[ARM]     [RUS]     [ENG]

ՏԱՍՆԱՄՅԱ ՊԱՆԾԱԼԻ ՃԱՆԱՊԱՐՀ

LIL_8236.JPGՕրերս Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում նշվեց Արցախի պետական կամերային նվագախմբի 10-ամյա հոբելյանը. այն նշանավորվեց կամերայինի տոնական համերգով: 
Ստեփանակերտի երաժշտասերներս  լավ ենք հիշում 2004 թվականի հոկտեմբերին Երևանից ժամանած երաժիշտների կողմից տրված առաջին համերգը: Ինչպե՞ս չհիշել:
 Երկար սպասված  նորաստեղծ պետական կամերային նվագախումբն աշնան այդ օրերին  ստացավ իր  մկրտությունը. բարձրպրոֆեսիոնալ ջութակահարներ, ալտահարներ, թավջութակահարներ` մաեստրո Գևորգ Մուրադյանի ղեկավարությամբ նոր էջ բացեցին Արցախի մշակույթի պատմության մեջ:
Անմոռանալի այդ օրերից անցել է  ուղիղ տասը տարի: Նվիրյալ ու տքնաջան աշխատանքի շնորհիվ նվագախումբն ունեցավ բեղմնավոր ճանապարհ՝ հագեցած բազմաթիվ համերգներով, նախագծերով: Զարմանալի չէր, որ այդ հանդիսավոր երեկոյին  նվագախմբի անդամներն իրենց ղեկավարի հետ միասին լսեցին բազմաթիվ շնորհավորանքներ, բարեմաղթանքներ:
Զարմանալի չէր նաև, որ առաջին հերթին նվագախմբին շնորհավորեց ու նրա գործունեությանը բարձր գնահատական տվեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: ՙՈչ միայն որպես ԱԺ նախագահ  եմ շնորհավորելու եկել Արցախի պետական կամերային նվագախմբին, այլ  նաև այս տասը տարիներին որպես ամենաակտիվ հանդիսատեսներից մեկը,- ասաց  խորհրդարանի խոսնակը:¬ Մեր մշակութային, հանրային կյանքում Արցախի պետական կամերային նվագախմբի մուտքը, կարելի ասել, նշանավորվեց որպես մի նոր երևույթ: Նվագախումբը թարմ շունչ, նոր բովանդակություն բերեց մեր մայրաքաղաքի կյանքին։ Լինելով Հայ բարեգործական ընդհանուր միության՝ Արցախում իրականացվող ամենահեղինակավոր նախագծերից մեկը, Արցախի պետական կամերային նվագախումբն իր շարքերում ունի ծննդով արցախցի երաժիշտների մի աստղաբույլ, որոնք  այսօր կազմում են խմբի անբաժանելի մասը՚: Իսկ երկրորդ կարևոր հանգամանքն այն է, ասաց Ա. Ղուլյանը, որ տարբեր համերգային ծրագրերով նվագախումբը հասցրել է հանդես գալ աշխարհի մի շարք քաղաքներում, դրանով իսկ հանդիսանալով որպես յուրատեսակ մշակութային կամուրջ, որ Արցախը կապում է աշխարհի հետ: Եզրափակելով իր խոսքը, ԱԺ նախագահը  նվագախմբի ղեկավարին հանձնեց  Ղարաբաղյան ազգային¬ազատագրական պայքարի 25-ամյակին նվիրված հուշամեդալ:
Շնորհակալագրեր հանձնվեցին  Ամենայն Հայոց կաթողիկոս, Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին Բ-ի, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ,  Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից, ուղերձները կարդաց տեր քահանա Էմանուել Վարդանյանը: Շնորհավորագրեր էին  ուղարկել Հայաստանի մշակույթի գործիչներն  ու կոլեկտիվներ. Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբը (կոլեկտիվ, որտեղ Գևորգ Մուրադյանը 1990-ականների մութ ու դաժան տարիներին աշխատել է՝ նվիրաբերելով ամբողջությամբ իր հոգին ու եռանդը), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Հայաստանի երաժշտական ընկերությունը, առանձին գործիչներ, որոնց անունից հանդես եկավ կոնսերվատորիայի դասախոս, պրոֆեսոր Է. Սադոյանը:
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանն իր ելույթում նշեց, որ Արցախի մշակութային կյանքն այլևս անհնար է պատկերացնել առանց պետական կամերային նվագախմբի, թեկուզ և, հավելեց նա, դա բնական է թվում այսօր, Արցախի ներկայիս իրողությունների ու զարգացման միտումների  լույսի տակ: ՙԻսկ Եթե փորձենք 10 տարի հետ դառնալ, ապա կտեսնենք մեկ այլ իրողություն,- դժվարին այն տարիները  վերհիշեց նախարարը:- Հետպատերազմյան Արցախ, որտեղ կային բազմաթիվ չլուծված ռազմավարական խնդիրներ: Դրանց կողքին շատ դժվար էր նկատել Արցախում դասական երաժշտարվեստի զարգացման անհրաժեշտությունը, առավել ևս, պետական կամերային նվագախմբի ստեղծման անհրաժեշտությունը: Այդ իսկ պատճառով ուզում եմ օգտագործել հոբելյանական երեկոյի առիթը և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մտահղացան և իրականացրին այդ որոշումը՚: Ն. Աղաբալյանը մեծ նշանակություն տվեց ԼՂՀ¬ի և ՀԲԸՄ¬ի  համագործակցությանը Արցախի պետական կամերային նվագախմբի ստեղծման հարցում: Դա ևս մեկ անգամ հաստատեց,  որ մեր ջանքերն ուղղված են ոչ միայն Արցախում օրախնդիր հարցերի լուծմանը, այլև Արցախի ապագային՝ մեր երկրում կիրթ ու հոգևոր սննդով հարուստ, գեղագիտորեն զարգացած նոր սերնդի դաստիարակմանը: 
Համաձայնվենք նախարարի հետ՝ անշուշտ, գործն այս պահանջեց նվիրյալներ, և այդ նվիրյալների առաջին շարքում էր Գևորգ Մուրադյանը: ՙՆա ուներ բազմաթիվ տարիների փորձառություն և ընտրության լայն հնարավորություն, սակայն ընդունեց իր համար ոչ դյուրին, բայց մեզ համար շատ կարևոր որոշում. եկավ Արցախ և ստանձնեց այս դժվար իրագործելի պարտականությունը՚,- խորին երախտագիտությամբ ասաց Ն. Աղաբալյանը: Նախարարությունը, հավաստիացրեց նա, բարձր է գնահատում թե նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Գևորգ Մուրադյանի և թե նվագախմբի առաջին ու այժմյան երաժիշտների նվիրյալ ու ջանասեր աշխատանքը, այս տասը տարիների ընթացքում ձեռքբերածն ու Արցախի մշակութի կայացման ու զարգացման գործում ունեցած ներդրումը: Եվ ի նշան այդ գնահատման, նախարարն անձամբ նվերներ  հանձնեց  մաեստրո Մուրադյանին ու կոլեկտիվին:
Բնական է, որ այսքան ջերմ խոսքերից ու բարձր գնահատականից մաեստրոն շատ հուզված էր, անչափ երախտապարտ՝ իր աշխատանքն ըստ արժանվույն գնահատելու համար: Թե ինչ զգացմունքներ նա ապրեց այդ օրը և ինչ մտքեր ունի հարազատ դարձած կոլեկտիվի ապագա գործունեության վերաբերյալ, մենք կպատմենք նվագախմբի հոբելյանին նվիրված մեր հաջորդ անդրադարձում։  Սակայն նրա ելույթի ավարտին արտահայտած ամենագլխավոր միտքը ուզում ենք հիշատակել որպես այս տասը տարիների ընթացքում նվագախմբի անցած պանծալի ճանապարհի և հաջորդ տասնամյակի անելիքի լավագույն արտացոլում: ՙՆախորդ տասը տարիներին  աշխատեցինք Արցախի կամերային նվագախմբի կայացման ու զարգացման համար, իսկ հաջորդ տասը տարիները, Աստծո կամոք, կնվիրաբերենք Արցախի սիմֆոնիկ նվագախմբի կայացմանն ու զարգացմանը՚,- ասաց մաեստրո Մուրադյյանը՝ համոզված լինելով, որ իր ու արցախցի երաժշտասեր հասարակության նաև այս երազանքն անպայման իրողություն կդառնա։
Նշենք, որ տոնական համերգի ծրագիրն ընդգրկում էր ինչպես հայ, այնպես էլ  համաշխարհային հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Հնչեցին Կոմիտասի, Է. Միրզոյանի, Ռ. Ալթունյանի, Է. Հովհաննիսյանի, Ս. Իռադյեի, Խ. Ռոդրիգեսի, Ա. Պիացոլայի, Ա. Բաբաջանյանի հայտնի գործերը, ինչպես և երիտասարդ կոմպոզիտոր, նվագախմբի տնօրեն Ս. Սարգսյանի ՙՀայրենիք՚ ստեղծագործությունը։
Հանդիսատեսի շատ ջերմ ընդունելությամբ նվագախումբը տոնեց իր հոբելյանը՝ ինչպես միշտ դահլիճին պարգևելով  հաճելի երեկո։
 
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ