[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՆՈՐ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՆ

l.jpgՄարտի 22-23-ը Ղազախստանի Ակտաու քաղաքում տեղի ունեցավ Կիոկուշին կարատե-դո-ի պատանիների աշխարհի առաջնությունը, որին մասնակցեցին նաև արցախցի մարզիկներ Արման Սարգսյանը, երկվորյակ եղբայրներ  Գոռ  և Գառնիկ Ադամյանները՝ մարզիչ Արթուր Առուշանյանի գլխավորությամբ։ 
Հանդես բերելով տեխնիկական ու տակտիկական բարձր հմտություններ՝ մեր մարզիկներից Արման Սարգսյանը՝ 14-15 տարեկանների տարիքային խմբի 55 կգ քաշային կարգում, իսկ Գոռ Ադամյանը՝ 16-17 տարեկանների տարիքային խմբի 60 կգ քաշային կարգում, գրավեցին 2-րդ տեղը՝ բարձր պահելով հայրենիքի  պատիվը։
Հաղթանակած մարզիկներին Վերածննդի հրապարակում հանդիսավորությամբ դիմավորեցին Ստեփանակերտի մարզադպրոցի սաները, մարզիչներն ու հարազատները։ 
Մարզիչ Արթուր Առուշանյանը գոհ է իր մարզիկների արդյունքներից։ ՙՅուրաքանչյուր առաջնություն նոր մեկնարկ է լավագույնին հասնելու համար,- ասում է մարզիչը։- Մեր մարզիկները տրամադրված էին մարտականորեն։ Նրանցից երկուսն առաջին անգամ են մասնակցում միջազգային առաջնության՚,- ասաց Արթուր Առուշանյանը՝ նշելով, որ Գոռ Ադամյանը անցյալ տարի ևս մասնակցել է աշխարհի առաջնությանը, բայց մենամարտել է իր քաշային կարգից երկու կարգ բարձր մարզիկի հետ։ Դա արվել է ավելի շատ փորձի ձեռքբերման և ոչ թե մրցանակային տեղի համար։  
Մարզչի հավաստմամբ՝ ծանր ու դժվարին պայքար է եղել Ղազախստանում անցկացված աշխարհի առաջնությունում. երկու տարիքային խմբում հայտագրված էր 150 մարզիկ՝ 40 երկրից։  Ա. Սարգսյանն անց է կացրել 4 մենամարտ։ Չնայած առաջին մրցակիցն Արմանից բարձրահասակ էր ու նաև 17 կգ-ով ծանր, այնուհանդերձ մեր մարզիկը կարողացավ նրան նոկդաունի ենթարկել։ Իսկ կիսաեզրափակիչում նույն բախտին արժանացրեց նաև ադրբեջանցի մարզիկին։ Գոռ Ադամյանը 5 մենամարտից 4-ն ավարտեց հաղթանակով։ Երրորդ մրցակիցը ադրբեջանցի էր, որին էլ նոկաուտի ենթարկեց։ 
Արցախի թիմի մարզիչը հպարտությամբ է նշում, որ Ադրբեջանի հավաքականը՝ ներկայացնելով 15 մարզիկ, կարողացել է ընդամենը գրավել մեկ երրորդ տեղ, իսկ Արցախի երեք հոգանոց թիմն արժանացավ երկու մրցանակի՝ երկուսն էլ 2-րդ տեղ, նվաճել արծաթե մեդալներ։    
Մեր երրորդ մարզիկը՝ Գառնիկ Ադամյանը, իսպանացի և գերմանացի մարզիկների հետ անցկացրած մենամարտերից (հաղթել է երկուսին էլ) հետո դուրս է եկել մրցապայքարից՝ կողերի վնասվածք ստանալու պատճառով։ Նա արժանացել է առաջնության ՙԿամքի ուժ՚ մրցանակին։ 
 Չնայած արցախցի մարզիկները հանդես են եկել Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո, այնուամենայնիվ, բարձրացվել է նաև ԼՂՀ պետական դրոշը (ի հեճուկս մեր հարևանների)։
Արցախցի մարզիկները պարգևատրվել են մեդալներով, համապատասխան գավաթներով և հավաստագրերով։ Իսկ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները նրանց  նվերներ են մատուցել։ Օտար երկրում ևս մեր մարզիկները երկրպագուների պակաս չեն ունեցել։ ՙՄեզ անչափ ջերմ է ընդունել տեղի հայ համայնքը, -ասաց Արթուր Առուշանյանը։- Ակտաու քաղաքում շատ հայեր կան, հատկապես՝ ղարաբաղցիներ։ Մենք մեզ զգում էինք այնպես, ինչպես մեր սեփական տանը՚։
Ավելացնենք, որ Արցախի կիոկուշին կարատե դո-ի հավաքականը ապրիլի 6-ին կմասնակցի Հայաստանի առաջնությանը, իսկ մայիսին Հունաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն վերոնշյալ երեք մարզիկներն ու մարզիչը. Արթուր Առուշանյանը հանդես կգա Եվրոպայի մեծահասակների առաջնությունում։ 
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ