[ARM]     [RUS]     [ENG]

ԾԱՌԱՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿՀԱՂԹԱՀԱՐՎԵՆ ՀԱՄԱՏԵՂ

 Արցախի պետական համալսարանի գիտխորհրդի հերթական նիստը, որ կայացավ մայիսի 30-ին, սովորականներից չէր և այլ ձևաչափ ուներ. նիստին ներկա  էր Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի գլխավորությամբ։ Նպատակը՝ փոխգործակցության պայմանագիր ստորագրելը, երկու բուհերի միջև համագործակցությունը սերտացնելն ու այդ ուղղությամբ նոր քայլեր ձեռնարկելն էր։ 

Ողջունելով ներկաներին՝ Արցախի մայր բուհի ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ ԱրՊՀ ղեկավարության առաջարկն ընդունելու և հիշյալ նպատակով այստեղ ներկայանալու համար։ ՙԱրցախի մայր բուհը կարևորում է տարբեր երկրների առաջատար բուհերի հետ համագործակցությունը՝ կրթական, գիտական և մշակութային ոլորտներում,- ասաց Մ. Մինասյանը։- Ներկայումս ԱրՊՀ-ն գործակցության երկու տասնյակից ավելի պայմանագրեր ունի ստորագրած, որոնց հիմքում դրված են բուհի զարգացման առաջնահերթ խնդիրները։ Ուրիշ է, սակայն, Վանաձորի պետական համալսարանի հետ գործակցությունը. այն բխում է ոչ միայն վերոնշյալ առաջնահերթություններից, այլ նաև Արցախի համալսարանականների սրտից։ ԱրՊՀ դասախոսներն ու նախկին ուսանողները չեն մոռանում այն առաքելությունը, որ մեր ժողովրդի համար ծանր ու դժնդակ տարիներին՝ 1988-ին կատարել է Վանաձորի՝ նախկին Կիրովականի մանկավարժական ինստիտուտը՚։

ԱրՊՀ ռեկտորը կարևորեց ոչ միայն փոխգործակցության փաստաթուղթը, այլև հետագայում իրականացվելիք միջոցառումները, որոնք պետք է բխեն այդ պայմանագրից։ Շատ կարևոր է նաև այդ հարցում յուրաքանչյուրի դերակատարությունը՝ լինի դասախոս, թե ուսանող։ Ուստի հաստատության ղեկավարը բոլորին կոչ արեց ակտիվ համագործակցության, որից կշահի ընդհանուր գործը։

Ողջույնի խոսք ասաց և նոր հիմքերի վրա դրվող համագործակցությունը կարևորեց ԼՂՀ կրթության և գիտության փոխնախարար Արմեն Սարգսյանը։ Նրա խոսքով՝ բուհական գործընթացում խիստ կարևոր է ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսների ակադեմիական շարժունությունը, ինչը շատ հաճախ չի ընդգրկվում բուհերի հետ կնքվող համաձայնագրերում։ Լուրջ համագործակցություն և արդյունավետ աշխատանք մաղթելով կողմերին՝ փոխնախարարը հույս հայտնեց, որ այս հանգամանքը հաշվի կառնվի Վանաձորի պետական համալսարանի հետ ստորագրվող փաստաթղթում, և կապերն այդ բուհի հետ, որ եղել են անցյալում, էլ ավելի կխորանան։ 

Վանաձորի համալսարանի ղեկավարությանն ու կոլեկտիվին երախտագիտություն հայտնեցին և իրենց հիշողություններից պատառիկներ ներկայացրին ԱրՊՀ մանկավարժության ֆակուլտետի դեկան Արզիկ Մխիթարյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, ովքեր ապրել են իրենց բաժին հասած դժվարությունները Կիրովականում գտնվելու տարիներին։

Արցախի Հանրապետության կայացման գործում մեծ է Վանաձորի պետական համալսարանի խորհրդի նախագահ Հենրիկ Քոչինյանի ներդրումը, ով շուրջ 40 տարի աշխատել է բուհական համակարգում, եղել է ՀՀ տրանսպորտի նախարար։ ՙԻնձ համար հաճելի է գտնվել Արցախում,- ասաց Հ. Քոչինյանը։- 90-ականներին հաճախ էի գալիս այստեղ, և այն, ինչ արել եմ՝ պարտավոր էր անել յուրաքանչյուր հայ։ Այսօր բոլորիս երազանքը կայուն խաղաղության հաստատումն է Արցախում՚։ Նա ցավով նշեց, որ ներկա ժամանակներում նվազել է սերը կրթության հանդեպ, բայց, այդուհանդերձ, պետք է գիտակցել, որ թե՜ Հայաստանում և թե՜ Արցախում փրկության օղակը գիտելիքն է։ 

Ինչ վերաբերում է համալսարանների միջև հաստատվող կապերին՝ Հ. Քոչինյանն ասաց, որ  իրենք պատրաստ են աջակցել, իրենց փոխգործակցությամբ նպաստել Արցախի մայր բուհի զարգացմանը։  

Իր ելույթում Վանաձորի համալսարանի ռեկտորը հավաստիացրեց, որ միանշանակ կկատարվեն պայմանագրում ներառված բոլոր պարտավորությունները։ ՙԱյն մարտահրավերներն ու խնդիրները, որոնք այսօր ծառացած են բուհերի առջև, պետք է հաղթահարենք միասին։ Գիտելիքակենտրոն և ուսանողակենտրոն համակարգին լծվելը շատ պատասխանատու գործ է, և համոզված եմ, որ մեր համագործակցությունը կտա իր դրական պտուղները՚,- ասաց ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը։

Եկավ հանդիսավոր պահը. ԱրՊՀ  ռեկտոր Մանուշ Մինասյանը և Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը ստորագրեցին փոխգործակցության պայմանագիրը և որպես բարի ավանդույթի առհավատչյա՝ հուշանվերներ փոխանակեցին։ 

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ