[ARM]     [RUS]     [ENG]

ՆՎԱՃԵԼ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ ԵՎ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐՈՒՄ ԾԱԾԱՆԵԼ ՄԵՐ ԵՌԱԳՈՒՅՆԸ

1.jpgՀարցազրույց ձյուդոյի ՀՀ բազմակի չեմպիոն, սամբոյի ՀՀ չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի և աշխարհի սամբոյի առաջնության բրոնզե մեդալակիր Սոսե ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ։
-Սոսե, նախ շնորհավորում ենք մարզական քո բոլոր հաջողությունները, հատկապես վերջին՝ Իտալիայում սամբոյի եվրոպայի և Սանկտ  Պետերբուրգում՝ սամբոյի աշխարհի առաջնություններում նվաճած բրոնզե մեդալների կապակցությամբ։ Ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիր պարապել ձյուդո, սամբո մարզաձևով և տարեցտարի հաջողություններ արձանագրել։ 
- Նախ՝ նշեմ, որ ավարտել եմ Ստեփանակերտի Հ. Բալասանյանի անվան հ. 5 դպրոցը ու մինչև հիմա էլ կապված եմ այդ կրթօջախին, ուսուցիչներին։ Թերևս դպրոցն ինձ համար ամենահարազատ վայրերից մեկն էր, որովհետև դասերից հետո ես այստեղ իմ համադասարանցի Գոռ Ազիզբեկյանի հետ, ով ձյուդոյի մարզիչ Իվան Ազիզբեկյանի որդին է, սկսեցի հաճախել ձյուդո մարտարվեստի պարապմունքներին։ 12 տարեկան էի, երբ Գոռը, տեսնելով իմ ֆիզիկական տվյալները՝ ճկունությունը, ուժը,  խորհուրդ տվեց մասնակցել ձյուդոյի պարապմունքներին։ Հենց առաջին օրերից էլ ձյուդոն ինձ դուր եկավ, ու արդեն 10 տարի է, ինչ պարապում եմ այս մարզաձևով։ Մինչև ձյուդոն ես ակտիվորեն մասնակցում էի դպրոցում կազմակերպվող աթլետիկական, հատկապես վազքի մրցումներին, ՙԱրծվիկ՚ ռազմամարզական խաղերին, ԼՂՀ փրկարար ծառայության կողմից կազմակերպվող մրցաշարերին և ամեն անգամ դպրոցին բերում էի մեդալներ, գովասանագրեր։ Իսկ արդեն պարապելով ձյուդո մարտարվեստով՝ սկսեցի մասնակցել սամբոյի առաջնություններին, ու քանի որ ձյուդոյով զբաղվում էին հիմնականում տղաները, աղջիկ հակառակորդ չունեի, գուցե այդ պատճառով էլ ավելի կոփվեցի և կարողացա Եվրոպայի և աշխարհի առաջնություններում զբաղեցնել մրցանակային տեղեր։ 
- Իսկ արտերկրի ամենաառաջին հաղթանակդ ե՞րբ նվաճեցիր։
- 2006թ. Վրաստանում կայացած՝ դեռահաս աղջիկների ձյուդոյի միջազգային մրցաշարում արձանագրվեց իմ առաջին մեծ հաղթանակը, որի տպավորությունները մինչև օրս թարմ են, որովհետև գոտեմարտերում հաղթեցի 2 թուրքի և 1 ազերու, բայց Վրաստանի մարզուհուց պարտվեցի և զբաղեցրի 2-րդ տեղը։ Մեր դպրոցում ինձ դիմավորեցին մեծ ոգևորությամբ, և դրանից հետո էլ ավելի եռանդով շարունակեցի պարապել մարտարվեստով։ Իսկ հետագայում՝ 2012-ին, առաջին անգամ մասնակցեցի սամբոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը և գրավեցի 3-րդ տեղը։ Այնուհետև Մինսկում կայացած սամբոյի աշխարհի առաջնությունում զբաղեցրի 5-րդ տեղը։ Ամենամեծ մրցաշարերից մեկն էլ, որին ես մասնակցել եմ,  2013թ. Կազանում կայացած Ունիվերսիադան էր, որտեղ զբաղեցրել եմ 5-րդ տեղը։ Ու դրանից հետո ես նպատակ դրեցի դառնալ աշխարհի չեմպիոն։ Ես կոչ կանեի արցախցի մեր բոլոր երիտասարդներին զբաղվել որևէ մարզաձևով, կոփել իրենց մարմինը, որ ֆիզիկապես լինեն պատրաստ, արժանի հայրենյաց պաշտպաններ ու նաև նպատակադրվեն Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճել մրցանակային տեղեր։ 
- Իսկ ծնողներդ ինչպե՞ս էին վերաբերվում քո ընտրությանը, չէ՞ որ դու դեռ դեռահաս էիր,  ու նրանք թերևս  այլ ծրագրեր ունեին՝ կապված քո ապագայի հետ։ 
- Այո, մայրս սկզբից չէր ուզում, որ ես մասնակցեի պարապմունքներին, մրցումներին, որովհետև ինչ-որ տեղ դասերս չէի հասցնում, ու, բնականաբար, նա ուզում էր, որ ես ավելի շատ ուսմանը ուշադրություն դարձնեմ, բայց դա արդեն իմ որոշումն էր, և նույնիսկ ծնողներիցս գաղտնի երկու ամիս պարապեցի ձյուդոյով։ Հետագայում նրանք համակերպվեցին, իսկ հիմա արդեն իրենք են ինձ ոգեշնչում, որ շարունակեմ պարապել և  նվաճեմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը և մեր եռագույնը բարձրացնեմ օլիմպիական բարձունքներում։ Ես չեմ մոռանա նաև մեր դպրոցի վերջին զանգի արարողությունը, երբ բոլորն էլ իրար բարեմաղթանքներ էին հղում, և իմ հուշատետրում առաջինը շտապեց բարեմաղթանքի խոսքեր գրել մեր դպրոցի տնօրենը, հետո՝ ուսուցիչներն ու աշակերտները, որոնք հիմնականում մեկ բարեմաղթանք ունեին, այն է՝ որ դառնամ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր և Արարատի գագաթին ծածանեմ մեր եռագույնը։ Եվ ահա այս ամառ նախատեսում եմ ընդգրկվել հայաստանյան արշավախմբերից մեկին, որ նրանց հետ միասին բարձրանանք Արարատի գագաթը։ 
- Փաստորեն աստիճանաբար քո երազանքներն ու ցանկություններն ի կատար են ածվում։ Իսկ ե՞րբ սկսեցիր առավել լրջորեն պարապել ձյուդոյով։ 
- Այո, իհարկե, և դա ինձ էլ ավելի է ոգևորում եռանդագին պարապել։ Գիտե՞ք, ես հենց առաջին օրվանից լրջորեն էի մոտենում ձյուդո մարտարվեստին։ Դրանից առաջ  զբաղվում էի նաև մարմնամարզությամբ (գիմնաստիկա), ցանկություն կար զբաղվել կարատե մարզաձևով, բայց հայրս չհամաձայնվեց, ու քանի որ մեզ մոտ  մարմնամարզության պարապմունքներ չկային, ես որոշեցի զբաղվել ձյուդոյով։ Ու հենց առաջին օրվանից էլ պարապում էի լրջորեն։ Փառք Աստծո, ես սամբոյում էլ հասա հաջողությունների։ 2013 թվականին Սանկտ Պետերբուրգում կայացած` աղջիկների և տղաների սամբոյի աշխարհի առաջնությունում, որում ընդգրկված էին 75 պետությունների ներկայացուցիչներ, ես գոտեմարտեցի 5 հակառակորդի հետ, որից 4-ին հաղթեցի, իսկ 5-րդի (բուլղարացի) հետ հավասար միավորներով հանդես եկա, բայց հաղթանակը տվին բուլղարացուն, ու ես զբաղեցրի 3-րդ տեղը։ Դա շատ մոտ էր ոսկե մեդալին, ու ես կձգտեմ, որ սամբոյի աշխարհի հաջորդ առաջնությանը, որ կկայանա այս տարվա նոյեմբերին Ճապոնիայում, արժանվույնս հանդես գալ, չէ՞ որ Ճապոնիան նաև ձյուդո մարտարվեստի հայրենիքն է։ Ի դեպ՝ երբ Սանկտ Պետերբուրգում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ էի նվաճել, իմ քաշային կարգում պարգևատրողը Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի նախագահն էր։ Նրա ծիծաղելիորեն զարմացած դեմքն եմ հիշում, երբ ձեռքիս տեսնելով Արցախի Հանրապետության պետական դրոշը` իրեն կորցրեց եւ մեդալը տալուց հետո ծաղիկները չտվեց: Նրան դիտողություն անելուց հետո նոր միայն տվեց ծաղիկները:
Ուզում եմ տեղեկացնել, որ ընդգրկվել եմ Հայաստանի հավաքականի կազմում և կանեմ ամեն ինչ՝ բարձրացնելու մեր ազգի  պատիվը։ Եռանդով պատրաստվում եմ Վրաստանում եւ Թուրքիայում կայանալիք ձյուդոյի աշխարհի գավաթի առաջնություններին, որտեղ հաջողության հասնելու դեպքում կմասնակցեմ 2016թ. Բրազիլիայում կայանալիք  ամառային օլիմպիադային:
- Իսկ որպես աղջիկ, դժվա՞ր չէ քեզ համար անգամ տղաների հետ գոտեմարտել նման մարզաձևերում։ 
- Դժվարություններ, իհարկե, կան, բայց եթե մարդ սիրում է պայքարել, ամեն ինչ անում է, որ բոլոր խոչընդոտներն ու դժվարությունները հաղթահարի, որովհետև դժվարություններից հետո սպասվում է հաղթանակ։ 2009 թվականից աշխատում եմ նաև որպես մարզիչ, շատ եմ սիրում իմ գործը և մեծ ուրախությամբ ու նվիրվածությամբ եմ կատարում այն։ Արդեն երկրորդ տարին է՝ Ստեփանակերտի հ. 11 ավագ դպրոցում ֆիզկուլտուրա եմ դասավանդում և ուրախ եմ, որ իմ ուսուցիչների հետ մեկտեղ շարունակում եմ նրանց գործը։
Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ դպրոցի ուսուցիչներին, մաղթել նրանց ամենալավն ու բարին, որ խաղաղության ներքո շարունակեն ուսուցանել ու դաստիարակել լավ սերունդ, մեր ազգի համար պիտանի մարդիկ, որովհետև ընտանիքից հետո երեխաները դպրոցում են ստանում լիարժեք դաստիարակություն։ Երախտագիտության խոսք եմ ուզում հղել նաև ձյուդոյի իմ  մարզիչ Իվան Ազիզբեկյանին, ով ջանք ու եռանդ չի խնայում պարապելու ու պատրաստելու առողջ և կոփված սերունդ, դաստիարակելու հայրենասեր մարզիկներ։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ