[ARM]     [RUS]     [ENG]

Արմատավորվում է նոր ավանդույթ

080314_Xantsk_TonrahaciTon__Info.jpgԽԱՆՑՔՈՒՄ ԹՈՆՐԱՀԱՑԻ ՓԱՌԱՏՈՆ ԷՐ
Արցախի գողտրիկ այս անկյունում՝ Խանցքում թոնրահացի փառատոն է, երևույթ, որի նախադեպը չկար հանրապետությունում։ 
Գյուղի հենց մուտքի մոտ, ճամփեզրին վառվում է թոնիրը, հացթուխը հանում-շարում է շեկ հացերը։ 
Ինքնաեռի մեջ ջուրը թշշում է, փոքրիկ սեղանի վրա՝ տիպիկ ղարաբաղյան ուտեստներ՝ գաթա, կաթնահունց, ժենգյալով հաց, թոնրի շուրջը՝ գեղարվեստական մի պատկեր՝ խոտի խրձերի վրա շարված դդումներ, կողքը դրված ճուվարան (կողով), և չես կարող չհիշել այդ հողուջրի ծնունդ, մանկական գրականության դասական Գուրգեն Գաբրիելյանի տողերը.
Ճուվարան կանե հեսա ապան,
Կախ կը տա էն լըծան կապան,
Վեր իմ բալան նստե մաչին,
Ասե՝ հո՜, հո՜, խումար լաչին։
Փառատոնը սկսվում է հացի համտեսումով՝ զուռնա-դհոլի ազգային երաժշտության տակ։ Ղարաբաղյան տարազով Այան թոնրի առաջ դիմավորում է հյուրերին՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, որի ժամանակ առաջ գյուղ այցելելը և տեսնելը փոքրիկ այս գյուղում այդքան շատ թոնիր (թվով 20 հատ), այն էլ գործող, առիթ դարձավ մշակութային հրաշալի մի միջոցառման։ Ասենք, որ Նախագահի՝ գյուղի հաց թխող կանանց գարնանային տոնին նվեր խոստանալը վերածվեց գյուղական ժողովրդական մեծ տոնի, որն անակնկալ էր և՜ գյուղացիների, և՜ հանրապետության տարբեր ծայրերից ժամանած հյուրերի համար։
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, կառավարության անդամներ, պաշտոնատար այլ անձինք։
Միջոցառման հիմնական մասը սկսվում է դպրոցի բակում, որ զարդարված էր տոնականորեն. կավե կճուճներ, հին կարպետներ և խնդողնի գինու տակառները, որոնցից կենարար այդ հեղուկը լցվում ու շարվում էր սեղաններին՝ հատուկ շուք հաղորդելով տաղավարին։
Փոքրիկ այս գյուղում պահպանվել են հաց թխելու ավանդական ձևերը. ցախով թոնիր վառելը, փայտե խոնչաները, ժամանակակից ձև ընդունած հացերես ծածկոցները, կենցաղային այլևայլ բաղադրիչներ։ Խանցքի կանայք հրաշալի հացթուխներ են, մեկը մյուսից լավ, մեկը մյուսից տարբեր։ Յուրաքանչյուրն իր հաց թխելու գաղտնիքն ունի, բայց բոլորն էլ՝ մի ընդհանրություն՝ իրենց հոգիներն են դնում հաց թխելու և հացի մեջ։ Հաց թխելն արվեստ է, մշակույթ, որ պահպանվել է Խանցքում։ Հավաքվածներին Ղարաբաղի Այան ծանոթացնում է հացի տեսակներին՝ լավաշ, ճյաթ, խաշխաշով հաց, մղրահունց, բիշի, կթնահունց, իսկ սով և կռվի տարիներին ջաղացի քարին կրակ էին անում, առանց աղ ու թթխմորի հաց թխում, որ կոչվում էր ՙքյոմբա՚։ 
Ինչքա՛ն ղարաբաղյան կատակ ու հումոր կար Այայի խոսքում, որ բնորոշում էր խանցքեցիներին, որոնք հայտնի են ՙխենթ՚ մականունով. թշնամու դեմ ահ-վախ չունեն՝ լավ կռվող ժողովուրդ են, արդարամիտ և ըմբոստ են, աշխատասեր են, բայց գործի հետ՝ նաև քեֆ-ուրախություն սիրող, միասնական են, համախմբված, իրար թև-թիկունք թե՜ ուրախության, թե՜ տխրության պահին։
Թվով 37 հացթուխներ ամենատարբեր տարիքի (ազգային գոգնոցներով ու գլխաշորերով) ՙԹուռնավ հացը՚ երգի հնչյունների տակ հացի խոնչաներով տաղավար են մտնում, որտեղ նույնպես տեղի է ունենում հացի համտեսում և  հյուրասիրում։ Դա մի հիասքանչ  տեսարան էր, որ հիացմունքի ալիք առաջ բերեց։ Հավանաբար, դա նրանից էր, որ հայը հնուց առայսօր հացի պաշտամունք ունի։ Առաջին հացը չէին կտրում՝ մինչև 7 հատ չթխվի, կապված չարը խափանելու հետ։ Հացը գետնին գցելը մեղք է համարվում, պատահելու դեպքում պետք է վերցնես՝ բարձր տեղ դնես։ Հացը հակառակ երեսին դնել չի կարելի։ Աստծուն հաճելի չէ, որ հացը դանակով են կտրում, կարող է բերքն էլ կտրվի։ Հացը սրբություն է, արդարության խորհրդանիշ։ Ոչ հեռու ժամանակներում քահանաները թոնիրը օրհնում էին։ Հացով երդվում էին։
Ղարաբաղյան բարբառով խաղիկների և Գուրգեն Գաբրիելյանի բանաստեղծությունների արտասանությամբ հանդես են գալիս դպրոցականները։ 
Համերգային ծրագիրը բացում է ՙԵրիտասարդական նախաձեռնություն՚ խումբը ՙԳյովընդ-վերվերի՚ ազգագրական պարով (խմբի գեղարվեստական ղեկավար՝ Սարգիս Պարսամյան)։ Հանդես է գալիս նաև ՙՄենք ենք, մեր սարերը՚ երգի-պարի պետական համույթը։ 
Այնուհետև նվերներ են հանձնում հացթուխներին։
Խանցքում մարտի 8-ին իսկական ժողովրդական տոնախմբություն էր՝ հագեցած հացի բույրով, ազգային շուրջպարերով, քեֆ-ուրախությամբ։ 
Հացի տոնին համախմբված, բարձր տրամադրությամբ ու պատասխանատվությամբ էին պատրաստվել խանցքեցիները.
ՙԳյուղն ունի 63 տնտեսություն, 265 բնակիչ։ Հիմնական դպրոցում, որը կրում է զոհված ազատամարտիկ Կառլեն Պողոսյանի անունով, սովորում է 24 աշակերտ։ Զբաղվում ենք առաջին հերթին հողագործությամբ, որի արդյունքն այսօր տեսանք ու վայելեցինք, անասնապահությամբ,- ասում է Խանցքի համայնքի ղեկավար Զորիկ  Հարությունյանը։- Մեզ՝ գյուղի համար ուրախալի է, որ նման տոնը սկիզբ դրվեց այստեղ։ Եվ դա պատահական ու զարմանալի չէ։ Մեր գյուղը տարածքով փոքր է, բայց գործում է մոտ 20 թոնիր, որը խոսում է մեր մարդկանց ավանդապաշտության մասին։ Գյուղում կյանք կա, զարգացող գյուղ է, մեծ հեռանկարներ ունի։ Ամենակարևորը՝ արտագաղթ Խանցքում բոլորովին չկա՚։
Չմոռանանք ընդգծել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ջանքերը. մշակված-հղկված, նպատակամետ էր միջոցառման յուրաքանչյուր դրվագ։ Նշենք, որ նախարարությունը նախատեսել է ազգային ավանդույթների պահպանմանը միտված բազմաբնույթ միջոցառումների շարք, որի մեկնարկը տրվեց Խանցքում։ 
ՙԵրբ հանրապետության Նախագահի հետ այցելեցինք Խանցք, զարմանքով տեսանք, որ գրեթե յուրաքանչյուր տուն պահպանել է թոնրում հաց թխելու ավանդույթը։ Մտահղացվեց գաղափարը և սկիզբ դրվեց մի նոր ավանդույթի, որն ուղղված է մեր ազգային ինքնության պահպանմանը,- ասաց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը։- Հացի պաշտամունքը երևի թե բնորոշ է բոլոր ժողովուրդներին, բայց դրա դրսևորման բնույթը տարբեր է. հայը շատ ասացվածքներ, ավանդույթներ ունի հացի հետ կապված։ Հիշենք թեկուզ այն, որ ղարաբաղցին, երբ ազատվում է փորձությունից, ասում է՝ ՙտեսնես ում եմ մի կտոր հաց տվել՚։ Սրա մեջ մի ամբողջ փիլիսոփայություն կա։ Ես կարծում եմ, այս տոնը կդառնա ավանդական, իհարկե, ժամանակի հարցում փոփոխություն կմտցվի, փառատոնը կտեղափոխենք հնձից հետո, և դա ավելի ճիշտ կլինի՚։
Հացը փառաբանվեց, մեծարվեց, հացի խորհուրդը մեկ անգամ ևս ընդգծվեց։ 
Աղոթք հղվեց առ Աստված, որ գյուղացու հացը կուտանա չդառնա, որ ամբարները՝ լիքը լինեն, արտերը՝ բերքառատ, քարը՝ կանաչի, փուշը՝ վարդ դառնա, չարի ոտքը Արցախից հեռու մնա։
 
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ