[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻ ՇԱՐՔ ԱՅԼ ՀԱՄԵՐԳՆԵՐԻ ՍԿԻԶԲ

Nina4.jpgՄարտի 6-ին Արցախի պետական երգչախումբը` գլխավոր դիրիժոր Նինա Գրիգորյանի ղեկավարությամբ, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում դասական երգչախմբային երաժշտության սիրահարներին մատուցեց հետաքրքիր ծրագրով հագեցած համերգ: 
Առաջին անգամ երգչախմբի կատարմամբ արցախյան բեմում հնչեց լեհ երգահան Կարոլ Շիմանովսկու ՙՍտաբատ մատեր՚ կանտատը, որը հանդիսատեսի կողմից ընկալվեց մեծ հետաքրքրությամբ:
 Մենակատարում էին Նանա Ֆարաշյանը (սոպրանո), Նարինե Ջհանգիրյանը (մեցցո սոպրանո), Կարեն Մկրտչյանը (բարիտոն): Բավականին բարդ ստեղծագործությունը հաջողվեց կատարել հմտորեն՝ առանձին հատվածներում հասնելով մեծ հուզականության, երգչախմբի և մենակատարի միջև զգացմունքի, մտքի ներդաշնակության:  Այդ ամենի ներդաշնակ ընկալմանը մեծապես նպաստեցին ստեղծագործության համար ստեղծված դեկորացիաները, որոնց հեղինակն է նկարիչ-քանդակագործ Առնոլդ Մելիքսեթյանը։
Համերգին հնչեցին նաև ծանոթ ստեղծագործություններ թ՜ե երգչախմբի և թե՜ հանդիսատեսի կողմից սիրված Ֆալիկի ՙԱնծանոթուհին՚, Անդերս Էդենրոթի ՙԽոսքեր՚ երգերը: Ավանդույթի համաձայն՝ համերգի ծրագրի զգալի մասը նվիրված էր Կոմիտասի երգերին: 
Ինչպես նշեց երգչախմբի գլխավոր դիրիժոր Ն. Գրիգորյանը, Շիմանովսկու հոգևոր այդ ստեղծագործության ընտրությունը պայմանավորված է լեհական դասական ժամանակակից երաժշտության հանդեպ մեծ հետաքրքրությամբ: Նա խորապես երախտապարտ էր հանդիսատեսին՝ անսովոր ու բարդ այդ ստեղծագործության ջերմ ընդունելության, երաժիշտների աշխատանքը բարձր գնահատելու համար: Ուրեմն, եզրակացնում է նա, հոգևորի հանդեպ հետաքրքրությունը մեծացել է հանդիսատեսների շրջանում:
Արցախի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավարը խոստովանեց, որ այս համերգը մի շարք այլ համերգների սկիզբ է: Հաջորդող համերգներին կհնչեն  Բախի ՙՍրճային կանտատը՚, իտալացի ուշ միջնադարյան երգահան Պերգոլեզիի օպերաներից մեկը: Իսկ ամռանը սպասվելիք համերգը լիովին կազմված կլինի Կոմիտասի երգերից և նվիրված մեծ երգահանի ծննդյան 145-ամյակին: 
Երախտապարտ հանդիսատեսի գնահատմամբ, Արցախի պետական երգչախմբի հետ ամեն մի հանդիպում հոգեկան  մեծ բավականություն է պարգևում, մեծ արվեստի հետ շփվելու լիցք հաղորդում:
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ