[ARM]     [RUS]     [ENG]

ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՆՇՎԵՑ ՆՈՐ ԲԵՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ

Մարտի 27-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես  Թատրոնի միջազգային օր: Տեղեկացնենք, տոնն այդ սկսել են նշել 1961 թվականին, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատրոնի ինստիտուտը մարտի 27¬ը հռչակեց Թատրոնի միջազգային օր: Առաջին անգամ տոնը նշվել է Ֆրանսիայում, որից հետո տարածվել է ողջ աշխարհում:
Վերջին տարիներին տոնը նշվում է նաև Արցախի մայր թատրոնում, գրեթե ամեն անգամ` նոր բեմադրությամբ: Նաև այս տարի, ըստ ավանդույթի, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան  պետական դրամատիկական թատրոնը նշեց իր մասնագիտական տոնը նոր բեմադրությամբ, որի առաջնախաղը տեղի է ունեցել մարտի 27-28¬ին: Այն տեղի կունենա նաև մարտի 30-ին:
Աշխարհահռչակ իտալացի դրամատուրգ, դերասան, ռեժիսոր Էդուարդո դե Ֆիլիպոյի ՙԾննդյան տոները սինյոր Կուպյելոյի տանը՚ պիեսը գրավեց Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի շրջանավարտ Ռուզաննա Խաչատրյանի ուշադրությունը: Արվեստ և կենցաղ,  ամենազոր դրամ ու անմնացորդ նվիրում, սիրո ու պարտքի զգացում. ո՞րն է  ճշմարիտը, որի՞ն պետք է մարդը հենվի, որպեսզի ապրի լիարժեք կյանքով: Պատասխանը միանշանակ չէ, կյանքն էլ հակասական է: Եվ հեղինակի պիեսում հնչեցրած այս խնդիրներն սկսնակ ռեժիսորը փորձեց լուծել բեմում: Տեղեկացնենք, դա իր դիպլոմային աշխատանքն է: Թե որքանով դա նրան  հաջողվեց՝ կվկայեն առաջնախաղի քննարկումները: Համենայն դեպս, երիտասարդ հանդիսականը ջերմորեն  ընդունեց իր հասակակիցների միասնական աշխատանքը:
Ուրախությամբ նշենք, որ այսօր թատրոնում երիտասարդ ուժերը բավականին շատ են: Եվ բեմադրությունից բեմադրություն ակնհայտորեն աճում է նրանց դերասանական վարպետությունը, ինչը հույս է ներշնչում, որ չնայած թատրոնում այսօր առկա բազմաթիվ դժվարություններին, խնդիրներին, օջախն այդ դուրս կգա ճգնաժամից ու վերելք կապրի:
Պիեսում ընդգրկված է երիտասարդ դերասանների մի  ստվար խումբ: Տանտիրոջ՝  գլխավոր հերոս, տիկնիկագործ Լուկա Կուպյելոյի դերը խաղում է փորձառու դերասան Մարտին Ալոյանը: Մնացած դերերը խաղում են երիտասարդ դերասանները. Կոնչետա` Նունե Դավթյան, Նենիլո` Դավիդ Ղահրամանյան, Նինուչա` Մարիա Խաչատրյան, Նիկոլա` Էդուարդ Դավթյան, Պասկուալինո` Գենադի Առուշանյան, Վիտտորինո Էլիա` Աշոտ Սարգսյան, բժիշկ` Արցախ Տեփնանց, Կարմելա` Մարիաննա Գրիգորյան:  Գուցե դերակատարների միջև անսամբլային ներդաշնակությունն էր պակասում: Բայց հուսանք, որ մենք` հանդիսատեսներս, ականատես եղանք առաջնախաղի առաջին օրվա խաղին ու դեռ ամեն ինչ առջևում է: 
Տեղեկացնենք նաև, որ բեմադրող ռեժիսորը հանդես եկավ այս պիեսում նաև որպես երաժշտական ձևավորող: Նրան օգնեցին նկարիչ-ձևավորող Անտոն Քեշիշյանը և ռեժիսորի ասիստենտ Գենադի Առուշանյանը:
zԹատրոնի մասնագիտական օրը արժե խոսել ևս մեկ երևույթի մասին: Դահլիճն առաջնախաղին գրեթե ամբողջությամբ լեցուն էր: Ուրեմն, հետաքրքրությունը թատերական արվեստի հանդեպ հանդիսատեսների շրջանում զգալիորեն աճել է: Կարծում ենք, դա պետություն-թատրոն համագործակցության արդյունքն է, համագործակցույթուն, որ վերջին տարիներին ավելի աշխույժ ու արդյունավետ է ընթանում: 
 
;