Logo
Print this page

ԳՅՈՒՐՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ. ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

Օրերս Ստեփանակերտի Գյուրջյանի անվան արվեստի դպրոցը հանդես եկավ մի շարք համերգներով ու ցուցահանդեսով` մայրաքաղաքի երաժշտասեր, արվեստասեր հասարակությանը ներկայացնելով տարվա ընթացքում ձեռքբերածը: Համերգները տեղի են ունեցել Մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում, իսկ ցուցահանդեսը՝ նույն պալատի ճեմասրահում:
 Համերգներին հանդես եկան դպրոցի երաժշտական և պարի բաժինների սաները: Եվ, ինչպես միշտ, հանդիսատեսի կողմից մեծ խանդավառությամբ ընդունվեցին երեխաների երգը, նվագը, պարը: 
Ցանկացած ուսումնական հաստատության համար ուսումնական տարվա ավարտը արդյունքներն ամփոփելու, արածը ներկայացնելու, ինչպես և խնդիրների շուրջ մտորելու, ստեղծված բարդ իրավիճակներից ելք գտնելու ժամանակաշրջան է: Այդ ամենի շուրջ է մեր հարցազրույցը դպրոցի տնօրեն Էվելինա ԼԱԼԱՅԱՆԻ հետ:
-Տիկին Լալայան, բավականին երկար  ժամանակ դպրոցում աշխատում էիք  որպես դաշնամուրի դասատու, բաժնի վարիչ, ուսմասվար,  ասել է թե՝  մոտիկից գիտեք խնդիրները: Իսկ վերջին երկու տարին ղեկավարում եք դպրոցը: Ի՞նչ հարցեր կարողացաք լուծել Ձեր ղեկավարած տարիների ընթացքում:
-Առաջինը կուզենայի նշել ժողգործիքների և փողային բաժինների դասարաններին  ավելացված 60 ժամերը: Առաջին քայլերից  մեկը դա էր: Նամակ գրեցի քաղաքապետին՝ խնդրանքով, որ այդքան ժամ հատկացնեն դուդուկի, քանոնի և սաքսոֆոնի դասարաններ բացելու համար, ինչպես և վոկալի դասարանում բավարարելու առաջացած պահանջարկը: Քաղաքապետն ըմբռնումով մոտեցավ խնդրին և ապահովեց այդ ժամերի ֆինանսավորումը: Ուստի ընթացիկ  ուսումնական տարում այդ դասարաններում արդեն ունենք աշակերտներ: 
Այնուհետև կարգի բերեցի դպրոցի իրավաբանական փաստաթղթերը: Այո, մի զարմացեք, յոթ տարի է, ինչ այս շենքն ենք տեղափոխվել, իսկ դպրոցն իր վկայականը չուներ: Ինձնից շատ ջանք ու ժամանակ պահանջեց անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ձեռքբերումը: Եկա այն եզրակացության, որ մեր դպրոցի նման ցանկացած հաստատության համար անհրաժեշտ է սեփական (թեկուզ 0,25 հաստիքով) իրավաբան ունենալ:  Իրավաբանի առկայությամբ տնտեսաիրավաբանական հարցերը կարելի է շատ կարճ ժամանակում ու ճիշտ լուծել: Կուզենայի հաստիքով հանդերձարար ունենայինք, որպեսզի մասնագետ-պատասխանատու աշխատող լինի և  ամբողջ մեր տարազները, կոստյումները լավ պահի, ըստ անհրաժեշտության և՜ կարի, և՜ նորոգի: Այդ դեպքում քիչ գումարով բոլոր անհրաժեշտ աշխատանքները կկարողանանք իրականացնել:
-Դիմե՞լ եք նման խնդրանքով համապատասխան ատյան:
-Դեռ ոչ, բայց այս տարի պլանավորել եմ նման քայլ ձեռնարկել: Հուսով եմ` դա էլ կստացվի:
-Իսկ ուսումնականի ընթացքում ի՞նչ խնդիրներ, ձեռքբերումներ ունեք:
-Երաժշտական բաժնի աշխատանքն է ինչ-որ չափով բարելավվել: Այն, որ մեր լավագույն աշակերտներին ուղարկում ենք մրցույթների, արդեն խոսում է ընդհանուր մակարդակի բարձրացման մասին: Անցած տարի մեկ դաշնակահար, իսկ այս տարի նաև երեք վոկալիստ ուղարկեցինք Գյումրիի  միջազգային մրցույթ-փառատոնին: Եթե նախորդ տարիներին հիմնականում պարի բաժինն էր մեծ հաջողություններ ունենում, ապա այս երկու տարում նաև անհատ կատարողներն են հաջողության հասել: Գեղարվեստական բաժինն է բավականին լավ աշխատում: Ամեն տարի ցուցահանդեսներ ենք կազմակերպում: Պետք է ասեմ, որ այստեղ ևս  կան խնդիրներ: Ցանկություն կա բացել խեցեգործության դասարան, բայց ավել դահլիճ չունենալու պատճառով դեռ չենք կարողանում:  Պետք է խնդրանքով դիմեմ համապատասխան ատյան, որ ևս մեկ դասարան մեզ հատկացնեն, թեկուզ և շենքում գործող այլ հաստատության տարածքից:
- Ի՞նչ խնդիրներ կան, որոնք դժվար  կամ անլուծելի են: Խոսքս թե՜ ուսումնական և թե՜ ընդհանուր առմամբ դպրոցին հուզող հարցերին է վերաբերում:
- Ուսումնական գործընթացին վերաբերող խնդիրներ գրեթե չունենք: Ամեն ինչ իր հունով  է ընթանում. ստուգարքներ, քննություններ, համերգներ: Անգամ մրցույթներ ենք անցկացնում մեր դպրոցի մակարդակով այս կամ այն բաժնում, նվիրված այս կամ այն նշանավոր արվեստագետին: Օրինակ, մրցույթ հայտարարեցինք վոկալիստների միջև Կոմիտասի երգերի լավագույն կատարման համար:  Մրցույթն այդ նվիրված էր Կոմիտասի ծննդյան 145-ամյակին: Այսինքն՝ ըստ խոշոր հոբելյանների, մենք այս կամ այն բաժնում կազմակերպում ենք մրցույթներ: Երեխաները մեծ ոգևորվածությամբ են մասնակցում թե՜ մրցույթներին, թե՜ համերգներին: Անշուշտ, այս բաժնում խնդիրը ժողովրդական նվագարանների, այդ դասարաններում սովորող աշակերտների սակավությունն է:  Իրավիճակն, իհարկե, պետք է աստիճանաբար փոխվի, և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Նշեմ, որ ամենալավ վիճակը տիրում է պարի բաժնում: Ամեն տարի մեծ մրցակցություն է լինում այս բաժնում, ուստի  և կարողանում ենք ընտրել լավագույններին: Ինչ վերաբերում է գեղարվեստի բաժնին, կուզենայի նաև կիրառական առարկաները ներառել ուսման մեջ: Ցավոք, ինչպես վերը նշեցի, ավել դասասենյակներ չունենք, այդ իսկ պատճառով էլ մտահղացումը դեռ չենք կարող իրականացնել: Կուզենայի անդրադառնալ դպրոցին հուզող ընդհանուր հարցերին: Յոթերորդ տարին է, ինչ Արվեստի դպրոցն այս շենքում է պարապում: Կարծես շատ լավ կառուցած, նորոգ շենք տվեցին մեզ: Բայց ցավով պետք է նշեմ, որ և՜ տանիքն է կաթում, և՜ հատակն է փտել: Մեզ հատկացված են շենքի վերջին երկու հարկերը, և տանիքի կաթոցն առաջին հերթին մեզ է վնասում: Անհրաժեշտ է գոնե տանիքը նորոգել, քանի որ երբեմն անելանելի վիճակներ են  ստեղծվում: Մենք նորոգելու հնարավորություն չունենք, ուստի խնդրում եմ պատկան մարմիններին, որոնց դիմել եմ  մեկ տարի առաջ, նկատի ունենալ այս հանգամանքը և քայլեր ձեռնարկել խնդիրը լուծելու համար: Մյուս մեծ խնդիրը գործիքներին է վերաբերում: Հնարավորություն չունենք ինքներս ձեռք բերել լավ դաշնամուր, այլ գործիքներ, հնի վրա էլ նվագելն անհնարին է: Եթե այս երկու խնդիրների լուծման մեջ պետական աջակցություն ստանանք, մյուս խնդիրները մեր ուժերով  կկարողանանք լուծել: 
 
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
 
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.