[ARM]     [RUS]     [ENG]

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ

Ստեփանակերտի  Ա. Ղուլյանի անվան հ. 2 հիմնական դպրոցը գարնանային արձակուրդների այս օրերին վերածվել է ուսուցիչների կրթարանի: Առավոտից կարելի է տեսնել այստեղ շտապող հարյուրավոր ուսուցիչների: Նրանք հանրապետության հանրակրթական  բոլոր դպրոցների մանկավարժներ են, որոնք մասնակցում են նախաատեստավորման վերապատրաստման դասընթացներին: 
ԼՂՀ կրթության և գիտության նախարարության որոշմամբ՝ ամեն տարի հանրապետության դպրոցների ուսուցիչների 20 տոկոսն անցնում է նախաատեստավորման վերապատրաստումներ: Արդեն երեք տարի է` գործընթացը գնում  է:  Դասընթացներն անցկացնում են ՀՀ ԿԳՆ կրթության  ազգային ինստիտուտի (ԿԱԻ) մասնագետները: Վերապատրաստող  խմբի ղեկավար Գրիգոր Առստամյանի տեղեկատվությամբ` այս տարի մի քանի խմբերում  դասընթացները վարում են նաև ԿԱԻ Արցախի մասնաճյուղի աշխատողները: Ընդհանուր առմամբ` վերապատրաստումներն  անցկացվում են 12 առարկաների գծով` 28 խմբերում: Հայաստանյան մասնագետների շարքում դասագրքերի հեղինակներ են, ինչպես` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Այվազյանը, գիտությունների թեկնածուներ,  ուրիշներ:  
Խմբի ղեկավարի խոսքերով` վերապատրաստումների ցուցակներում ընդգրկված 730 ուսուցիչները գրեթե ապահովում են հարյուրտոկոսյա մասնակցություն: Վերապատրաստումներն ընթանում են երեք ուղղությամբ. առարկայական-մասնագիտական` 60ժամ, տեղեկատվական տեխնոլոգիաներ` 12 ժամ, օրենսդրություն` 8 ժամ: 
Վերապատրաստումներին հաջորդում է ատեստավորումը, որը կատարվում է պարզ ընթացակարգով. համապատասխան հանձնաժողովը փաստաթղթային ուսումասիրությունից հետո ընդունում է որոշում` ՙհամապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՚ կամ` ՙչի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՚: Այստեղ գլխավորապես հաշվի է առնվում ուսուցչի  մասնագիտական համապատասխանությունը դասավանդվող առարկային, բարձրագույն կրթություն ունենալը: Նշենք, որ նախարարության որոշմամբ՝  ոչ բարձրագույն կրթություն ունեցողներին դպրոցում թույլատրվում է աշխատել մինչև  2018 թվականը: Ովքեր չունեն համապատասխան կրթություն, այդ ընթացքում պետք է ստանան: 
Ատեստավորումից հետո ուսուցիչները հնարավորություն ունեն որակավորման տարակարգ ստանալ: Դա կատարվում է կամավորության սկզբունքով : Որոշում ընդունողը հանրապետական հանձնաժողովն է, որը  դարձյալ տվյալ ուսուցչի փաստաթղթերի հիման վրա նրան շնորհում է առաջին, երկրորդ, երրորդ կամ չորրորդ աստիճանի տարակարգ: Հիմք են հանդիսանում մի շարք բնութագրիչներ. կարևոր դեր են խաղում ուսուցչի  վարպետության մակարդակը,  վաստակը և ըստ այդմ` պետական կոչումներ կամ պարգևներ ստացած լինելը, դասագրքաստեղծ հանձնաժողովում ընդգրկված լինելը,  նախարարության երաշխավորությամբ տպագրված ուսումնական ձեռնարկի, ուսումնաօժանդակ նյութի կամ գիտամանկավարժական աշխատության հեղինակ կամ համահեղինակ  լինելը,  ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից հաստատված հանդեսներում գիտամանկավարժական  հոդված ունենալը, Կրթության պետական տեսչության կամ արտաքին ստուգման արդյունքներով լավ գնահատականի առկայությունը, ԿԳՆ մրցույթներում կամ առարկայական մրցույթներում մրցանակային տեղ գրավելը և այլն: Որակավորման  առաջին տարակարգի համար պարտադիր է ունենալ չափորոշիչներից առնվազն երկուսը,  երկրորդի դեպքում` չորսը, երրորդի դեպքում` վեցը, չորրորդի դեպքում` բոլորը: Առաջին աստիճանի տարակարգ ստացած ուսուցիչը ստանում է հավելավճար աշխատավարձի 10, երկրորդի դեպքում` 20, երրորդի դեպքում` 30, չորրորդի դեպքում՝ 50 տոկոսի չափով: Նշենք, որ անցած երկու վերապատրաստումներից հետո շատ քիչ թվով ուսուցիչներ են դիմել տարակարգ ստանալու հարցով:    
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ