[ARM]     [RUS]     [ENG]

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԻ ԳՈՒՄԱՐԵԼԻՆԵՐԸ

 Մարտի 17-18-ը մայրաքաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոնում երաժշտական և  արվեստի դպրոցների երաժշտության բաժինների աշակերտների և երաժշտական քոլեջի ուսանողների համար անց են կացվել վարպետության դասեր: Տեղեկացնենք, որ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից վերջին տարիներին Արցախ են հրավիրվում բարձրորակ մասնագետներ` շնորհալի երեխաների հետ վարպետության դասեր անցկացնելու նպատակով:

 Այս տարի հրավիրյալի կարգավիճակում աշխարհահռչակ դաշնակահար, պրոֆեսոր Զավեն Պարսամյանն էր: 

Զ. Պարսամյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1991-1995 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: 1995-ին տեղափոխվել է Իսպանիա, դասավանդել Արագոնի բարձրագույն վարպետության դպրոցում, ապա` Սարագոսայի երաժշտության ակադեմիայում: 2000 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ և մինչ այժմ ապրում և համերգային ու մանկավարժական գործունեություն է ծավալում: Հարկ եղած դեպքում մասնավոր դասեր է անցկացնում հրավիրված երկրում:
Երկու օր շարունակ Զ. Պարսամյանն աշխատեց արցախցի շնորհալի երեխաների, պատանիների հետ: Դասերին մասնակցել են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ շրջաններում գործող հաստատությունների աշակերտները, մասնավորապես`  Ստեփանակերտի երաժշտական և արվեստի դպրոցիների, Տողի արվեստի և Մարտունու երաժշտական դպրոցների դաշնամուրի բաժինների սաները: Վարպետության դասերին մասնակցել ցանկացողների թիվը բավականին մեծ էր, ուստի ամեն մեկի հետ պրոֆեսորը պարապում էր որոշակի ժամանակահատված: Զավեն Պարսամյանին խնդրեցինք ամփոփել երկօրյա աշխատանքի արդյունքները:
- Արդյունավետության մասին այդ երեխաների դասատուները պետք է ասեն: Ես իմ  աշխատանքն արեցի:
- Իսկ Դուք ի՞նչ բավարարվածություն ստացաք այդ երեխաների հետ աշխատելուց:
- Երեխաների հետ պարապելն ինձ համար միշտ հաճելի է, դա իմ մասնագիտությունն է: Հաճույքը կախված է, իհարկե, երեխաների ընդհանուր մակարդակից: Չեմ կարող ասել, որ շատ արդյունավետ անցան դասերը: Մեծ պրոբլեմներ կան երեխաների մոտ պրոֆեսիոնալիզմի առումով, ինչը ցանկալի կլիներ հաղթահարել, բարձրացնել նրանց պրոֆեսիոնալ մակարդակը:
- Ես նստում էի Ձեր դասերին: Շատ մեծ ուշադրություն էիք հատկացնում ձեռքերի դրվածքին: Այսինքն, հիմնական խնդիրը Դուք տեսնում եք ձեռքերի սխալ դրվածքո՞ւմ...
- Ձեռքերի դրվածքն, իհարկե, հիմնական խնդիրներից մեկն է, բայց դա էական չէ այդ մասնագիտությունը ձեռքբերելու հետ կապված բազում խնդիրների մեջ: Դա խնդիրների համալիր է՝ սկսած երաժշտության ընկալումից, վերջացրած ֆիզիոլոգիայով, և դրանք իրար հետ փոխկապակցված են:
- Երկու օր պարապելով հնարավո՞ր է գոնե ինչ-որ չափով հաղթահարել այդ խնդիրները:
- Ոչ, իհարկե: Բայց այդ երկու օրվա աշխատանքը կարող է ինչ-որ չափով օգուտ տալ դասատուներին, ովքեր այդ դասերից ավելին կարող են քաղել և արդեն իրենք,  աշխատելով երեխաների հետ, շտկեն իրավիճակը: Ասեմ, ես ձգտում եմ ավելի շատ աշխատել դասատուների հետ, նույնիսկ` կոնսերվատորիայի: Օրինակ՝ Իսպանիայում ինձ հրավիրեցին դասախոսություններ կարդալ, ինչպես և գործնական աշխատանք տանել դասատուների հետ: Այ դա շատ ավելի արդյունավետ է, քան երեխաների հետ աշխատելը: Աշակերտի հետ մեկ կամ կես ժամ պարապելն այն արդյունքը չի տա: Պարզապես դա մի հնարավորություն է` ծանոթանալու երեխաների մակարդակի հետ:
- Գուցե մյուս անգամ դասատուների հե՞տ պետք է անցկացնել այդ դասընթացները:
- Հնարավոր է և այդպես: Ես իմ առաջարկությունները կանեմ նախարարի հետ հանդիպման ժամանակ:
- Իսկ ի՞նչ առաջարկություններ կանեիք:
- Նախ` դասատուների համար դասընթացներ անցկացնել` որակավորումը  բարձրացնելու նպատակով: Շատ եմ կարևորում դա: Եվ, ընհանուր առմամբ, Արցախի հետ կապված՝ կառաջարկեի այստեղ բացել բարձրագույն ուսումնական հաստատություն: Անպայման չէ դա լինի Երևանի կոնսերվատորիայի մասնաճյուղը: Թող դա անվանվի երաժշտության բարձրագույն  դպրոց կամ նմանատիպ մի անվանում: Որքան գիտեմ, դրսում սովորողները գրեթե չեն վերադառնում:
- Ցավոք, դա այդպես է: Հիմնականում չեն վերադառնում:
- Բայց որ այստեղ կատարելագործման հասնեն, բնականաբար, կմնան, ուրեմն և՝ լավ կադրերն օր օրի կշատանան:
- Չե՞ք կարծում, որ նման բարձրագույն դպրոցի համար լավ մասնագետներ են պետք, որոնք պետք է հրավիրվեն և ապահովվեն անհրաժեշտ պայմաններով:
- Հա, բայց նման կարգի դժվարությունները կարելի է լուծել: Դրանք լուծվող հարցեր են, եթե ճիշտ մոտեցում, ընկալում ու ցանկություն լինեն:
- Մի խոսքով, պատրա՞ստ եք շարունակել համագործակցությունը։ 
- Այո, մեծ հաճույքով:
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ