[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՙԿԵՆԳՈՒՐՈՒ՚-2014-Ը

999.jpgՄարտի 27-ը ՙԿենգուրու՚-2014-ի օրն էր: Դպրոցական  մաթեմատիկական  այս մրցույթն  ամբողջ աշխարհում անցկացվում է  մարտի  վերջին հինգշաբթի օրը: Արդեն 6-րդ տարին Հայաստանում և 5-րդ տարին Արցախում ՙԱյբ՚ կրթական հիմնադրամը  կազմակերպում և անցկացնում է աշխարհի ամենասիրված դպրոցական մրցույթը: Շուրջ 44200 աշակերտ է մասնակցել ՙԿենգուրու՚-2014-ին, որոնցից 1980-ը` Արցախից: 
ԼՂՀ կրթության և գիտության փոխնախարար Միքայել Համբարձումյանի տեղեկատվությամբ՝ այս տարի շուրջ 200-ով ավելացել է արցախցի մասնակիցների թիվը, նաև աշխարհագրությունն է ընդլայնվել: Մասնակիցների կեսը մայրաքաղաքի դպրոցականներ են, մյուս մասը` շրջաններից: 
Մասնակցել են 3-12-րդ դասարանների երեխաները` հինգ տարիքային խմբերում: Մասնակիցների մեծ խտությունը 3-րդ-6-րդ դասարաններում էր: Ինչպես նախատեսված է մրցույթի կանոնակարգով, բոլորին բաժանվել են փոքրիկ հուշանվերներ:          
Մասնակիցների լրացրած պատասխանի թերթիկները ստուգվելու են ՙԱյբ՚ հիմնադրամում` համակարգչային հատուկ ծրագրի  օգնությամբ: Մեկ ամսից մրցույթի խնդիրներն ու ճիշտ պատասխանները կհրապարակվեն համապատասխան կայքերում:  Յուրաքանչյուր դպրոց մայիսի առաջին կեսին կստանա հաշվետվություն իր աշակերտների արդյունքների մասին: Իսկ նույն ամսվա վերջին Ստեփանակերտում տեղի կունենա արդյունքների ամփոփում և մրցանակաբաշխություն:
Լավագույն արդյունքներ ցույց տվածները կարժանան պատվոգրի և մրցանակների: Իսկ հաղթողները ստանում են գլխավոր մրցանակը` արժեքավոր նվեր կամ ՙԿենգուրու առանց սահմանների՚ միջազգային ասոցիացիայի անդամ որևէ եվրոպական  երկրում կազմակերպվող ամառային ճամբարի ուղեգիր: Նշենք, որ անցած տարիներին հաղթողները եղել են ՀՀ-ից:
Ավելացնենք, որ երեխաները կարող են ինքնուրույն պարապել և զարգացնել իրենց մաթեմատիկական ունակությունները` ձեռքի տակ ունենալով ՙԿենգուրուի՚ խնդրագրքերը, որոնք ներառում են 2008-2012թթ. խնդիրներն իրենց լուծումներով:        
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ