[ARM]     [RUS]     [ENG]

ՁՅՈՒԴՈՅԻ ՄՐՑԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԶՉԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ ԱՐՑԱԽՈՒՄ

ooo.jpgՀունիսի 8-ին Ստեփանակերտի հ.5 հիմնական դպրոցի ձյուդոյի մարզադահլիճում անցկացվեց մրցավարական և մարզչական սեմինար։ Այն իրականացրեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ, օլիմպիական կարգի մրցավար Դավիթ Խիթարյանը, ով երկօրյա այցով Արցախում էր։ 
Նախքան սեմինարները՝ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահը ծանոթացել է Ստեփանակերտում գործող ձյուդոյի մարզադահլիճների պայմաններին, շփվել երեխաների և բարձրակարգ մարզիկների հետ, այնուհետև կազմակերպել դասընթացներ, որպեսզի ձյուդոյով պարապող երեխաներն ավելի բարձր արդյունքներ ցուցաբերեն։ 
Իսկ նման սեմինարի շարժառիթը ձյուդոյի միջազգային մրցավարական կանոնների  փոփոխությունն է։ Այդ պատճառով էլ ՀՀ ձյուդոյի ֆեդերացիան ծրագրել է Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում կազմակերպել սեմինարներ, որպեսզի մարզիկները քաջատեղյակ լինեն վերջին փոփոխություններին ու նորություններին, կարողանան հստակ պատկերացում կազմել թույլատրվող և չթույլատրվող հնարքներին, գնահատման չափանիշներին։ Հանդիպմանը ներկա էին Հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի ձյուդոյի բոլոր խմբերի մարզիկները, մարզիչները։ ԼՂՀ ձյուդոյի մարզիչ Իվան Ազիզբեկյանը ողջունեց հայաստանյան գործընկերների նման ծրագիրը և հույս հայտնեց, որ տեղի մարզիկները նույնպես կտեղեկանան գնահատման բոլոր չափանիշներին և արժանվույնս հանդես կգան մրցաշարերին։ iii.jpg
Դ. Խիթարյանը սեմինարի ընթացքում պրոյեկտորով ցուցադրեց 2014թ. Եվրոպայի առաջնություններից տեսանյութեր, որոնք ընտրել է եվրոպական մրցավարական հանձնաժողովը և առանձնացրել մարտերի գնահատման կասկածելի պահերը, որովհետև շատ դեպքերում մարզիկները տեղյակ չեն այս կամ այն հնարքի, դիրքի գնահատման մոտեցումներից։ Իհարկե, ամեն տեղ էլ լինում են թյուրիմացություններ, այդ իսկ պատճառով այդ նյութերը ցուցադրվեցին ձյուդոիստներին և բացատրվեց, թե այսուհետ ինչպես կգնահատվեն նման դեպքերը։ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահը նշեց, որ համաձայն ծրագրի իրենք պետք է այցելեն Հայաստանի բոլոր մարզերն, ու քանի որ Արցախի ձյուդոիստներն ունեն մարզական լավագույն ավանդույթներ ու մշտապես մասնակցում են հայաստանյան, միջազգային և աշխարհի առաջնություններին, ուստի  առաջին այցը նրանք սկսեցին հենց Արցախից։ Իրականում լուրջ փոփոխություններ են կատարվել ձյուդոյի մրցականոններում, որոնք մինչև 2016թ. Բրազիլիայի օլիմպիական խաղերը պետք է գործեն։ ՙՄեր նպատակը միջազգային կանոնների լիարժեք տիրապետումն է, որպեսզի մարզիկները մրցումների ժամանակ չիմացության պատճառով ցավալի պարտություններ չկրեն։ Կարծում եմ՝ նման սեմինարները կօգնեն ոչ միայն բարձրակարգ մարզիկներին, այլև փոքր տարիքի ձյուդոիստների համար խթան կհանդիսանան հետագայում բարձր արդյունքներ ձեռք բերելու համար՚,-ասաց Դ. Խիթարյանը։ 
ppp.jpgՀՀ և ԼՂՀ ձյուդոյի ֆեդերացիաները հաջորդ տարի նախատեսում են կազմակերպել ՙԱրցախի գավաթ՚ մրցաշարը։ Այն կլինի վարկանիշային, այսինքն՝ ինչպես հայաստանյան, միջազգային մրցաշարերում, այնպես էլ այստեղ մարզիկները կստանան վարկանիշներ, և ըստ այդմ էլ ուժեղագույնները հավասարապես կմրցեն իրենց քաշային կարգերում։ Ձյուդոիստներն ակնկալում են շահագրգիռ կազմակերպությունների, վարչական ղեկավարների և հովանավորների աջակցությունը նման նախագծի իրականացման համար, որովհետև ֆեդերացիան ֆինանսապես դժվարանում է այն կազմակերպել։ ՙԱրցախի գավաթ՚ մրցաշարին կմասնակցեն ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի բոլոր մարզերի ձյուդոիստները։ Մարզիչները կարևորում են նման մրցաշարի կազմակերպումը, որովհետև այն ոչ միայն մասսայական կդարձնի ձյուդո մարտարվեստը, կկատարելագործի մարզիկների մրցակցային փորձը, այլև մատաղ սերնդին կկրթի ռազմահայրենասիրական ոգով։ Դ. Խիթարյանը նշեց նաև, որ վերջին տարիներին թուլացել է սպորտի հանդեպ պետական քաղաքականությունը, իսկ մատաղ սերունդը հատկապես մեր տարածաշրջանում պետք է լինի ֆիզիկապես պատրաստ, կոփված։ Այդ նպատակի համար չպետք է խնայել ոչ մի միջոց։ Պետք է ստեղծել նյութատեխնիկական բազա, բարձրացնել մարզիչների աշխատավարձերը, հնարավորություն ընձեռել, որ մեր մարզիկները մասնակցեն տարբեր մրցումների, սեմինարների։ Խնդիրների հետ մեկտեղ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահը գոհունակությամբ խոսեց Արցախում  ձյուդոյի նոր մարզադահլիճների մասին, որովհետև նախկինում տեղի ձյուդոիստները պարապում էին ոչ բարվոք պայմաններում, նույնիսկ տատամի (մարզագորգ) չունեին։ Ներկայումս Հայաստանի որոշ մարզերում նույնպես շատ մարզիկներ պարապում են ոչ բարվոք պայմաններում։ Իսկ որպեսզի այդ պայմանները բարելավվեն, անհրաժեշտ են ներդրումներ, որ երեխաներն ավելի ոգևորված շարունակեն պարապել և հասնել ցանկալի արդյունքների։ 
Հանդիպման ժամանակ Դ. Խիթարյանը պարգևատրեց առաջատար մարզիկներին։ Ձյուդոյի սև գոտի առաջին դան որակավորման հավաստագրեր ստացան Սոսե Բալասանյանը, Գրիշա Սարգսյանը և Գոռ Ազիզբեկյանը։ Իսկ մարզիչ Իվան Ազիզբեկյանը երկարատև ու բեղմնավոր աշխատանքի, մարզչական ջանադիր գործունեության համար ստացավ սև գոտի երրորդ դան որակավորումը։ Ի. Ազիզբեկյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիային, պարգևատրման, ի մասնավորի՝  սեմինարի կազմակերպման համար, որովհետև յուրաքանչյուր մարզիկ պետք է իմանա իր իրավունքը, մրցավարական կանոններում հաշվարկվող միավորները, գնահատման չափանիշները, որպեսզի անհրաժեշտության դեպքում պահանջի ճիշտ գնահատական։  
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ