց ներկաների հարցերին: 
ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանն իր և համալսարանականների անունից շնորհակալություն հայտնեց նախարարներին` հետաքրքիր պարզաբանումների, մշտական աջակցության և ուշադրության համար` վստահեցնելով, որ հետևողական աշխատանքով կյանքի կկոչեն համաձայնագրի դրույթները:    
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ